Խաղաղություն՝ հանուն պատերազմի

Հայկական իրականությունը բաղկացած է անթիվ հակասություններից, պարադոքսներից, որոնք դուրս են բնական գոյությանը բնորոշ աբսուրդների շրջանակից և ոչ թե զարգացման խթան են հանդիսանում, այլ գուժում են նոր աղետների մասին։

Այդ հակասությունները բազմաշերտ են ու բազմամակարդակ և վերաբերում են հանրային կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին՝ կենցաղայինից մինչև տնտեսական, մշակութայինից մինչ քաղաքական ու աշխարհաքաղաքական։

Անհատական մակարդակում հայ մարդը սեփականատեր է, նախանձախնդիր իր տիրապետած յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի համար, որի հանդեպ ոտնձգություն կատարողին պատրաստ է զրկել կյանքից։ Հանրային մակարդակում նույն հայ մարդն անվրդով հետևում է՝ ինչպես է թշնամական բանակը տնօրինում իր հայրենիքի, այսինքն՝ կրկին իրեն, բայց հավաքականորեն իրեն պատկանող հազարավոր քառակուսի կիլոմետրեր։ Պարադոքս, որի բացատրությանը նվիրված տասնյակ գիտական աշխատություններ կարող են գրվել։

Տնտեսությունը, հետ չմնալով հանրային կյանքից, գործում է ու զարգանում/զարգացման տպավորություն է թողնում իրեն բնորոշ հակասություններով. տնտեսական աճն ապահովում է առավելապես հանքարդյունաբերության, ծառայությունների, խաղամոլության հաշվին, բայց տնտեսության կառավարմամբ զբաղվողները հպարտանում են աշխարհում առաջանցիկ աճ արձանագրած երկրների շարքում հայտնվելու փաստով, արտահանման հիմնական շուկան ԵԱՏՄ-ն է, բայց այդ շուկայում գերշահույթներ ստացող օլիգարխները ֆինանսավորում են հակառուսական քարոզչությունը, շարքը կարելի է երկար շարունակել։

Կարդացեք նաև

Մշակույթի ոլորտում կան քիչ թվով հեղինակություններ, ովքեր իրենց անունը, վաստակը զրոյացնում են՝ մանր չինովնիկների քարոզչական լուսանկարներում որպես մոդել հանդես գալով։ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություններ է անում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու անթույլատրելիության դեմ, բողոքի խրոխտ ձայն է բարձրացնում հայոց պատմությունն աղավաղելու առիթով, բայց այդ նույն ակադեմիայի անդամների մեծ մասը հոտնկայս դիմավորում է բոլոր այդ արհավիրքները հեղինակած իշխանության ղեկավարին։

Այս հակասությունները պետության ու հասարակության հակասական կերպը գոյացնող աբսուրդների երկար շարքի ընդամենը մի քանի օրինակներն են։ Իսկ այդ ինտեգրալ հակասականությունը Հայաստանը վերածել է աբսուրդի հանրապետության, որը ոչ միայն պարադոքսալ ներքին կյանք է վարում, այլև նույն կերպ հաղորդակցվում է աշխարհի, բարեկամների ու թշնամիների հետ։

Արտաքին քաղաքականության մեջ դրսևորվող բազմաթիվ պարադոքսներից ամենավտանգավորը, սակայն, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունն է։

Վտանգավորը ոչ թե խաղաղություն հաստատելու ձգտումն է, որը կենսականորեն անհրաժեշտ է, այլ ամեն գնով խաղաղություն հաստատելու մղումը։

Դա արտահայտվում է նրանով, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է բավարարել Ադրբեջանի՝ գործնականում բոլոր պահանջները՝ հանուն երևակայական խաղաղության։ Իսկ այդ խաղաղությունը երևակայական է, քանի որ Ադրբեջանը միանգամայն իրատեսորեն, առանց ձևականությունների հայտարարում է իր նպատակները՝ պայմանականորեն «Արևմտյան Ադրբեջան» վերնագրով։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ Ադրբեջանին խաղաղության պայմանագիրն իր թելադրած պայմաններով ու տեսքով անհրաժեշտ է ոչ թե հարատև խաղաղության համար, ինչպես ներկայացնում է Հայաստանի իշխանությունը, այլ հանկարծակի պատերազմի՝ փուլ առ փուլ իր առջև դրված նպատակներին հասնելու ճանապարհին։

Դրա ամենավերջին վկայությունն ադրբեջանական կողմի հայտարարությունն էր՝ սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը Խաղաղության պայմանագրից առանձնացնելու մասին, որին, ի դեպ, Հայաստանը՝ առնվազն Ալեն Սիմոնյանի մակարդակով, կրկին համաձայնել է։

Իսկ դա նշանակում է, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո սահմանազատման գործընթացում որևէ «տարաձայնություն» լուծելու համար Ադրբեջանը կարող է դիմել հերթական ռազմական ագրեսիայի, և դա կարող է տևել այնքան, մինչև Ալիևը կհասնի իր նպատակներին։

Աննախադեպության մոլուցքով գործող Նիկոլ Փաշինյանն այսպիսով փորձում է արձանագրել հերթական աննախադեպությունը՝ գուցե համաշխարհային պատմության կտրվածքով։

Մինչ աշխարհի բոլոր երկրները պատերազմներ են մղում հանուն խաղաղության (սեփական նպատակներին հասնելու), ինքը ցանկանում է հաստատել խաղաղություն՝ հանուն պատերազմի։

Հարություն Ավետիսյան 

Տեսանյութեր

Լրահոս