Սանդուն խորհրդակցություններ է սկսել ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության հանրաքվեի շուրջ
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն առաջին խորհրդակցությունն է անցկացրել փորձագետների հետ՝ քննարկելու ԵՄ-ին հանրապետության անդամակցության շուրջ հանրաքվեն: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի»-ի հրապարակումից։
«Նախագահ Մայա Սանդուն հանդիպել է մի խումբ լրագրողների, քաղաքացիական հասարակության փորձագետների և հասարակական կարծիքի առաջնորդների հետ, որոնք ընդունել են Եվրամիությանը Մոլդովայի անդամակցության հանրաքվեն քննարկելու հրավերը: Հանդիպումն առաջինը դարձավ խորհրդակցությունների շարքից», – ասվում է նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրության մեջ։
Սանդուն պարզաբանել է, որ նախաձեռնել է հանրաքվեն, որպեսզի քաղաքացիներն իրենց կամքն արտահայտեն երկրի ապագայի վերաբերյալ։ Նախագահը մտադիր է նմանատիպ խորհրդակցություններ անցկացնել տեղական համայնքների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կարծիքի առաջնորդների, լրագրողների, տնտեսության և սոցիալ-մշակութային կյանքի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների հետ:
Դեկտեմբերի 24-ին Սանդուն հայտարարել էր, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ նախագահական ժամկետի համար։ Բացի այդ, նա խորհրդարանին առաջարկել է հանրաքվե կազմակերպել, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց կարծիքը հայտնել հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։ Անցած տարվա վերջին խորհրդարանի անդամները կողմ են քվեարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններին, որոնք ենթադրում են, որ Մոլդովայում հանրապետական հանրաքվեն կարող է անցկացվել խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների օրը։