Բաժիններ՝

Հոգևոր կյանքը կարևոր նախապայման է կյանքը լավ կազմակերպելու համար

– Հա՛յր, մի մարդ, որ ձեզ ասաց վանական կյանքն ընտրելու իր մտադրության մասին, ինձ ասաց, որ նրա համադասարանցիներից մեկը նրան հարցրել է թե ինչու չի ընտրում կինոնկարչական արվեստը և չի շփվում տղաների հետ: Ի՞նչ պետք է պատասխաներ իրեն հարց տվողին:

– Պետք է նրան ասեր. «Այդպիսի հարց նույնիսկ իմ եղբայրը ինձ երբեք չի տվել և դո՞ւ ես ինձ հարցնում»:

– Մի քանի օր հետո դպրոցից դուրս հանդիպեց այդ աղջկան և բռնեց նրա ուսից: Այդ աղջիկը միայն բարև տվեց և անմիջապես ներս մտավ:

– Ո՛չ, ճիշտ չի արել: Այս պարագային պետք է պատասխանել, որովհետև կարող է այն տպավորությունը թողնել, որ ընդունել է նրա այդ արտահայտությունը և նա այդ քայլը նորից կանի: Նրա տարիքը դժվար տարիք է և օգտակար չէ, որ նա տղաների հետ ընկերություն անի: Ոչ էլ անհրաժեշտ է, որ խոսի նրանց հետ, որպեսզի իբր թե նրանց օգնի: Եվ երբ որոշի ընտանիք ստեղծել և ճանաչի մի լավ տղայի, պետք է ասի իր ծնողներին: Նրանք կքննեն, թե նախապայմաններ ունի՞ գեղեցիկ ընտանիք ստեղծելու համար: Սակայն այժմ, որ դեռ չի որոշել, թե ինչ ճանապարհ պետք է ընտրի, տղաների հետ խոսելն օգտակար չի լինի, որովհետև առանց պատճառի կնեղվի և կկորցնի իր անդորրը: Ինչքա՜ն երեխաներ են նման բաների մեջ և շատ շփոթված են և շարունակ հուզված, անդորր չունեն: Նրանց դեմքն ու աչքերը այլայլված են:

Կարդացեք նաև

Արական սեռի կողմից իգական սեռի հանդեպ հրապուրանքը և հակառակը, մարդու բնության մեջ է: Սակայն նրան ասա, որ այժմ դրա ժամանակը չէ: Թող հետևի իր դասերին: Այն երեխաները, որ փոքր տարիքից տրվում են այդ հրապուրանքին, պատշաճ ժամանակից շուտ են ցանկանում ամուսնանալ, իսկ հետո, երբ գալիս է անհրաժեշտ պահը արդեն ամուսնացած են լինում և չեն կարողանում ուրախանալ, որովհետև ապրել են այդ ուրախությունը այն ժամանակ, երբ դեռ պատշաճ ժամանակը չէր: Մինչդեռ ուշադիր երեխաները, ավելի շատ են ուրախանում, երբ գալիս է պատշաճ ժամանակը և մինչ այդ ժամանակի գալը խաղաղ են լինում: Տեսնո՞ւմ ես, որ որոշ մայրեր, որ մաքուր են ապրել, ինչքա՜ն խաղաղ են, չնայած որ հոգսեր ունեն:

Ես միշտ շեշտում եմ, որ երիտասարդը մինչև ամուսանանալը ինչքան կարող է, պետք է փորձի ապրել հոգևոր կյանքով և պահպանի իր մաքրությունը, որն ապահովում է կրկնակի առողջություն: Յուրաքանչյուր ճանապարհի համար, ինչ էլ որ մարդն ընտրի, հոգևոր կյանքը կարևոր նախապայման է: Աշխարհը կարծես դարձել է մի ցորենի արտ, որտեղ ցորենները սկսում են հասունանալ, իսկ հետո խոզերը մտնում են արտի մեջ և այն ոտնակոխ են անում: Դրանից հետո արտում նշմարվում են տակնուվրա եղած խոտեր, տիղմ և երբեմն-երբեմն երևում են ուղիղ մնացած հասկեր:

Ինչքան մեկը երիտասարդ տարիներին շատ ուշադրություն է դարձնում իր հոգևոր կյանքին, այնքան հետագայում, ինչ ճանապարհ էլ որ ընտրի, ավելի հեշտ է լինում: Մարտից առաջ ինչքան լավ սպառազինվի և նախապատրաստվի, այնքան պատերազմի ժամանակ ավելի հեշտ կլինի, երբ նրա վրա կրակեն  և գնդակոծեն: Մինչև որոշելը, թե որևէ աղջիկ միանձնուհի պետք է դառնա, թե լավ մայր, մաքուր կյանքը պարտադիր է: Դրա համար պետք է փորձի ինչքան կարող է իր դասերի մեջ առաջընթաց ապահովել: Երբ ուշադրություն դարձնի իր աչքերին, ականջներին և վանի կեղտոտ մտքերը, հետագայում պարզապես կճախրի: Կամ մի երիտասարդ, երբ հանդիպում է մի առաքինի աղջկա, պետք է նրա մասին գեղեցիկ մտածումներ ունենա, նրան համարի որևէ սրբուհու կենդանի պատկեր: Կամ եթե հանդիպում է մի մոլորված աղջկա, նրան որպես քույր նայի և նրա համար ցավ զգա, ինչպես ցավ կզգար իր քրոջ համար, որովհետև բոլորս Ադամի որդիներն ենք:

– Հա՛յր, բայց այսօր համալսարաններում երիտասարդների համար շատ փորձություններ կան:

– Թող շփվի հոգևոր կյանքով ապրող երիտասարդների հետ, որպեսզի նրանցից անհրաժեշտ օգնությունն ստանա և հոգևոր անդաստանում առաջ ընթանա: Եկեք ամեն բան չդժվարացնենք: Ճանաչում եմ շատ երիտասարդների, որ համալսարան են գնում և իրենց փոքր ջանքով և Աստծու մեծ օգնությամբ առաքինի կյանքով են ապրում:

Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս