Ի՞նչ է թաքցնում ՊԵԿ-ը
Պետեկամուտների կոմիտեն տարեսկզբին շտապեց աչքալուսանք տալ. ի լուր բոլորի հայտարարեց, թե իրենց հաջողվել է գերակատարել անցած տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների պլանը։ Ավելի շատ հարկեր ու տուրքեր են հավաքել, քան նախատեսված էր պետական բյուջեով։
«Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221,9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295,9 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով: Տարեսկզբին հաստատված՝ 2 տրլն 203,7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18,2 մլրդ դրամով»,- ասվում էր ՊԵԿ-ի տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ, սակայն, մի շատ կարևոր դետալ ՊԵԿ-ը, միտումնավոր թե պատահաբար, թաքցրել էր, շրջանցել էր հարկային եկամուտների ճշգրտված պլանը։
Շրջանցել էր, որովհետև հարկային եկամուտների ճշգրտված պլանը թերակատարել է։
Թեպետ հարկային եկամուտների կատարողականը որոշվում է հենց ճշգրտված պլանի նկատմամբ, և ոչ թե՝ տարեսկզբին հաստատված ցուցանիշով, ինչն էլ ՊԵԿ-ն իր համար ուղենիշ է ընդունել՝ հարկային եկամուտների գերակատարումների մասին ի լուր բոլորի հայտարարելու համար։
Տարվա ընթացքում, տարբեր գործոններով, այդ թվում՝ տնտեսական աճով պայմանավորված, կառավարությունը ճշգրտում է հարկային եկամուտների պլանը։ Երբ տնտեսական աճն ավելի բարձր է լինում, քան բյուջեով պլանավորված է, ըստ այդմ՝ ճշգրտվում են նաև բյուջեի հարկային եկամուտները։
Այդ է պատճառը, որ չնայած բյուջեով նախատեսված էր անցած տարի հավաքել 2 տրիլիոն 203,7 մլրդ դրամի հարկային եկամուտներ, կառավարությունը տարվա ընթացքում այն ճշգրտել է և հրապարակված ամենաթարմ տվյալներով՝ դարձրել 2 տրիլիոն 225 մլրդ դրամ։
Բյուջեի հարկային եկամուտների կատարողականը հաշվում են ճշգրտված ցուցանիշից։ Իսկ դա նշանակում է, որ անցած տարվա համար նախատեսված մուտքերը ոչ միայն չեն գերակատարվել, այլև թերակատարվել են։
Ճշգրտված պլանով նախատեսված է եղել ապահովել 2 տրիլիոն 225 մլրդ դրամ, մինչդեռ հավաքվել է 2 տրիլիոն 221,9 մլրդ դրամ։
Հարկային եկամուտները ճշգրտված պլանի նկատմամբ թերակատարվել են 3,1 մլրդ դրամով։
Որևէ նշանակություն չունի, որ բյուջեով հաստատված ցուցանիշը գերակատարվել է։ Դրանով չի որոշվում բյուջեի եկամուտների կատարողականը։
Թերակատարումը, անշուշտ, շատ ավելի մեծ կլիներ, եթե տարեվերջին կառավարությունն ու ՊԵԿ-ը չգնային աննախադեպ միջոցառումների։
Նախ հանկարծ հիշեցին, որ Հայաստանում վրացական համարանիշներով շահագործվող 9 հազար ավտոմեքենա կա։ Ուստի հապշտապ որոշեցին, որ պետք է փոխեն դրանց շահագործման պայմանները։
Մեկ ամիս ժամանակ տվեցին, որպեսզի վրացական համարանիշներով ավտոմեքենաներ շահագործողները մաքսազերծեն իրենց տրանսպորտային միջոցները։
Շահագրգռելու ու բյուջեի մուտքերը նաև այդ գումարների հաշվին դեկտեմբերին ապահովելու համար՝ էապես զեղչված մաքսատուրքեր դրեցին։ Ոչինչ, որ դրանով խրախուսեցին օրենքի բացերից օգտվողներին ու անհավասար պայմաններ ապահովեցին բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ժամանակին մեքենաներ էին ներմուծել և բարեխղճորեն վճարել մաքսատուրքերը։
Առիթի դեպքում հպարտանում են, որ արդար ու հավասար մրցակցային պայմաններ են ստեղծել բոլորի համար։ Այնինչ՝ վաղը եթե այս երկու խմբերի ներմուծողները որոշեն վաճառել իրենց ավտոմեքենաները՝ հայտնվելու են անհավասար պայմաններում։
Բայց կառավարությունը դժվարություններ ուներ բյուջեի հարկային եկամուտների ապահովման հետ կապված ու անտեսեց մյուս բոլոր խնդիրները։
Թեև չսահմանափակվեց միայն դրանով։
Պարտադրեցին ավտոներկրողներին ներկրված մեքենաների վրա 20 տոկոս վերադիր դնել և հարկերը վճարել դրանից։
Բացի այն, որ հարկերի հավաքագրման պլանը կատարելու համար որոշակի փոփոխություններ իրականացվեցին կառավարության մակարդակով, հարկային մամլիչը միացրեց նաև Պետեկամուտների կոմիտեն։
Եղան ահազանգեր, որ Ամանորի նախօրյակին ՊԵԿ-ի աշխատակիցները դռնեդուռ ընկած՝ մասսայաբար ՀԴՄ-ի կիրառման ճշտության ստուգումներ են իրականացնում և հսկիչ գնումներ կատարում։
Դեկտեմբերի հարկային եկամուտների պլանը կատարելու համար, «բարեկամաբար խնդրել, երբեմն համոզել», իսկ «չհանձնվողներին» պարտադրել են առաջանցիկ վճարել ներմուծման ԱԱՀ-ն։ Խոսքը, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից կատարված ներմուծումների մասին է, որի դեպքում, ինչպես հայտնի է, ներմուծողներն ունեն հնարավորություն ԱԱՀ-ն վճարել ոչ թե ներմուծման սահմանին, այլ հետո։
Այլ կերպ, եթե այդ ներմուծումների դիմաց մարդիկ կարող էին ավելացված արժեքի հարկը վճարել հաջորդ ամսին, «բարեկամաբար խնդրել» են վճարել դեկտեմբերին՝ դրանով ռիսկի տակ դնելով նաև այս տարվա հունվարի հարկային եկամուտների նախատեսված մուտքերի կատարողականը։
Մեկ այլ դեպքում «հորդորել» են կուտակված շահույթից շահաբաժիններ բաշխել, ինչ է թե՝ շահաբաժինների վճարումից 5 տոկոս եկամտային հարկ կարողանան գանձել ու լրացնել հարկային եկամուտների առաջացած բացը։
Այսքանից հետո, սակայն, բյուջեի հարկային եկամուտների տարեկան ճշգրտված պլանը չեն հաջողել կատարել, չնայած դեկտեմբերին բավական մեծ գումարի հարկեր ու տուրքեր են հավաքել։ Դրանք կազմել են 267,1 մլրդ դրամ, ինչը 53,8 միլիարդով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Բայց դա էլ չի բավարարել ճշգրտված պլանը կատարելու համար՝ 3,1 միլիարդ պակասել է, որը, անշուշտ, շատ ավելին կլիներ, եթե հարկային մամլիչը չմիացնեին ու հարկերը վճարելու համար նման համատարած խթաններ չիրականացնեին։
Այդպիսի խթանների արդյունքում էլ դեկտեմբերի մուտքերը կտրուկ աճեցին՝ նախորդ տարվա նկատմամբ ավելի քան 25 տոկոսով։ Այն դեպքում, երբ նոյեմբերին հարկային եկամուտների չափազանց փոքր աճ էր գրանցվել։ Դրանք ավելացել էին հազիվ 7,8 միլիարդով կամ ընդամենը 5 տոկոսով։ Նոյեմբերի այսպիսի համեստ աճից հետո, դեկտեմբերի թռիչքը աչք է ծակում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ