Բաժիններ՝

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18 և 19-ին հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան, նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։

Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում հանդես գալու հետաքրքրությունն ու ցանկությունը շատ մեծ էր, դա էր պատճառը, որ նախապես ծրագրած մեկ ներկայացման փոխարեն կլինի երկուսը։

«Թեև բավական բարդ է այս ներկայացման դեկորացիան տեղափոխել, բայց հանդիսատեսի պահանջը շատ մեծ էր այս ներկայացումը Երևանում տեսնելու, ու մենք որոշեցինք այդ դժվարությունները հաղթահարել։ Վստահ եմ, որ «Ինկած բերդի իշխանուհին» մեծ հաջողություն կունենա մայրաքաղաքում»,-նշեց Լյուդվիգ Հարությունյանը։

Ներկայացումը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Բեմում թատրոնի արհեստավարժ դերասանների կողքին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողներն են։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս