Գրիգոր Մինասյանը խնդիր է տեսնում էթիկայի հանձնաժողովի որոշումների վերաբերյալ, բայց խնդիր չի տեսնում, որ իր հարուցած վարույթները քննում է իր ընկերոջ ղեկավարած կառույցը

Այսօր ասուլիսի ժամանակ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին մեղադրեց անարդյունավետ աշխատելու մեջ՝ նշելով այն հանգամանքը, որ դատավորները երկար տարիներ միասին աշխատած իրենց գործընկերների նկատմամբ անաչառ որոշումներ չեն կայացնում:

Ի պատասխան՝ լրագրող Արաքս Մամուլյանը Գրիգոր Մինասյանին հիշեցրեց, որ իր հարուցած կարգապահական վարույթները քննվում են իր ընկերոջ ու բիզնես գործընկերոջ՝ Կարեն Անդրեասյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ): Հարց հնչեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ դեպքում Գրիգոր Մինասյանը խնդիր չի տեսնում, իսկ Էթիկայի հանձնաժողովի դեպքում տեսնում է շահերի բախում:

«Շատ երկար ուսումնասիրել եմ միջազգային փորձը: Այն ասում է, որ վարույթ հարուցողը չի կարող կաշկանդվածություն ունենալ անձնական կապերով: Այսինքն՝ եթե ես՝ որպես արդարադատության նախարար, ստանում եմ որևէ դիմումատուի դիմում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված, ես ուղղակի նայում եմ՝ խախտում կա՞, թե՞ չէ, և այդ խախտումը փոխանցում եմ դատարանին, որպեսզի վեճը լուծի: Ես այստեղ չեմ կարող ունենալ որևէ շահերի բախում, որովհետև ես այդտեղ չունեմ որևէ շահ»,- ասաց Գրիգոր Մինասյանը:

Վերջինս որպես փաստարկ՝ նշեց, որ նշված մտահոգությունները չեզոքանում են, երբ տեսնում ենք, որ ԲԴԽ-ում որոշումները կայացվում են ոչ մեկ ձայնի առավելությամբ, այլ հիմնականում՝ միաձայն:

Ըստ Գրիգոր Մինասյանի՝ Էթիկայի հանձնաժողովում փաստաբաններն ունեն կոնկրետ, ընդհուպ՝ ֆինանսական շահ, ապա բերեց դատավոր Սիմա Իսկանդարյանի օրինակը, ասաց, որ տարբեր հարաբերություններով պայմանավորված՝ Էթիկայի հանձնաժողովն այդ դատավորի դեպքում խնդիր չէր տեսել, երբ վերջինս ալկոհոլի ազդեցության տակ մեքենա էր վարել:

Սրան ի պատասխան՝ մատնանշվեց ԲԴԽ անդամ, դատավոր Նաիրա Հովսեփյանի վերաբերյալ կարգապահական վարույթ չհարուցելու փաստը, երբ վերջինս կատարել էր նույնպիսի խախտում, ինչպիսին, օրինակ, Աննա Փիլոսյանը, բայց վերջինիս լիազորությունները դադարեցվեցին, մինչդեռ Նաիրա Հովսեփյանին ոչինչ չեղավ: Այս հարցը Գրիգոր Մինասյանը, իհարկե, շրջանցեց:

Շրջանցվեցին նաև Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ վարույթը կարճելու, ինչպես նաև ԲԴԽ կազմի վերաբերյալ հարցերը, երբ կազմի զգալի մասը Կարեն Անդրեասյանի մտերիմներն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս