Քերոբյանը 2023-ի դրությամբ աղքատության մակարդակի էական կրճատում է ակնկալում
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է, որ նախորդ տարվա՝ 2023-ի դրությամբ աղքատության մակարդակի էական կրճատում կարձանագրվի:
Այս մասին նախարարն ասաց 2023-ի ամփոփիչ ասուլիսում:
Քերոբյանն ընդգծեց, որ կառավարության համար շատ կարևոր ցուցանիշ է աղքատության մակարդակի կրճատումը:
«2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում մեր միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի: Սակայն մեր կառավարության առաջանցիկ միջոցառումների շնորհիվ մենք ոչ միայն չթողեցինք, որ աղքատության մակարդակը աճի, այլ նաև ապահովեցին մի փոքր կրճատում: Այսինքն՝ աղքատությունը 26.5 տոկոսից կրճատվեց մինչև 24.8 տոկոս: 2023 թվականի համար, սակայն, մենք ունենք կրկին բարձր տնտեսական աճ, սակայն ցածր գնաճ, ինչը մեզ թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023 թվականին դրությամբ»,-ասաց Քերոբյանը: