Փաշինյանը Հայաստանը լցնում է քաղբանտարկյալներով, իսկ Ալիևի ասածներին չի արձագանքում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ՀՀ իշխանությունից որևէ ակնկալիք չունի, որ կարող են Ալիևի սպառնալից հայտարարություններին պատասխանել։
«Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունն այդքան համարձակություն ունի, որ մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրներին պատշաճ ձևով արձագանքի, այս թեման երկար ժամանակ քննարկվում է։
Եթե նկատել եք, իշխանությունն ամենադաժան, ամենաանբարոյական միջոցները գործադրում է, երբ թեման վերաբերում է ներքաղաքական իրադարձություններին, հատկապես իշխանության պահպանման հարցերին։ Որպես դրա հետևանք, Հայաստանում մեծ թվով քաղբանտարկյալներ կան՝ սկսած Արմեն Աշոտյանից, որն իր քաղաքական բառապաշարի և ընդդիմախոսության պատճառով այսօր ճաղերի հետևում է, վերջացրած Մամիկոն Ասլանյանով, Նարեկ Մալյանով, արցախցիներով, որոնց անուններն այսօր հասարակությունը չգիտի, բայց նրանք գտնվում են ճաղերի հետևում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս պետք է պատշաճ պատասխան տար Ալիևի վերջին հայտարարություններին։
Պատգամավորի բնորոշմամբ՝ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ՀՀ իշխանության պահվածքը կարելի է որակել՝ որպես ստորաքարշության դրսևորումներ։ Ադրբեջանի ղեկավարը տարիներ շարունակ, մասնավորապես 2020 թվականից հետո, փորձում է ամենավերջին վիրավորական արտահայտություններով խոսել ոչ միայն իշխանության տարբեր դեմքերի, այլև հայ ժողովրդի մասին։
«Այդ ամենին իշխանության կողմից այս տարիներին չեմ տեսել որևէ ադեկվատ գնահատական կամ պահվածք»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում