Հայտնի են 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների օրերը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Այդ մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը։ Ըստ այդմ՝ քննություններն անցկացվելու են 2024 թ փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:
«Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Գրականություն» առարկաների քննությունները հանձնում են բանավոր:
«Ֆիզկուլտուրա» առարկայից հանձնում են ստուգարք (նորմատիվների հանձնում):
Քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից, գնահատման 10 բալային համակարգով»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:
Տեղեկատվության համաձայն՝ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները 2024 թվականի 1-ին քննաշրջանի ընթացքում «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ), «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները հանձնում են գրավոր: Քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն՝ առնվազն 4 թեստ յուրաքանչյուր առարկայից` գնահատման 20 բալային համակարգով:
Հաղորդագրության մեջ նշված է, որ հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկանները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով և համարվում են տարեկան գնահատականներ:
Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետևյալ սանդղակի ՝
8-9 միավոր – 4
10-11 միավոր – 5
12-13 միավոր – 6
14-15 միավոր – 7
16-17 միավոր – 8
18-19 միավոր – 9
20 միավոր – 10
Քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (հասցե՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1):
Մանրամասների համար քաղաքացիները կարող են զանգահարել` (091) 19-56-10 և (010) 66-72-50 հեռախոսահամարներով: