Բաքվի հռետորաբանությունը մարտահրավեր է ՀՀ ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղությանը. Միրզոյան
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հունվարի 19-ին, Զագրեբում, իր և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։ Ես իմ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշվեց, ավելի վաղ հնարավորություն ունեցել ենք քննարկելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, մարտահրավերների հաղթահարմանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված ջանքերը:
Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին»,- ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նշել է Միրզոյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: «Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա: Մենք նաև վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, և մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը և հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։
Ավելին, խաղաղության և փոխկապակցվածության այս գաղափարն առաջ մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը, ինչպես ասացի, ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը»,- հավելել է ՀՀ ԱԳ նախարարը։