Հայաստանը կարող էր կանխել Արցախի ցեղասպանությունը՝ առաջին հերթին նշաձողը չիջեցնելով. Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովուրդը ցեղասպանվել է։ Մեզ մոտ ընկալում կա, որ ցեղասպանությունն ամբողջական արյունահեղությունն է և ֆիզիկական ոչնչացումը, բայց իրականում, ըստ Ցեղասպանության կոնվենցիայի՝ նաև մասնակի ոչնչացումը կամ ոչնչացման նպատակ ունեցող գործողությունները նույնպես ցեղասպանություն են։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ խոսելով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքով արցախահայության բռնի տեղահանության մասին։
Նրա բնորոշմամբ՝ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ից հետո, երբ բնակչությունը հարկադրաբար ամբողջությամբ տեղահանվեց, դա արդեն ինքնին ցեղասպանություն էր և համապատասխանում էր Ցեղասպանության կոնվենցիայի 2-րդ հոդվածի B, C կետերին։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ամբողջական օկուպացիայի պատճառները, Արտակ Բեգլարյանի բնորոշմամբ՝ մի քանի գործոնի կոմպլեքս են՝ տեղական, տարածաշրջանային և գլոբալ։
Տարածաշրջանային ու գլոբալ գործոններն Արտակ Բեգլարյանը համարում է անկախ, տվյալ պարագայում պետք է քննարկվեն կախյալ կամ սուբյեկտիվ գործոնները։ Եվ այստեղ ամենակարևոր ու ազդեցիկ գործոնը եղել է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և գործողությունները փուլ առ փուլ՝ Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած քաղաքական պատասխանատվությունից հրաժարվելը։
«Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունն այլևս չի ցանկացել Արցախի ժողովրդի շահերի, իրավունքների պաշտպանության մասով, բնականաբար, առաջնահերթ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասով, որևէ գործողություն կատարել։
Իհարկե, այս պահվածքն ազդակ եղել է միջազգային հանրությանը։ 1990-ականներից ի վեր Հայաստանը միջազգային հանրության կողմից ընդունվել է՝ որպես հակամարտության կողմ՝ ուզենք, թե չուզենք։ Հայաստանն է եղել հիմնական բանակցող կողմն Ադրբեջանի հետ, հետևաբար՝ Հայաստանի դիրքորոշումները և գործողությունները հիմք են եղել միջազգային հանրության, հատկապես՝ միջնորդների գործողությունների և դիրքորոշումների համար։ Երբ Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որոշեց իջեցնել նշաձողը, բնականաբար, առնվազն նույն չափով միջազգային գործընկերներն իջեցրել են նշաձողը։ Եթե Հայաստանը պնդեր ինքնորոշման իրավունքի վրա այս կետում, բնականաբար, միջնորդները ստիպված էին դա հաշվի առնել, ինչը եղել է տարիներ շարունակ, փաստաթղթավորվել է, ինչ-որ ձևով ամրագրվել է։ Արդյունքում՝ ունեցանք նշաձողի փուլ առ փուլ իջեցում, այդ թվում՝ բաց տեքստով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը։ Սրանք ազդակներ են եղել միջազգային հանրությանը և Արևմուտքին, Ռուսաստանին՝ օբյեկտիվորեն և սուբյեկտիվորեն օգտագործել որպես պատրվակ՝ իրենց պարտավորությունները չկատարելու համար»,- շեշտեց Արտակ Բեգլարյանը։
Նա փոխանցեց, որ իր տեղեկություններով՝ Արցախի հարցով բանակցությունների առնչությամբ Նիկոլ Փաշինյանը կապը պահել է միայն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
«Նախագահ Արայիկ Հարությունյանը պարբերաբար, կամ զանգով, կամ այցերով տեղեկանում էր, հետո արդեն Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացնում էր այն, ինչ Նիկոլ Փաշինյանը նրան ասել էր։ Իհարկե, չեմ կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանը որքանով է ամբողջ մանրամասները ներկայացրել, հետո Հարությունյանը որքանով է բոլոր մանրամասները ներկայացրել, բայց ընդհանուր առմամբ, պարբերաբար մենք նախագահից ստանում էինք որոշակի տեղեկություններ։ Իմ հիշելով՝ Պրահայի հանդիպումից առաջ նմանատիպ տեղեկություն մենք ԱԽ նիստում չենք ստացել։ Սակայն ընդհանուր միտումը, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կար, սակայն ոչ Արցախը ներառյալ։ Այս մասով գոնե ես չեմ հիշում, որ որևէ տեղեկություն ստացած լինենք, որ ՀՀ իշխանությունը պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»,- նշեց Արտակ Բեգլարյանը։
Նա ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախի հարց գոյություն չի ունեցել 1996 թվականից սկսած, բնորոշեց՝ որպես ընդգծված մանիպուլյացիա։ Դրանով ցույց են տալիս, թե իբր Արցախի հարցը, միևնույն է, արդեն վաղուց լուծված էր, իրենք ուղղակի ժառանգել են 90-ականներից կամ 2000-ականներից, այսինքն, իբր այն, ինչ իրենց փոխանցել են ՀՀ նախկին բոլոր իշխանությունները։
«Նիկոլ Փաշինյանը չի նշում, որ Մադրիդյան սկզբունքներում, որոնք հրապարակվել են հետագայում, շատ հստակ նշված է, որ պարտադիր կամարտահայտությամբ պետք է որոշվի Արցախի հետագա կարգավիճակը, որի ժամանակ դրվող հարցերը որևէ սահմանափակում չեն կարող ունենալ։ Այսինքն՝ միանշանակ է, որ միջազգային հանրությունը, նույնիսկ Ադրբեջանն ընդունել է, որ այդ հանրաքվեի հարցերը կարող են պարունակել բոլոր հնարավոր հարցերը՝ և՛ անկախություն, և՛ Հայաստանին միանալ, և՛ Ադրբեջանին միանալ, և այլն։
Հետևաբար՝ Արցախի էջը փակված չէր, իհարկե, մենք 2020 թվականից հետո ավելի խոցելի վիճակում էինք, բայց նույնիսկ դրանից հետո ինքնորոշման իրավունքի մասին խոսք է եղել միջազգային դերակատարների կողմից։ 2020 թվականի դեկտեմբերին եղավ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը։ Իսկ 2021 թվականին եղավ համանախագահող երկրների, ինչպես նաև համանախագահների համատեղ հայտարարությունը, այդ երկու հայտարարություններում էլ շատ հստակ նշված է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա։ Այս տեսանկյունից ես նման մանիպուլյացիաներն ընդունելի չեմ համարում։ Եթե սխալը կա, դրա մասին պետք է խոսել ու շտկել այն, այլ ոչ թե անընդհատ նույն մանիպուլյացիան անել և սխալը, բացթողումը գցել բոլորի գրպանը և չընդունել սեփական պատասխանատվությունը, որի արդյունքում մենք կրկին կորուստներ ենք ունենում»,- հավելեց Արցախի նախկին պետնախարարը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն այնպես պետք է աներ, որ բանը չհասներ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններին, փոխարենը՝ պետք է կանխեր Արցախի շրջափակումը կամ շրջափակման հետագա վատթարացումը։ Այս ամենի հնարավորությունները Հայաստանն ուներ, առաջին հերթին՝ նշաձողը չիջեցնելով։
«Այո, Հայաստանը կարող էր նշել, որ Ադրբեջանի հանդեպ որևէ տարածքային պահանջ չունի, որովհետև ինքնորոշման իրավունքը ենթադրում է, որ խնդիրը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի տիրույթում է, այլ Արցախ-Ադրբեջան տիրույթում, և Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրացնում է անկախ Հայաստանի Հանրապետությունից, որը պաշտպանող, աջակցող գործառույթ է իրականացնում։
Ադրբեջանն ընկալել է, որ այլևս Արցախի ժողովուրդը միայնակ է, և շատ հեշտ է շրջափակման մեջ գտնվող ժողովրդին ու բանակին ջարդել, որքան էլ մենք մեր հայրենիքը շատ սիրենք ու զոհողությունների գնանք։ Հիշում եք սեպտեմբերի 21-ին Ալիևի գովասանքը ՀՀ իշխանություններին, նա ասաց, որ «ՀՀ իշխանությունն իրեն կառուցողական է պահել սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի ժամանակ», ինքնին սա ինձ համար խայտառակություն է։ Այսինքն՝ իր համար ակնկալած արդյունք էր, որ Հայաստանը երբեք չի խառնվի»,- ընդգծեց նա։
Արտակ Բեգլարյանը նաև մի շարք հարցեր բարձրացրեց՝ նշելով, թե ինչու Հայաստանը Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի հիմքով չի դիմել Արդարադատության միջազգային դատարան։ Օգոստոսին կարող էր, հուլիսին կարող էր, գոնե օգոստոսին Օկամպոյի զեկույցից հետո մի քանի անգամ Արցախից և՛ փակ, և՛ հրապարակային ՀՀ իշխանություններին հորդորել են դա անել։
«Ինչո՞ւ Հայաստանը Ցեղասպանության կոնվենցիայի բոլոր անդամ երկրներին չի ծանուցել, որ ցեղասպանություն է տեղի ունենում, և ես իմ պարտավորությունների շրջանակներում պարտավորվում եմ աշխատանք տանել և հորդորում եմ՝ դուք բոլորդ ձեր պարտավորությունները կատարեք։ Այսպիսի այնքան գործիքներ կան, որոնք քաղաքական են, բայց դրանք անվտանգային հստակ ուղերձներ են հղում և աշխարհին, և Ադրբեջանին, բայց դրանք չեն արվել։ Գուցե ՀՀ իշխանությունը վախից ելնելով կամ այլ պատճառով է որոշել որևէ պատասխանատվություն չստանձնել»,- ասաց նա։
Արտակ Բեգլարյանը նաև աբսուրդ համարեց այն հայտարարությունները, ըստ որոնց, եթե Արցախում նախագահը չփոխվեր, Ադրբեջանը պատերազմ չէր սկսի, քանի որ շրջափակումից անմիջապես հետո Ադրբեջանը պատրաստվել էր այդ վերջնարդյունքին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում