Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները. «Ազատություն»
Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները, «Ազատությանը» տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։
Այն, որ Ադբեջանը Հայաստանին է փոխանցել Խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկությունների նոր փաթեթը, դեռ երեկ պետական AzTV-ին տված հարցազրույցում տեղեկացրել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց փակագծեր բացելու դրանց բովանդակության վերաբերյալ։
Ջեյհուն Բայրամովը միայն շեշտել է, թե խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում։
«Գործընթացը շարունակվում է։ Կարծում եմ, որ հանդիպումները տեղի կունենան արդեն 2024 թվականին։ Մենք այս հարցին իրատեսորեն և լավատեսորեն ենք նայում։ Երբ խոսում ենք խաղաղության պայմանագրից, պետք է հասկանանք, որ դա չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Բայրամովը հիշեցրել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փաթեթը Երևանից ստացել է այս տարվա նոյեմբերի վերջին, և մեկ ամսվա ընթացքում դրանք մշակել ու ներկայացրել է հայկական կողմին։
Արդյո՞ք խաղաղության պայմանագրի տեքստում ամրագրվելու են սահամանազատման հետ կապվախ սկզբունքները, թե ոչ, դեռևս հստակ չէ։ Ամեն դեպքում Բաքուն վերջին շրջանում խոսում է Խաղաղության պայմանագիրն ու սահամանազատման գորընթացը միմյանցից տարանջատելու մասին։
Օրեր առաջ Իլհամ Ալիևի արտաքին հարցերով օգնական հիմքեթ Հաջիևն էր շեշտել, թե սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին, այսօր էլ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն է ընգծում, որ Խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի լուծում չի նախատեսում։
Ի դեպ, Բայրամովը պնդել է, թե խաղաղության պայմանագրի հետ կապված բոլոր կարևոր նախաձեռնությունների հեղինակը հենց Ադրբեջանն է։
Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի արդեն 7-րդ մշակումն են փոխանակում, սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո ոչ ղեկավարների, ոչ էլ արտգործնախարարների մակարդակով բանակցություններ տեղի չեն ունեցել։
Վերջերս հանրայինին տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ աշխատանքայինշփումներ կան, բանակցային գործընթացը շարունակվում է օնլայն ռեժիմով։