Բաժիններ՝

Բարի մտքերի ֆաբրիկա

Այս պատմությունն ինձ հետ պատահեց այն ժամանակ, երբ Օպտինայի մենաստանից Կոզելսկ էի գնացել հանձնարարությամբ: Հանձնարարությունը կատարեցի և եկավ մենաստան վերադառնալու ժամանակը: Երթուղայինները երեկոյան այլևս չեն աշխատում և Օպտինա գնացող վերջին երթուղայինն էլ շարժվեց: Վազում եմ, ահա, դրա ետևից, իսկ պայուսակս ծանր է: Չհասա:

Նստեցի համարյա դատարկ քաղաքային երթուղայինը: «Հենց նոր Օպտինայի երթուղայինը գնաց: Կկարողանա՞նք հասնել դրան քաղաքի կանգառներից մեկում»,- հարցնում եմ:

Վարորդն անշտապորեն շրջվում է դեպի ինձ, նայում մռայլ հայացքով, հետո հետ շրջվում ու ատամների արանքից ասում. «Չէ, չենք հասնի»: Գրպանից հանում է բջջայինն ու սկսում զանգել: «Դե իհարկե,- մտածում եմ,- եթե վարելուց հեռախոսով էլ խոսես, ապա հաստատ չենք հասնի»: Նա հանգիստ զրուցում է ինչ-որ մեկի հետ, իսկ ես նստել ու բարկանում եմ ինքս ինձ վրա, որ չհասցրեցի երթուղայինին, անձրևոտ եղանակի վրա եմ բարկանում, անկիրթ վարորդի: Գիտեմ, որ անիմաստ է բարկանալը: Դատել նույնպես չի կարելի: Փորձում եմ որևէ բարի բան մտածել վարորդի մասին: Հայր Պաիսիոս Աթոսացին ասում էր, որ անհրաժեշտ է համբերությամբ տանել շրջապատի մարդկանց տկարությունները, սիրով ծածկել դրանք, չտրվել դատելու, անվստահության մտքերին: Իսկ դրա համար անհրաժեշտ է բարի բաներ մտածել շրջապատողների մասին, փորձել արդարացնել նրանց, կարեկցել: Մտածել, որ հնարավոր է նրանք բարի մտադրություն ունեին, բայց չստացվեց իրականացնել: Ծերը այդ մտավոր աշխատանքը «բարի մտքերի ֆաբրիկա» էր անվանում:

Երթուղայինն ի վերջո շարժվեց տեղից: Վարորդը կշտացավ խոսելուց: Նստել ու փորձում եմ բարի բան մտածել նրա մասին, չդատել, այլ արդարացում գտնել: «Այսպես ուրեմն,- մտածում եմ,- հնարավոր է նրա մայրը հիվանդանոցում պառկած է: Կամ տանն է հիվանդ պառկած: Եվ նա նրան հաճախ է զանգում, անհանգստանում է մոր համար… Կամ, ոչ: Միգուցե պետք է շտապ երեխաներին զանգի՝ ստուգելու, թե տանն ինչ են անում մենակ…» Այսպես գնում ենք ու զգում եմ, որ բարկությունս անցավ, և վարորդն էլ այլևս այդքան վատը չի թվում: Երևի լավ մարդ է… Ուղղակի շատ խնդիրներ ունի…

Կարդացեք նաև

Հասնում ենք կանգառին: Վարորդը շրջվում է դեպի ինձ ու ասում. «Հասանք Օպտինայի երթուղայինին: Տեղափոխվեք»:

Ես արագ տեղափոխվում եմ: Ուղեվարձը վարորդին եմ մեկնում, իսկ նա հարցնում է. «Դե ինչ, քիչ էր մնում ուշանայի՞ք»: Ես ժպտում եմ. «Այո, արդեն տրամադրվել էի, որ ոտքով պիտի գնամ, միայն թե եղանակը լավը չէ, պայուսակս էլ ծանր է»:

Երիտասարդ վարորդն էլ ինձ է ժպտում ու ասում. «Այո, ստիպված ոտքով պիտի գնայիք, եթե ընկերս՝ քաղաքային երթուղայինի վարորդը, չլիներ: Նա զանգեց ինձ ու խնդրեց մի փոքր սպասել կանգառում: Ասաց. «Մի ուղևոր է ուշացել քո երթուղուց: Մեծ պայուսակով է: Սպասիր նրան, լա՞վ, մեղք է քույրիկը»: Ես էլ սպասեցի»:

Ահա և քեզ մռայլ վարորդ: Ինձ «քույրիկ» է անվանել…

«Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում» (Սղմ. 50:12):

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս