Ինչո՞ւ են օտարերկրյա ներդրողները խուսափում ներդրումներ անել շինարարության մեջ, ի՞նչ ռիսկեր են տեսնում Հայաստանում  

Մինչ իշխանությունները հավաստիացնում են, թե շինարարությունը Հայաստանում ծաղկում է, որովհետև մարդիկ հավատացել են «ապագա կա»-ի իրենց խոստմանը, օտարերկրյա ներդրողները խուսափում են ներդրումներ անել շինարարության մեջ։ Ստացվում է, որ նրանք պարզապես չեն հավատում կամ վստահում իշխանությունների ասած՝ «ապագա կա»-ին։ Դրա համար էլ խուսափում են իրենց միջոցները ներդնել շինարարության մեջ։

Այս տարվա տասն ամսում Հայաստանում 1 մլրդ դոլարից ավելի շինարարություն է իրականացվել՝ պետությունն ու մասնավորը միասին վերցրած։ Բայց դրա մեջ օտարերկրյա ներդրողների բաժինը չնչին է, նույնիսկ 1 տոկոսին չի ձգում։

Տասն ամսում օտարերկրյա ներդրողները Հայաստանում ընդամենը 3,2 մլրդ դրամի ներդրում են կատարել։ Այն համարժեք է հազիվ 8 մլն դոլարի։

Դժվար է անգամ հիշել, թե այսպիսի պասիվություն շինարարության ոլորտում օտարերկրյա ներդրողների կողմից մեկ էլ երբ էր եղել։ Անցած տարի էլ նրանց հետաքրքրությունները ցածր էին, բայց անհամեմատ ավելի շատ ներդրում էին արել, քան այս տարի։

Կարդացեք նաև

Անցած տարվա տասն ամսում օտարերկրյա ներդրումները շինարարության մեջ հասնում էին գրեթե 10 մլրդ դրամի. առնվազն եռակի ավելի, քան այս տարի։

Տարիներ առաջվա հետ նույնիսկ համեմատության եզրեր չկան։ 2017թ., երբ Հայաստանում ոչ մեկը չէր խոսում շինարարության բումի մասին, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դեռ չէր խոստացել, որ իր վարչապետ ընտրվելու դեպքում Հայաստանում ամենուրեք ներդրումային բում է լինելու, շինարարության ոլորտում գրեթե տասն անգամ ավելի շատ օտարերկրյա ներդրումներ էին արվել, քան արվել են այս տարի։ Այն ժամանակ դրանք կազմել էին շուրջ 32 մլրդ դրամ, այս տարի կազմել են 3,2 միլիարդ։

Դեռ չեն խոսում այն մասին, որ սրանք շինարարության մեջ կատարված ներդրումներն են՝ հաշվարկված ընթացիկ գներով։ Գնաճի ազդեցությունը հանված չէ։ Մինչդեռ, դժվար չէ պատկերացնել, թե այս ընթացքում որքանով է թանկացել շինարարությունը։ Եթե վեց տարի առաջվա 3,2 մլրդ դրամով կարելի էր, ենթադրենք՝ մի ամբողջ շենք կանգնեցնել, այսօր դրա կեսն էլ հնարավոր չէ անել՝ կտրուկ թանկացումների պատճառով։ Բայց այն ժամանակ Հայաստանում 10 անգամ ավելի շատ օտարերկրյա ներդրումներ էին կատարվել շինարարության մեջ, քան այս տարի։

Կարելի է ասել, այս տարի օտարերկրյա ներդրումների հետաքրքրություններն ընդհանրապես մարել են, չնայած շինարարությունը «ծաղկում է», ինչպես իշխանություններն են ասում, անգամ անվտանգությունը խնդիր չէ։

Եթե այդպես է, ապա ինչի՞ց են վախենում կամ զգուշանում օտարերկրյա ներդրողները, որ իրենց այդքան հեռու են պահում շինարարությունից։ Կարող է, չէ՞, դրա համար հիմնավոր պատճառ լինել։ Այլապես ինչո՞ւ չպիտի ուզենային օգտվել շինարարության ոլորտի «բարիքներից»։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է իշխանությունները տան։

Միայն օտարերկրյա ներդրողները չեն, որ խուսափել են շինարարության մեջ ներդրումներ անելուց։ Հայաստանի քաղաքացիների կողմից իրականացված շինարարության ծավալները ևս այս տարի կրճատվել են։ Ու դա առնվազն երկու բան կարող է նշանակել՝ մարդիկ չեն հավատացել իշխանությունների խոստացած «ապագա կա»-ին կամ հնարավորություն չեն ունեցել։ Երկուսն էլ իշխանությունների օգտին չեն։

Բնակչության կողմից իրականացվող շինարարության ծավալներն այս տարի ավելի քան 1 մլրդ դրամով պակաս են եղել։ Եղել են 70,4 մլրդ դրամի սահմաններում։

Այդքան խոսում են բյուջեի հաշվին նախադեպը չունեցող շինարարական աշխատանքներ կատարելու մասին, բայց կրճատվել են նաև կառավարության կողմից իրականացված շինարարության ծավալները։

Այս տարի բյուջեի միջոցներով ավելի քիչ շինարարություն է իրականացվել, ներառված նաև վարկային միջոցները, քան անցած տարի։

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ ավելի քան 1 մլրդ դոլարի շինարարությունից՝ կառավարության բաժինը 220-230 մլն դոլարի սահմաններում է։

Նախորդ տարվա համեմատ՝ այն 4,6 տոկոսով նվազել է։

Առնվազն 10 մլն դոլարից պակաս շինարարություն է իրականացվել բյուջեի հաշվին, քան իրականացվել էր անցած տարի։

Անցած տարի էլ շինարարության մեջ կառավարության ներդրումները կրճատվել էին։

Կառավարության մասնաբաժինը 26,6-ից դարձել է 21,8 տոկոս։ Մեկ տարում 4,8 տոկոսային կետով նվազել է։

Կրճատվել է հատկապես վարկային միջոցներով իրականացվող շինարարությունը։

Այստեղ նվազումը, նախորդ տարվա համեմատ, հասնում է 17 տոկոսի։

Միջազգային առանձին ֆինանսական կազմակերպությունների հատկացրած վարկային միջոցներով կատարված շինարարական աշխատանքների նվազումը երբեմն հասնում է ընդհուպ մինչև 50-60 տոկոսի։

Միայն կազմակերպությունների կողմից իրականացված շինարարությունն է, որ ավելացել է։ Հայտնի է, թե սա էլ ինչի հաշվին է եղել։ Պետությունը բյուջեից մեծ գումարներ է վճարում, որպեսզի խթանի կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարությունը։ Եվ դա անում է եկամտային հարկի տեսքով հսկայական գումարներ բյուջեից հանելու միջոցով։

Այդ գումարները վերադարձվում են նրանց, ովքեր հիփոթեքով բնակարան են գնում, բանկերն էլ լրացուցիչ երաշխիք են ստանում՝ տրամադրված վարկերի համար։

Բացառապես սրա հաշվին է Հայաստանում «ծաղկում» շինարարությունը, և ոչ թե՝ նրա, որ մարդիկ հավատացել են իշխանության հռչակած ապագայի խոստումներին։ Երբ կդադարի եկամտային հարկի վերադարձը, որը շատերի համար դարձել է անաշխատ եկամտի աղբյուր և պետական բյուջե վճարած հարկերը հետ ստանալու միջոցով բնակարան ձեռք բերելու հնարավորություն, գուցե նաև հետագայում վերավաճառելու ակնկալիքով, այն ժամանակ կերևա, թե ուր կգլորվի շինարարությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս