«Այն, ինչ տեղի է ունենում, չի բխում Երևանի շահերից, սակայն Երևանը նպաստել է, որպեսզի ստեղծվի հենց այսպիսի իրավիճակ»

Օրերս ավարտվեց ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի այցը Երևան, որի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Արմեն Գրիգորյանը բացահայտել էր, թե այցի նպատակը եռակողմ հանդիպում կազմակերպելն էր:

Հայտնի չէ, թե արդյո՞ք հաջողվել է որևէ պայմանավորվածության գալ այս առնչությամբ, սակայն հայտնի է և հատկապես ուշագրավ այն փաստը, որ համանախագահ Բոնոն Երևանից Բաքու չի մեկնել, որից հստակորեն կարելի է ենթադրել, որ ամերիկյան կողմին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել։

Ավելին, Բաքվի ներկայացուցիչները շարունակում են Վաշինգտոնին հավասարակշռված քաղաքականություն վարելու կոչեր ուղղել, եթե Վաշինգտոնը ցանկանում է զբաղվել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի միջնորդությամբ։ Եվ թեև Ադրբեջանը մերժում է արևմտյան միջնորդության բոլոր նախաձեռնությունները, Երևանն ու Բաքուն շարունակում են փոխանակվել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իրենց առաջարկներով։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով, բովանդակային առումով վերջին առաջարկներում հետընթաց է արձանագրվել։ Այսինքն՝ բանավոր բանակցությունների ընթացքում կողմերն ինչ-որ կետեր են համաձայնեցնում, իսկ գրավոր տարբերակում Ադրբեջանը փորձում է խուսանավել դրանցից կամ առաջ մղել լիովին իր տարբերակները։ Այնուամենայնիվ պարզ է դառնում, որ չի հաջողվում հարթել ադրբեջանա-ամերիկյան տարաձայնությունները, քանի որ օրերս էլ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի այս քայլին կտրուկ հայտարարությամբ էր արձագանքել։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի գործընթացը լինի իր ազդեցության ներքո, սակայն պետք է արձանագրել նաև, որ չկան նաև այնպիսի ակտիվ քայլեր, Ադրբեջանի նկատմամբ այնպիսի մեխանիզմներ, որոնք իսկապես կստիպեն բանակցել։

Ըստ նրա, քիչ հավանական է, որ ԱՄՆ-ի լուրջ մտադրության պարագայում ստեղծվեր նման իրավիճակ։

Ռուս վերլուծաբանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ը կարծես դեմ չէ, որ բանակցությունները շարունակվեն ուղիղ ձևաչափով։

«Այստեղ առանցքայինն այն է, որպեսզի դրանց Ռուսաստանը չմասնակցի։ Իսկ ԱՄՆ-ը մասնակցելու համար պետք է ճնշումներ բանեցնի Ադրբեջանի նկատմամբ, զսպի Ադրբեջանին, որից փաստորեն խուսափում է։ Տեսնում ենք, որ Ռուսաստանը ևս պասիվ դիրքորոշման մեջ է և դեմ չէ, որ տարածաշրջանում կողմերը երկխոսեն ուղիղ ձևաչափով։ Այս ամենի պատճառը, իհարկե, ուժային այն հավասարակշռությունն է, որը ստեղծվել է Հարավային Կովկասում։

Այն, ինչ տեղի է ունենում, չի բխում Երևանի շահերից, սակայն Երևանը նպաստել է, որպեսզի ստեղծվի հենց այսպիսի իրավիճակ։ Երևանը մեղադրում է Բաքվին արևմտյան առաջարկները մերժելու համար, սակայն հետաքրքրված չէ Մոսկվայի՝ ՌԴ-ում հանդիպելու որևէ առաջարկով։ Եվ ներկայումս կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ միջնորդների ուղիղ ազդեցությունը, մասնակցությունը բանակցություններում լիովին վերանա, և Երևանն ու Բաքուն հայտնվեն դեմ հանդիման՝ առանց երրորդ կողմերի»,- նման կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը։

Նրա խոսքով, ԱՄՆ համանախագահի այցը միայն Երևան նշանակում է, որ ամենայն հավանականությամբ եռակողմ նախարարական հանդիպում Վաշինգտոնում մոտ ապագայում պետք չէ սպասել։

«Եթե Բլինքենի մակարդակով նախաձեռնություն, ուղիղ զանգեր լինեն Երևան և Բաքու, գուցե իրավիճակը փոխվի, սակայն այս պահի դրությամբ ադրբեջանական կողմը փորձում է համաձայնագրի ստորագրման համար վերջին՝ իր համար բարենպաստ դրույթներն առաջ մղել առանց միջնորդների»,- ասաց Արեշևը։

Տեսանյութեր

Լրահոս