Չինաստանն Իրանին կոչ է արել զսպել հութիների հարձակումները Կարմիր ծովում․ Reuters
Չինաստանի իշխանություններն իրենց իրանցի գործընկերներին խնդրել են զսպել Կարմիր ծովում հութի ապստամբների կողմից առևտրային նավերի վրա հարձակումները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իրանցի 4 աղբյուրների։
Ըստ աղբյուրների՝ Չինաստանն ասել է, որ եթե իրենց շահերին որևէ կերպ վնաս հասցվի, ապա «դա կանդրադառնա Թեհրանի հետ գործարար հարաբերությունների վրա»։
«Այնպես որ, հութիներին ասե՛ք զսպվածություն ցուցաբերել», – ասել են աղբյուրները։
Կողմերի միջև տվյալ թեմայի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել վերջին հանդիպումների ժամանակ։ Աղբյուրները հրաժարվել են հստակ մանրամասներ հաղորդել դրանց ժամկետների և մասնակիցների վերաբերյալ։
Հութիները հայտնել են, որ թիրախավորում են Կարմիր ծովով անցնող նավերը՝ ի աջակցություն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիների, որոնք մեծապես տուժում են Իսրայելի ռազմական գործողություններից։ Հութիների հարձակումների պատճառով ավելացել են ապրանքափոխադրման ծախսերը, քանի որ մի շարք խոշոր նավագնացային ընկերություններ ստիպված են եղել փոխել երթուղին և ավելի երկար ճանապարհով իրականացնել Ասիայի և Եվրոպայի միջև առևտուրը։
Ըստ իրանցի աղբյուրների՝ Պեկինը հստակ ասել է, որ շատ հիասթափված կլինի Թեհրանից, եթե հարվածի տակ հայտնվեն Չինաստանի հետ կապված նավերը։
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերի կողմից այս ամիս Եմենում հութիների դեմ իրականացված մի քանի հարձակումները չեն կարողացել վերջ դնել Կարմիր ծովում խմբավորման հարձակումներին։
Պաղեստինի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում ավելի քան 25 700 մարդ է զոհվել։ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով պատերազմ է սկսել հոկտեմբերի 7-ից, երբ շարժման զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու և գերեվարելով 240-ին։