Սպասում եմ, որ Ադրբեջանը վերահաստատի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը շարունակում է մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում, Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանը կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

«ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում կայացրեց այն բանից հետո, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարեց իր կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռներ տեղափոխելու անհնարինության մասին, քանի որ Ադրբեջանն ապօրինաբար խոչընդոտում է նաև այդ ջանքերին։ Ադրբեջանը համառորեն շարունակում է պնդել, թե Լաչինի միջանցքի փակման պատճառներից մեկը հունիսի 15-ին, ինչպես ինքն է ձևակերպում՝ հայկական կողմի ռազմական սադրանքն է։ Հիշեցնեմ, որ այդ օրն Ադրբեջանը փորձել էր դրոշ տեղադրել Հակարիի կամրջի եզրին ՀՀ տարածքում՝ արժանանալով Հայաստանի սահմանապահ զորքերի օրինական հակազդեցությանը։  Հենց Ադրբեջանի վերը նշված գործողությունն է սադրանքը, առավել ևս, այն պայմաններում, երբ երկու երկրների միջև սահմանազատման ու սահմանագծման միջև աշխատանքները դեռ մեկնարկի փուլում են։ Տարբեր տեղերում ինքնակամ և հաճախ ուժի գործադրմամբ դրոշներ դնելու Ադրբեջանի գործելակերպը սահմանազատման և ընդհանրապես խաղաղ գործընթացը վիժեցնելու գործողության է նման»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ սա երևացել է նաև Ադրբեջանի նախագահի՝ «Euronews»-ին տված հարցազրույցում, երբ նա հայտարարեց, թե իբր Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, Ադրբեջանի նախագահն ասում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, և դա հաստատվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպումների արդյունքներով, որտեղ Ալմա Աթայի հռչակագիրն ընդունվել է՝ որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման ու սահմանագծման հիմք։ Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկող դրույթով տեղ թողնելու դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանազատման ու սահմանագծման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Նա ևս մեկ անգամ ընդգծեց հավատարմությունը Հայաստանի ու Ադրբեջանի, համապատասխանաբար, 29.800 և 86.600 քկմ տարածքային ամբողջականության հիման վրա երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը։

«Սպասում ենք Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս