ՌԴ-ն հարված կհասցնի Ուկրաինայում օտարերկրյա ռազմակայաններին, եթե դրանք ստեղծվեն. Մեդվեդեւ
Ռուսաստանն անպայման հարված կհասցնի Ուկրաինայում օտարերկրյա ռազմակայաններին, եթե դրանք ստեղծվեն։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր Թելեգրամ-ալիքում։
Խոսելով ԵՄ պատրաստած հռչակագրի մասին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ՝ նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ փաստաթուղթն ինքը «անգրագիտություն է՝ առանց ավելացված արժեքի։ Բայց այն Կիեւին առանձին երկրների հետ համաձայնագրեր կնքելու հնարավորություն է տալիս սպառազինությունների մատակարարման, զինծառայողների պատրաստման, ռազմական ծրագրերի ֆինանսավորման եւ շատ այլ բաների մասին, ընդհուպ մինչեւ Ուկրաինայում ռազմակայանների ստեղծումը։
«Ահա այսպիսի մոդել. ՆԱՏՕ ձեզ չենք վերցնի, պատերազմ չենք ցանկանում Ռուսաստանի հետ, բայց անհատական կարգով ձեզ ոչ մի բանով մի սահմանափակեք։ Եվ այստեղ հարցն արդեն այն է, թե ինչպես են նրանք մեկնաբանելու Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը։ Այլ խոսքով, երբ Ռուսաստանը հարված հասցնի նման կայանին (իսկ դա անպայման կպատահի, քանի որ կայանի զինծառայողները հատուկ եկել են մեր դեմ կռվելու համար), արդյո՞ք դաշինքի երկրները պատրաստ կլինեն հավաքական պատասխանի մեր երկրին՝ կայանի ոչնչացման համար, որն ստեղծվել է ՆԱՏՕ երկրներից մեկում»։
Մեդվեդեւը նշել է, որ հարվածը ցանկացած ռազմակայանին, անկասկած, հիմնավորում է այդ պայմանագրի 6-րդ հոդվածի կիրառման համար («Զինված հարձակում… պայմանավորվող կողմերից որեւէ մեկի զինված ուժերի, նավերի կամ օդանավերի վրա»)։ «Իսկ հետո ավելի հետաքրքիր է՝ պատասխանը պարտադիր չէ, որ լինի ռազմական կամ հավաքական, ինչպես ասված է պայմանագրի այդ նույն 5-րդ հոդվածում»,- նշել է նա։