Կալաձեն չի գնի «Դինամո» ֆուտբոլային ակումբը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մտադրություն չունի գնելու Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը։ Իր իսկ պարզաբանմամբ` ակումբը գնելու համար գումար չունի: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այն տեղեկությունը, թե Կալաձեն կարող է գնել Թբիլիսիի ամենահին ֆուտբոլային ակումբը, հայտնել է Formula հեռուստաալիքը։
«Բանակցային փուլ չի եղել։ Ես ակումբը գնելու ֆինանսական հնարավորություն չունեմ»,- ասել է Կալաձեն ակումբը գնելու հարցին ի պատասխան։
Թբիլիսիի «Դինամո»-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է` գրեթե 100 տարվա պատմությամբ։ 2021 թվականի դրությամբ, ակումբի ակտիվները կազմել են 13,9 մլն լարի, ֆինանսական պարտավորությունները՝ 16,5 մլն լարի։
Ակումբը վերջին 12 տարիներին պատկանում էր գործարար Ռոման Փիփիային։ Վերջինս անցյալ տարի փորձեց վաճառել ակումբը՝ պատճառաբանելով, որ բավարար ռեսուրսներ չունի։
Փիփիան Թբիլիսիի «Դինամո»-ի նախագահ է դարձել 2011 թվականին։ Իր բիզնես գործունեությունը նա սկսել է Ռուսաստանում 90-ականներին։ Ռուսական ԶԼՄ-ներում նա հայտնի է «Սարատովի օլիգարխ» բնորոշմամբ։ 2009 թվականին Ռուսաստանի Դաշնությունում Փիփիայի դեմ քրեական գործ է հարուցվել խոշոր գողության համար։ Դրանից հետո նա սկսեց մի շարք ներդրումներ կատարել Վրաստանում։