Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել Արցախում գրավված ՀԷԿ-երի օգտագործումը. Հայաստանը պետք է տիրապետի թվերին և բերի հակափաստարկներ. Արա Մարջանյան

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ հունվարի 12-ին Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում տեղի է ունեցել դատավարական լսում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի նախաձեռնած միջպետական ​​արբիտրաժային հայցի շրջանակում։

Ադրբեջանը դեռևս նախորդ տարի ​​արբիտրաժային գործընթաց էր սկսել Հայաստանի դեմ։ Ըստ այդմ, ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրած արբիտրաժային ծանուցմամբ պահանջում է ֆինանսական փոխհատուցում «1991-2020 թվականներին, էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար»։

Այս առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել, նշելով, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի (Energy Charter Treaty-ECT) համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում:
«Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին»,- նշված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

168.am-ի հետ զրույցում էներգետիկ անվտանգության հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը խոսելով Ադրբեջանի սկսած գործընթացի մասին, նախ ասաց, որ վերջին 10 տարիների ընթացքում Արցախում աննախադեպ զարգացավ փոքր հիդրոէներգետիկան և վերականգնվող էներգետիկայի այլ աղբյուրներ, որի հիմքում ընկած էր շատ խելացի մշակված քաղաքականություն՝ ինվեստիցիոն և տարիֆային։

Կարդացեք նաև

«Արցախը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ ինքնաբավ երկիր էլեկտրաէներգիայի արտադրման տեսանկյունից և որոշակի սեզոնների նույնիսկ էլեկտրաէներգիա էր առաքում Հայաստան։ Պատերազմների արդյունքում Ադրբեջանին հաջողվեց գրավել Արցախում վերջին տասնամյակում կառուցված փոքր ՀԷԿ-երի զգալի մասը։ Այս գործընթացը պետք է դիտարկել պատերազմի ընթացքում գրավված փոքր ՀԷԿ-երի փաստի օրինականացում: Ապա դրանք ներկայացնում է միջազգային ատյաններում, որպեզի որոշակի լեգիտիմություն ունենա այդ ՀԷԿ-երի տիրապետման համար»,- նշեց Արա Մարջանյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ պետք է անհապաղ գնահատել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ՀԷԿ-երի արժեքը՝ սկսած նախագծման, նախապատրաստման աշխատանքներից, վերջացրած բուն շինարարությունով։

«Հայաստանն այդ թվերին պետք է տիրապետի, և եթե գործը հասնի արբիտրաժային և ֆինանսական որոշակի մեղադրանքների, ապա կարողանա նաև իր հակափաստարկները բերել։ Էլ չեմ ասում, որ Հայաստանը պետք է տիրապետի Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանի մոտ կես դարից ավելի գտնվող Ղարաբաղի կորուստները, տալ դրանց թվային արժեքը, տիրապետել այդ թվերին, պահել ու կիրառել այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը ծագի»,- հավելեց փորձագետը։

Նա նաև հիշեցրեց, որ Համաշխարհային բանկի գնահատականներով միայն տրանսպորտային շրջափակումից ուղղակի վնասները կազմում էին մոտավորապես 1 մլրդ դոլար՝ տարեկան։ Իսկ Հայաստանի տրանսպորտային շրջափակումը սկսվել է 1993 թվականին։

«Սա ուղիղ վնասներն են, իսկ տրանսպորտային շրջափակումներն ունեն երկարաժամկետ էֆեկտ, որոնք սովորաբար 10-15 անգամ ավելի են, քան ուղիղ վնասները։ Այստեղ այդ թվերին պետք է տիրապետել, հանրայնացնել ու միջազգայնացնել։

Այդուհանդերձ, սկսած այս գործընթացում, կարծում եմ՝ Ադրբեջանը կիրառական առումով ոչնչի չի հասնի։ Նա կարող է որոշակի ձեռքբերումներ ունենալ նոր ագրեսիայի դեպքում, բայց, ըստ իս, այս պահին դրա հավանականությունը փոքր է»,- եզրափակեց Արա Մարջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս