Անհնար է մի տեղ ունենալ տնտեսական միջավայր, մյուս տեղում՝ անվտանգային. դեռ կտեսնենք՝ սրանք ուր են թռչում. Սերժ Սարգսյան
Արդյո՞ք Սերժ Սարգսյանի «և-և»-ի քաղաքականության և ՀՀ-ում այսօր վարվող քաղաքականության մեջ կան զուգահեռներ, ինչը որոշ մարդիկ փորձում են երբեմն անցկացնել։ Այս հարցն այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողներն ուղղեցին Սերժ Սարգսյանին, ինչին ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահն ասաց՝ զուգահեռներ չկան։
«Դրանք բոլորովին իրար նման չեն, տարբեր բաներ են, որևէ աղերս իրար հետ չունեն։ Դուք այսքան ժամանակ մեր վարած քաղաքականության ընթացքում լսե՞լ եք, որ որևէ բանում մեզ պարտադրեն կամ Արևմուտքից, կամ մեր դաշնակցի կողմից. որովհետև մենք անում էինք քայլեր, որոնք բխում էին մեր երկրի շահերից և արկածախնդրության հետ որևէ առնչություն չունեին։
Բերեմ երկու օրինակ՝ եթե մենք չշարունակեինք ՀԱՊԿ-ի հետ, ապա մենք միլիարդավոր դոլարների սպառազինություն չէինք ունենա։ Իհարկե, այդ սպառազինությունն այսօրվա վայ իշխանություններն անվանում են մետաղի ջարդոն, բայց մենք տեսնում ենք, թե «մետաղի ջարդոնն» ինչպես է օգտագործվում հմուտ օգտագործողների կողմից, օրինակ, Ուկրաինայում։ Եթե մենք չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, ապա այսօրվա Հայաստանի տնտեսությունը բառիս բուն իմաստով «չոքել» էր։ Եթե այդ հարցերով զբաղվում եք, ապա պետք է տեսնեիք, որ մեր տնտեսությունը զարգանում է ներկրում-արտահանումով»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Երրորդ նախագահը նաև ասաց, որ հրապարակավ չի խոսել այդ մասին, բայց կասի, որ ուղիղ երկու տարի առաջարկում ու խնդրում էր՝ սկզբից՝ Մաքսային միությանը, այնուհետև՝ ԵԱՏՄ-ին և անդամակցող երկրներին, ընդունել Հայաստանին այդ կառույցներ։ Պատճառը պարզ էր, քանի որ այդ կառույցին չանդամակցելը բերելու էր այն իրավիճակին, ինչ իրավիճակ ստեղծվել է Մոլդովայում, Վրաստանում, ավելի վատ՝ Ուկրաինայում։
«Այն ժամանակ մեր տնտեսության մի հիմնական մասը կազմում էր գյուղատնտեսությունը։ Մենք ունեինք 300 հազար գյուղացիական տնտեսություն, այդ մարդիկ ի՞նչ պետք է անեին, որտե՞ղ պետք է վաճառեին մեր ծիրանը, կոնյակը, կարո՞ղ է՝ տանեինք Թուրքիա լոլիկ վաճառելու, ընդ որում, դրա մասին հստակ գիտեն ԵՄ մեր գործընկերները։
Այդ շրջանակները, որոնք այսօր ասում են, թե իբր մեզ պարտադրում էին, և մենք խաբել ենք ԵՄ-ին, արդյո՞ք խաբելու պարագայում ԵՄ-ն թույլ կտար իրեն մեզ հետ ստորագրելու մի այնպիսի պայմանագիր՝ ՍԵՊԱ կոչվող պայմանագիրը, որը պատիվ է բերում ցանկացած երկրի։ Կոնկրետ մարդիկ տասնյակներով գալիս էին Կառավարության շենք, մտնում էին տարբեր կառույցներ, ինչպե՞ս կարող է դա գաղտնիք մնար։
Ինքս բազմիցս ասել եմ, որ անհնար է մի տեղ ունենալ անվտանգության միջավայր, մյուս կողմում՝ տնտեսություն»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում