Չասացին, բայց արեցին. Սա դեռ միայն սկիզբն է
Երևանում «կարմիր գծերի» կտրուկ թանկացումն այլևս իրողություն է։ Չնայած հասարակության շրջանում առկա համատարած դժգոհություններին՝ այդպես էլ քաղաքային իշխանությունը չհրաժարվեց իր մտադրությունից։ Ոչ միայն չհրաժարվեց, այլև նույնիսկ որևէ զիջման չգնաց՝ առաջարկված կտրուկ թանկացումն ինչ-որ չափով մեղմելու համար։
Հարուստ ու ապահովված հասարակություններ ունեցող երկրների չափանիշներով՝ սահմանեցին «կարմիր գծերի» վճարները։ Թեև Հայաստանի բնակչության սոցիալական վիճակն անհամեմատելի է այդ երկրների հետ։
Որպես հետևանք և Նոր տարվա առաջին նվեր՝ հունվարի 1-ից քաղաքացիները մի քանի անգամ ավելի կվճարեն՝ կենտրոնում կայանելու համար, կրկնակի ավելի՝ կենտրոնից դուրս կայանելու համար։
Կենտրոնում «կարմիր գծերի» տարեկան վճարը 13 անգամ ավելին կլինի, քան կար։ Մեկ ժամվա գինը՝ եռակի ավելի շատ, քան նախկինում՝ 100 դրամի փոխարեն՝ 300 դրամ։ Կենտրոնից դուրս «կարմիր գծերի» վճարը կկրկնապատկվի՝ տարեկան 12 հազարի փոխարեն՝ քաղաքացիները կվճարեն 24 հազար, իսկ մեկ ժամի համար՝ 200 դրամ՝ նախկին 100-ի փոխարեն։
Թե անգամ այս աննախադեպ թանկացումից հետո ինչքանո՞վ կբեռնաթափվի Երևանը, դեռ ժամանակ կունենանք տեսնելու։ Ամեն դեպքում, միամտություն է կարծել, որ դրանով քաղաքի ծանրաբեռնվածության խնդիրը կլուծվի։
Ոչ թե այն պատճառով, որ հասարակական տրանսպորտը պատրաստ չէ դրան, այլ՝ որովհետև կգտնվեն մարդիկ, ովքեր կվճարեն նաև այդ գինը։ Պարզապես հիմա արդեն տարեկան վճարներով «կարմիր գծերից» կօգտվեն բացառապես հասարակության հարուստ խավերը։ Ու կստացվի այնպես, որ այս ամենն արվեց Երևանի կենտրոնում ունևորների, նաև իշխանության գալուց հետո հարստացած պաշտոնյաների թանկարժեք մեքենաները կանգնեցնելու նպատակով տարածքներ ազատելու համար։
Այս աննախադեպ թանկացումն ամենևին չի լուծելու Երևանի կենտրոնի ծանրաբեռնվածության խնդիրը։ Սակայն բավական լուրջ գումարներ կապահովի քաղաքային իշխանությունների համար, որպեսզի իրենց ուզածի չափ ճոխ ծախսեր անեն քաղաքացիների գրպանի հաշվին։
Ասենք՝ ուռճացված քաղաքային իշխանության ապարատ պահեն. քաղաքապետի 7 խորհրդական, 4 օգնական, 2 գործավար, այն էլ՝ հսկայական աշխատավարձերով։
Քաղաքապետի խորհրդականին պատրաստվում են վճարել 630 հազար դրամ, օգնականին՝ 545 հազար դրամ, գործավարին՝ 360 հազար դրամ։
Միայն քաղաքապետի ապարատի այս աշխատակիցների ամսական աշխատավարձը քաղաքային բյուջեի վրա նստելու է 7,3 մլն դրամից ավելի գումար։ Դժվար չէ հաշվել, թե ինչքան կնստի տարեկան՝ գրեթե 88 մլն դրամ։
Սա՝ առանց պարգևավճարների։ Պարգևավճարներով՝ կարող է անցնել 100 մլն դրամից։
Այդքան գումար ՔՊ-ական քաղաքապետը պատրաստվում է ծախսել միայն իր աշխատակազմի վարձատրության համար, պահպանման մյուս ծախսերը դեռ չենք հաշվում։
Հիմա պատկերացրեք, թե ինչքա՞ն պիտի ծախսեն քաղաքային ամբողջ իշխանության ապարատի պահպանման վրա։
Իբր քաղաքապետարանի հաստիքացուցակը կրճատել են, բայց աշխատողների քանակը նախկին 787-ի փոխարեն՝ մի բան էլ ավելացել է՝ հասցվել է 812-ի։
Այդքան մարդ նստած է քաղաքապետարանի բյուջեի վրա ու սնվում է հարկատուների փողերով։ Հավանաբար նաև նրա համար, որ մտածեն, թե էլ ինչ նորություններ մոգոնեն՝ քաղաքացու գրպանի վրա ֆինանսական բեռ ավելացնելու համար, որպեսզի կարողանան փակել իրենց ճոխությունները։
Ժամանակին դժգոհում էին, որ նախկին իշխանությունները երկիրը վերածել են «պադավատապետության»։ Այնինչ՝ միայն քաղաքային իշխանության պաշտոնյաներին ու մյուս չինովնիկներին սպասարկելու համար պատրաստվում են 99 «պադավատ» պահել։
Այսքան ծախսերի մեջ բնական է, որ պիտի ամեն ինչ թանկացնեն, որ իրենց գումարները քչություն չանեն։
«Կարմիր գծերի» հարցը լուծեցին, թեև ընտրություններից առաջ «մոռացել» էին ընտրողներին ասել, որ պատրաստվում են դրանց վճարներն անգամներով բարձրացնել, շուտով կանցնեն քաղաքային տրանսպորտի թանկացմանը, որի մասին էլ ընտրությունների ժամանակ «մոռացել» էին ասել ընտրողներին։
Պակաս կտրուկ չի լինելու հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը։
Դա էլ կլինի Նոր տարվա հաջորդ նվերը երևանցիների ու ոչ երևանցիների համար։
Բոլորովին վերջերս, իշխանությունների հետ փոխկապակցված՝ Երևանի ավագանու նախկին անդամներից մեկը տեղեկատվություն հրապարակեց, որ շուտով մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 150 դրամ։ Իհարկե, քաղաքապետարանից շտապեցին այն հերքել, բայց հերքելով՝ հաստատեցին, որ պատրաստվում են թանկացնել քաղաքային տրանսպորտը։ Պարզապես դա անելու են ոչ թե ուղեվարձը համատարած 150 դրամ սահմանելով, որպեսզի աչք ծակի, այլ քողարկված ձևով, այսպես կոչված՝ միասնական տոմսային համակարգի ներդրման միջոցով։
Միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները գրեթե ավարտվել են, ու շուտով քաղաքացիները զգալու են դրա ազդեցությունն իրենց սեփական գրպանի վրա։ Ընդ որում, այդ համակարգում ներառվելու է նաև մետրոն։ Մետրոյի ուղեվարձը ևս թանկանալու է։
Իհարկե, թանկացումը տարբեր ձևերով է արտահայտվելու քաղաքային տրանսպորտից օգտվողների վրա, բայց երբեմն այն կրկնակի-եռակի թանկ է նստելու, քան այսօր գործող 100 դրամ ուղեվարձն է։
Կլինեն ֆինանսական ծանրացումներ ոչ միայն՝ քաղաքացիների, այլև՝ քաղաքում գործող տնտեսավարողների համար՝ տարբեր հարկերի ու տուրքերի բարձրացման միջոցով։
Ահա այսպես է քաղաքային իշխանությունն իր քպ-ական քաղաքապետով, ընտրություններից կարճ ժամանակ անց, փոխհատուցում երևանցիներին՝ ստացած ձայների համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ