Հայաստանն ունեցել է ֆիքսված սահման՝ խորհրդային քարտեզներով 31.000 քկմ տարածք. Ռուբեն Գալչյանը հակադարձում է Փաշինյանին
Հունվարի 17-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ՀՀ անկախության գոյության ողջ ընթացքում ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չի ֆիքսվել և լղոզվել է, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է»։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը հակադարձեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով՝ Հայաստանն ունեցել է իր ֆիքսված սահմանները, խորհրդային քարտեզներով 31.000 քկմ տարածք է ունեցել։
«Կարիք չկա, որ ես ասեմ, անկախությունից հետո Ալմա Աթայի համաձայնագրով որոշվել է, որ այն ժամանակվա ադմինիստրատիվ սահմաններն ինչ-որ կա, դրանք դառնան միջազգային սահմաններ։ Դրանով Հայաստանն ունի 29.800 քկմ տարածք։ Ես դեմ եմ դրան, որ սահմանազատումը տեղի ունենա 1975-1991 թվականների քարտեզներով, փոխարենը՝ Հայաստանը պիտի գնա 1925-1926 թվականների քարտեզներով սահմանազատման, երբ Հայաստանի տարածքը 31.000 քկմ էր»,- նշեց Ռուբեն Գալչյանը։
Նրա խոսքով՝ այսօր ՀՀ սահմանները խեղաթյուրվում են, քանի որ Ադրբեջանը մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, որի արդյունքում տարածքը նվազել է։
«Մենք Հայաստանի անկախությունից հետո որևէ կորուստ չենք ունեցել, ինչպես կար Խորհրդային Միության ժամանակ, այնպես մնացել էր։ Գուցե որոշակի փոփոխություններ եղել են, բայց ինքս տեղյակ չեմ, որ անկախությունից հետո ՀՀ սահմանները փոխված լինեն։
Պաշտոնապես հրատարակված քարտեզ կա՝ 1926 թվականի, որի ներքևում նշված է, որ այն հրատարակվել է ներքին անվտանգության ծառայության պատվերով։ Այդ քարտեզը պետք է հիմք լինի, որպեսզի կարողանանք պահել Հայաստանի 31 հազար քկմ տարածքը»,- շեշտեց Ռուբեն Գալչյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ թեև հայկական կողմն այսօր նշում է, որ ՀՀ տարածքը 29.800 քկմ է, բայց այսօր այդ տարածքն ամբողջությամբ չկա, քանի որ մոտ 200 քկմ տարածք Ադրբեջանի օկուպացիայի տակ է։
«Այն տարածքները, որոնք 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական կողմն օկուպացրել է, այդ տարածքները նա ցանկանում է պահել իրեն և ստանալ ավելին. սա է նրա ցանկությունը»,- եզրափակեց Ռուբեն Գալչյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է որոշվի Ալմա Աթայի հռչակագրով, որին փորձագետները դեմ են, հայտարարելով, որ հռչակագիրն ընդունվել է վերապահումներով։
Նախորդ տարի ամռանը, Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով հարցի մասին՝ասել էր.
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, և դա հաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպումների արդյունքներով, որտեղ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել է՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ու սահմանագծման հիմք։ Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկող դրույթով տեղ թողնելու դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման ու սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին»։
Մինչև օրս Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, մինչդեռ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբոջականությունը՝ ներառյալ Արցախի Հանրապետությունը»։