«Ապագան, որը մեզ խոստացել են, եկել է և շարունակելու է քայլել մեր վրայով». Արմինե Ադիբեկյան
34 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հերթական ոճրագործությունը կատարվեց. 1988թ. փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում սկսվեցին հայության հետապնդումները, ապա 1990 թ. hունվարի 13-19-ը՝ իրականացվեցին զանգվածային ջարդեր: 1990 թ. հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ:
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը 168.am–ի հետ զրույցում անցյալի այս ոճրագործությանն անդրադարձավ ներկա իրողությունների համատեքստում՝ արձանագրելով՝ Բաքվի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել և չի էլ փոխվելու:
«Բաքուն ինչպես իրեն հայատյաց դրսևորել է, այնպես էլ շարունակում է դրսևորել: Հաշվի առնելով այն, որ Բաքուն ու Անկարան արդեն Հայաստանում բիզնեսներ են գնում, օրակարգ են առաջ բերում, որ պետք է ադրբեջանցիները գան-բնակվեն Հայաստանում, շուտով այդ ջարդերը տեղի են ունենալու Հայաստանում: Ապագան, որը մեզ խոստացել են, եկել է և շարունակելու է քայլել մեր դիակների վրայով»,- հավելեց ադրբեջանագետը:
Ադրբեջանագետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է անում այսօր մեր պետությունը՝ ընդդեմ ցեղասպանություններն ու ջարդերը ժխտող թուրք-ադրբեջանական պետական քարոզչամեքենայի:
Հիշեցնենք՝ նախկին իշխանությունների տարիներին բազմաթիվ նախագծեր ու նախաձեռնություններ էին իրականացվում այս ուղղությամբ, իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից իրականացվող՝ 1987-1992թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» նախագիծը լուրջ վավերագրություն էր այս առումով:
«Ես տեղեկություն ունեմ, որ այդ գիծը չի տարվում, որովհետև եթե տանեին, գոնե մի հոդված, նախագիծ, ֆիլմ կտեսնեինք. ոչ մի նման բան չի արվում: Մարդիկ նստած, ոչ մի բան չանելով՝ աշխատավարձ են ստանում, և անունը դրել են, թե մենք հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոն ենք: