Բաժիններ՝

Չարն ինչի՞ց է փախչում

Մի մարդ կապվեց դևերի հետ: Նրանք ասացին. «Ուզո՞ւմ ես տեսնել, թե ինչպես ենք տհաճություններ պատճառում մարդկանց»: Դա հետաքրքրեց մարդուն և նա համաձայնեց: Վերցրին նրան ու թռան:

Նախ մի հարսանիքի գնացին: Մեկ՝ ափսեն են շրջում, մեկ՝ ոտք են գցում անցնողին, մի այլ տեղ վեճ են առաջացնում, մի խոսքով՝ ողջ հարսանիքը փչացրին: «Հասկացա՞ր, թե ինչպես է պետք տհաճություններ պատճառել»,- հարցնում են դևերը մարդուն: Նա գլխով է անում՝ հասկացա: «Ուրեմն, թռա՜նք»,- գոչում են դևերը:

Կրկին վերցնում են մարդուն և գնում թաղման արարողության: Մեկ՝ փոշի են լցնում մարդկանց աչքերը, մեկ՝ ծիծաղ են առաջացնում, մեկ՝ դրդում են դատարկախոսության, մեկ՝ հանգուցյալի մասին չարախոսելու: «Սա էլ է հասկանալի»,- ասում է մարդը: Կրկին վերցնում են նրան դևերն ու շարունակում թռչել:

Ներքևում մի տնակ է տեսնում մարդը: Պատուհանը բաց է, որտեղից սենյակը երևում է: Այնտեղ շատ լավ ու հարմարավետ է: Իսկ դևերը սուրում են դրա մոտով ու կանգ չեն առնում: Մարդը հետաքրքրվում է. «Իսկ ինչո՞ւ ներս չեք մտնում՝ տհաճություններ անելու»:

Կարդացեք նաև

«Մենք այնտեղ չենք կարող հայտնվել»,- պատասխանում են դևերը: «Ինչո՞ւ»,- հարցնում է մարդը: «Որովհետև այս տանը հավատացյալ ընտանիք է բնակվում, վախենում ենք նրանցից: Ավելի լավ է ուրիշ տեղ թռչենք»,- գոչում են դևերը:

«Այ հիմա ամեն ինչ հասկացա,- բացականչում է մարդը:- Այլևս ինձ չեք խաբի»: Հենց սա ասում է, դևերը նրան բաց են թողնում ու նա ցած է ընկնում: Այդպես տնակի պատուհանի տակ պառկած տնքում է: Ամուսինն ու կինը լսում են, որ մարդ է հառաչում իրենց պատուհանի տակ, դուրս են վազում, բարձրացնում նրան ու հարցնում. «Ի՞նչ է պատահել: Ինչո՞վ կարող ենք օգնել: Ինչպե՞ս եք Ձեզ զգում»: «Ամեն բան կարգին է,- պատասխանում է մարդը:- Սայթաքեցի, ընկա, որովհետև վազել եմ սովորում… Չար գործերից…»

Եթե հոժարակամորեն չհամաձայնես չարի հետ, այն երբեք քեզ չի տիրապետի:

Բարի հոգուց չարը միշտ փախչում է, իսկ չար հոգուն ինքն է կպչում:

Հայր Սիմեոն Աթոսացի

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս