Երկու քարի արանքում
Մինչ միջազգային որոշ մասնագիտացված կառույցներ կանխատեսում են, որ առաջիկայում տեղի կունենա դրամի չափավոր արժեզրկում, հայկական արտադրության ապրանքներն արտաքին շուկաներում շարունակում են մեծ կորուստներ կրել և կորցնել մրցունակությունը՝ ազգային արժույթի բավական լուրջ արժևորման հետևանքով։
Մինչև այս տարվա սկիզբ տուժում էին դոլարով ու եվրոյով արտահանում իրականացնողները, այս տարվանից դրանց միացել է նաև ռուբլին, ինչի հետևանքով տեղական բազմաթիվ ապրանքներ կորցնում են նաև ռուսական շուկան։
Հայտնի է, որ հայկական արտադրության ապրանքների իրացման հիմնական շուկան եղել ու մնում է ռուսականը։ Ու չնայած նրան, որ այս ընթացքում Հայաստանից արտահանումը Ռուսաստան երբեմն անգամներով ավելացել է, դա ոչինչ չի նշանակում։ Այդ աճերը, հայտնի է, թե ինչի արդյունք են։ Զարմանալի չէ, որ իշխանությունները խուսափում են տարանջատել արտահանումը՝ ներմուծում-վերարտահանումների և տեղական արտադրանքի։
Բայց կան անուղղակի փաստեր, որոնք հաստատում են, որ դրամի ամրապնդումը լրջորեն հարվածել է տեղական արտադրությանն ու դրա արտահանմանը։
Այդ փաստերից մեկն էլ ներքին արտադրությունից գանձված ավելացված արժեքի հարկն է, որի մուտքերն այս տարի ոչ միայն չեն ավելացել, ի տարբերություն ներմուծումից գանձումների, այլև նվազել են։
Նախորդ տարվա առաջին տասն ամիսներին ներքին շրջանառությունից գանձվել էր՝ 190,4 մլրդ դրամի, այս տարի՝ 189 միլիարդի ԱԱՀ։
Հիշեցնենք, որ սրանք մուտքեր են, որոնք ուղղակիորեն կապված են ներքին տնտեսության զարգացումների հետ։
Դրանք նվազել են իշխանությունների կողմից այդքան գովաբանվող բարձր տնտեսական աճերի պայմաններում։
Ահա թե ներքին տնտեսությունն ինչքանո՞վ է նպաստել այդպիսի աճերի ձևավորմանը։
Արտադրող-արտահանողները կորուստներ են կրում, շատերը նույնիսկ դադարեցել են մատակարարումները։
Հայկական ապրանքների արտահանման համար իրավիճակը ռուսական շուկայում սրվեց այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին արձանագրվեց ռուբլու արժեզրկում։ Մինչ այդ, չնայած դրամի կտրուկ արժևորմանը, ռուբլու փոխարժեքն այնպիսին էր, որ թույլ էր տալիս ռուսական շուկայում հավասարակշռել դրամի արժևորման հետևանքով առաջացող տեղական արտադրանքի կորուստները։
Բայց տարեսկզբից այդ գործոնը դադարեց աշխատել. ռուբլին սկսեց թուլանալ՝ խնդիրներ ստեղծելով հայկական ապրանքների մրցունակության առումով։
Եթե անցած տարվա վերջին դոլարի գինը ռուսական շուկայում տատանվում էր հիմնականում 60 ռուբլու շրջակայքում, հիմա հասել է 92 ռուբլու։ Այս ընթացքում այն հասցրել է 32 կետով կամ ավելի քան 53 տոկոսով էժանանալ։
Սա նշանակում է, որ հայկական այն արտադրողները, որոնք իրենց ապրանքները ռուսական շուկա են մատակարարում ռուբլով կնքված պայմանագրերով, այս ընթացքում միայն ռուբլու թուլացման հետևանքով հսկայական ֆինանսական կորուստներ են կրում։ Նախկինում 1 ռուբլին փոխանականում էին, ենթադրենք, 6-6,5 դրամով, հիմա փոխանակում են 4-4,5 դրամով։
Բայց նրանք միայն ռուբլու արժեզրկումից չէ, որ տուժում են։ Տեղական արտադրող-արտահանողը մեծապես տուժում է նաև դրամի ամրապնդումից, այն էլ այսպիսի կտրուկ ամրապնդումից։
Եթե ռուբլու թուլացման ազդեցությունը տնտեսությունը սկսել է կրել հիմնականում այս տարվա վերջին 7-8 ամիսներին, դրամի ուժևորման ազդեցությունն արդեն մեկ ու կես տարի է կրում։ Այդ ընթացքում ազգային արժույթը դոլարի ու եվրոյի նկատմամբ արժևորվել է գրեթե 20-25 տոկոսով։
Միայն այս գործոնի հետևանքով հայկական ապրանք արտադրող-արտահանողները դոլարի և եվրոյի շուկաներում ֆինանսական լուրջ կորուստներ են կրում։ Այս տարվանից դրան միացավ նաև ռուբլու շուկան. դրամի նկատմամբ արժեզրկվել է նաև ռուսական ռուբլին։ Անցած տարի ռուբլին անհամեմատ ամուր էր, ինչը թույլ էր տվել ռուբլու շուկայում նվազեցնել դրամի արժևորումից բխող կորուստները։ Հիմա արդեն իրավիճակն այլն է։
Ռուսական շուկան ևս միացել է դրամի ամրապնդման հետևանքով Հայաստանի տնտեսությանը, այսպես ասած, տուգանելու գործին։ Իսկ դա մեծ հարված է արտահանմանը միտված տեղական արտադրությանը, այդ թվում՝ գյուղմթերքի արտադրությանը, որի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։
Գյուղացին արդեն հասցրել է զգալ ռուբլու արժեզրկման ու դրամի արժևորման ազդեցությունը սեփական գրպանի վրա։ Այս տարի գյուղմթերքն անհամեմատ ավելի էժան էր մթերվում. պատճառը դրամի նկատմամբ ռուբլու էժանացումն էր։
Քանի դեռ այս միտումը պահպանվում է, առաջիկայում էլ գյուղացին շարունակելու է իր վրա կրել փոխարժեքի բացասական ազդեցությունը։ Ստիպված է լինելու մթերող-արտահանողներին ավելի էժան վաճառել աճեցրած բերքը և բավարարվել ավելի քիչ եկամուտներով, եթե, իհարկե, այդպիսին կլինի։
Արտահանման ամբողջ հատվածն է նույն վիճակում։ Տնտեսությունն արտաքուստ աճեր է գրանցում, արտահանում-ներմուծումներն անգամներով ավելանում են, իսկ տնտեսության արտահանելի հատվածը գնալով մեռնում է։
Պարզ է, միայն ներքին շուկան՝ ծավալների առումով, շատ սահմանափակ է տեղական արտադրանքի իրացման համար։ Առավել ևս, որ տեղական արտադրանքն ազգային արժույթի ամրապնդման հետևանքով պակաս լուրջ խնդիրների չի բախվել նաև ներքին շուկայում՝ ներմուծվողների նկատմամբ։
Դրամի ամրապնդումն ինչքանով հարվածել է արտահանմանը, նույնքանով նպաստել է ներքին շուկայում ներմուծվող ապրանքների մրցանակության բարձրացմանը՝ տեղականի նկատմամբ։ Ներմուծումներն այս գործոնի արդյունքում լուրջ առավելություն են ստացել։
Հիմնական արտահանվող երկրների արժույթների նկատմամբ դրամի այսպիսի կտրուկ ամրապնդումից տնտեսությունը գնալով շնչահեղձ է լինում, կորցնում է իրացման հնարավորությունները, ֆինանսական լուրջ կորուստներ է կրում, երբեմն բախվում անհաղթահարելի դժվարությունների հետ, իսկ իշխանությունները հրճվում են իրենցից անկախ գործոնների արդյունքում առաջացած ժամանակավոր, այդ թվում՝ ներմուծում-արտահանումների անգամներով աճերից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ