Աշխարհում «ամենաարագ աճող» տնտեսության առեղծվածը

«Արդեն երկու տարի է՝ 2022 և 2023 թվականներին, Հայաստանի տնտեսությունն աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է՝ առաջին տասնյակում, կարծում եմ՝ այս տարի կլինի նաև առաջին հնգյակում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ընդհանուր առմամբ կարելի է  համարել հաջողված»,- հպարտանում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Այս մարդիկ այդպես էլ չհասկացան, որ տնտեսությունը դատարկ թվերը չեն։ Տնտեսության, առավել ևս՝ կառավարության տնտեսական քաղաքականության հաջողությունները երևում են ոչ թե այդ թվերում, այլ տնտեսության որակի ու կառուցվածքի մեջ։ Այստեղ է, որ էկոնոմիկայի նախարարն ասելիք չունի։

Մինչ իշխանությունները հպարտանում են հերթական անգամ արձանագրվող բարձր աճերով՝ տնտեսության վիճակը գնալով շատ ավելի մտահոգիչ է դառնում։ Զարգացում չկա, տնտեսության կառուցվածքն է վատանում, աճի որակն է ընկնում։ Տնտեսությունն ավելի ու ավելի է դեֆորմացվում։ Արտաքուստ աճում է, բայց ներսում առաջընթաց չկա։ Տնտեսության արտադրական կարողությունները չեն ավելանում, նոր արտադրություններ չեն ստեղծվում։

Հիմնարար ճյուղերում աճ չկա կամ անկումային է։

Կարդացեք նաև

Ճյուղերում, որտեղ բարձր աճեր են գրանցվում, ավելացված արժեք գրեթե չի ստեղծվում։

Վիճակագրորեն տնտեսական բարձր աճեր են գրանցվում, իսկ արդյունքները մարդիկ այդպես էլ չեն զգում։

Սոցիալական լարվածությունն է խորանում։ Խորանում է նաև բևեռացումը։

Եղած արդյունքն էլ համաչափ չի բաշխվում։ Աճ ապահովված հիմնական ճյուղերում եկամուտները շատ սահմանափակ մարդկանց է բաժին ընկնում, իսկ հասարակության հիմնական մասը շարունակում է ձեռնունայն մնալ։

Տնտեսության իրական հատվածում անմխիթար վիճակ է։ Գյուղատնտեսությունը, որտեղ զբաղված են հարյուր-հազարավոր մարդիկ, առաջընթաց չկա։ Տարիներ շարունակ  արտադրության ծավալներ նվազում են, նվազում են նաև այստեղ զբաղված մարդկանց եկամուտները։

Կառավարությունը փող է ծախսում, գյուղատնտեսական տարբեր ծրագրեր է ֆինանսավորում, իսկ արդյունք չկա, զարգացում չկա։ Եվ այդպես՝ տարիներ շարունակ։

Նույնը նաև արդյունաբերությունն է։

Արդյունաբերության մեջ էլ աճ չկա։ Եվ, որ ավելի վատ է, աճ չկա արդյունաբերության արտահանելի հատվածում։

Մինչդեռ կառավարությունը խոստացել էր իրականացնել արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականություն։ Չնայած առանց խոստման էլ ակնհայտ է, որ առանց արտահանման ուղղվածության, Հայաստանի տնտեսությունն ապագա չունի, չի կարող զարգացում ապրել։

Այնինչ՝ արտահանման տասնյակ տոկոսներով աճի պարագայում, մեր տնտեսությունից ունենք նույնիսկ արտահանման ծավալների նվազում։

Տնտեսությունը մի բան էլ կորցրել է արտահանման պրոտենցիալն ու շուկան։

Դրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ վերջին երկու տարիներին էապես արժևորել են ազգային արժույթը՝ հարվածելով տնտեսության արտահանելի հատվածին ու մրցունակությանը։ Մինչ տնտեսության արտահանելի հատվածը դրամի այսպիսի կտրուկ արժևորման հետևանքով տևական ժամանակ մեծ կորուստներ է կրում, կառավարությունն էշի ականջում քնած է։ Այդպես էլ ոչինչ չարեց տնտեսության արտահանելի հատվածին ինչ-որ ձևով օժանդակելու, ձեռքը բռնելու համար։

Այդքանից հետո մի բան էլ մուննաթ են գալիս, թե ինչո՞ւ արտահանումը չի դիվերսիֆիկացվում։

Իսկ ինչի՞ հաշվին պիտի դիվերսիֆիկացվի, այլ շուկաներ մտնելու հնարավորություն ունենա, երբ եղած պոտենցիալն էլ ձեռքներից խլել են, թուլացրել են մրցակցելու, այլ շուկաներ մտնելու, դիմանալու կարողությունները։

Առավել ևս, որ առանց դրա էլ մեր արտադրանքի որակն այն չէ, արտադրողականությունը չափից դուրս ցածր է, մրցունակությունը՝ թույլ։ Դրամի ամրապնդման հետևանքով, հիմա մրցունակությունն ավելի է ընկել, արտադրողականությունն էլ չի բարելավվել։ Եվ ինչի՞ հաշվին պիտի բարելավվեր, երբ կարողություններն են նվազել, ֆինանսական հնարավորություններն են կորցրել։ Շատերը հազիվ կարողանում են մնալ ջրի երեսին։

Այս ամենի արդյունքը եղավ այն, որ տնտեսության արտահանելի հատվածը հայտնվեց հատակին։

Ու դա տեսնում ենք ոչ միայն հանքարդյունաբերության մեջ, որն ունի գերազանցապես արտահանման ուղղվածություն, այլև մշակող արդյունաբերության ոլորտում։

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե կատարել է տված քաղաքական խոստումը՝ մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը։ Այնինչ՝ իրականությունն այն է, որ մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության մեջ կրճատվել է։ Եթե անցած տարվա առաջին եռամսյակում մշակող արդյունաբերությունը կազմել էր՝ ՀՆԱ 10,1, երկրորդում՝ 10,7, իսկ երրորդում՝ 12,1 տոկոսը, ապա այս տարվա առաջին եռամսյակում կազմել է՝ 9,6, երկրորդում՝ 10,4, և երրորդում՝ 9,9 տոկոս։ Բոլոր եռամսյակներում ճյուղի  մասնաբաժինը կրճատվել է։

Մշակող արդյունաբերությունն արտաքին շուկաներում կորցրել է դիրքերը։

Այսքանից հետո բնական է, որ մշակող արդյունաբերությունը պիտի հայտնվեր այնպիսի վիճակում, երբ արձանագրվող բարձր տնտեսական աճերի պայմաններում անկում է ապրում։ Մինչդեռ, մշակող արդյունաբերությունն է տնտեսության զարգացման գրավականներից մեկը, և ոչ թե՝ վերարտահանումների վրա հիմնված առևտուրը, որը դարձել է արձանագրվող բարձր աճերի հիմքը։

Իշխանությունների վարած այս քաղաքականությունը բերել է նրան, որ տնտեսության առանցքային ոլորտներն ու ճյուղերը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրությունները կորցրել են իրենց դերը տնտեսության կառուցվածքում, իսկ ավելացված արժեք գրեթե չստեղծողները՝ դարձել են առաջատար։

Դա տեսնում ենք նաև տնտեսության աճի կառուցվածքում։ Արձանագրվող աճերը, որոնցով այդքան հպարտանում են իշխանությունները, ապահովում են հիմնականում, այսպես ասած, երկրորդային ճյուղերը։ Այդ ճյուղերի մասնակցությունը տնտեսական աճի կառուցվածքում էապես ավելացել է, դրանց հաշվին բարձր աճեր են գրանցվում, իսկ հավելյալ արժեք գրեթե չի ստեղծվում։ Դրա համար էլ արձանագրվող աճերի մեջ արդյունք չկա։ Տնտեսական աճերի գերակշիռ մասը դրանց հաշվին է. հասնում է 85-90 տոկոսի։ Այնինչ՝ հիմնարար ճյուղերում նպաստումը շատ ցածր է, երբեմն էլ բացասական է, որովհետև դրանք չեն աճում կամ անկումային են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս