«Աշխարհի որևէ բանական երկրում կարո՞ղ են կարտոֆիլի պարկ տշողին պարգևատրում տալ, իհարկե ո՛չ, միայն մեր երկրում»․ Սերժ Սրապիոնյան
ՀՀ կառավարության անդամներն այս տարի էլ կկարողանան ճոխ Ամանոր նշել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տրամադրելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- մասնավորապես ասված է որոշման մեջ։
Միևնույն ժամանակ, այս ամենի ֆոնին արցախցիներն անցած մի քանի ամիսներին անընդհատ ահազանգում են Արցախից բռնի տեղահանվելուց ու ՀՀ տեղափոխվելուց հետո կենցաղային տարրական պայմանների բացակայության, վարձավճարները կատարել չկարողանալու ու մի շարք այլ խնդիրների մասին։
Ի դեպ, հիշեցնենք, որ արցախցի մեր հայրենակիցներն իրենց թոշակներն արդեն 4 ամիս է՝ չեն կարողանում ստանալ։ Իսկ Աշխատանքի և սոցիալական աշխատանքների նախարարությունից հայտնեցին, որ դեկտեմբերի վերջին վճարվելու է մոտ 10.600 արցախցիների հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների թոշակներն ու նպաստները միայն։
ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Սերժ Սրապիոնյանը 168.am-ի հետ զրույցում այս փաստը, մեղմ ասած, անընդունելի է համարում։
«Այս ամենը կարելի է նկարագրել միայն մեկ բառով՝ անբարոյականություն։ Մարդիկ ուղղակի իմաստով հասկացել են, որ եթե իրենք զբաղվում են քաղաքականությամբ, իսկ քաղաքականությունն անբարոյականություն է, իրենց կարող են անբարոյականի պես պահել։ Տեսեք, թե Արցախից եկած ժողովրդի համար ինչ գումարներ նախատեսեցին, իբրև թե կառավարության կողմից։ Բայց մամուլում տեղեկություններ ունենք, թե միայն Սփյուռքից քանի միլիոն դոլար է եկել-հասել Հայաստան, որը տնօրինում են այս կառավարության փողակերները։ Արցախցիներին փոխանցած գումարի մոտավորապես տասնապատիկը կարող էր հասնել այդ գումարը նպատակային օգտագործելու դեպքում, բայց ի՞նչ հասավ նրանց։ Չնչին մասը միայն։ Հիմա իրենք արցախցիների համար նախատեսված գումարները դրել են իրենց տակ ու պարգևատրումների տեսքով դատարկում են գրեթե բոլոր ֆոնդերը»,- արձանագրեց Սրապիոնյանը։
Սերժ Սրապիոնյանը հիշեց, թե նախկինում ինչպիսի կյանք էին վարում այսօր իշխանության ղեկին գտնվողները։
«Մինչև իշխանության գալն այս մարդիկ ունեին չմարված պարտքեր, ապառիկով գնված ապրանքներ, որոնց գումարը չէին կարողանում վճարել, նորմալ աշխատանք չունեին։ Հիմա տեսեք՝ ինչ շքեղ առանձնատներում են ապրում, ինչ մեքենաներից են օգտվում, հիշեք միայն, թե ինչպես նորացվեց ամբողջ կառավարական մեքենաների պարկը՝ ամենաշքեղ մեքենաներով։ Ակամայից հիշեցի, թե այս խամաճիկներն ու օտարերկրյա գործակալներն ինչ աղմուկ էին բարձրացրել, երբ Հանրապետության Երկրորդ նախագահը ձեռք բերեց նախագահին սպասարկող առաջին ինքնաթիռը, որից հիմա իրենք հաճույքով օգտվում են։ Եթե չեմ սխալվում, այդ ինքնաթիռին 20 կամ 40 մլն դոլար էին վճարել։ Հիմա իրենք դրա քառապատիկ ու հնգապատիկ ավելի գումարը ծախսում են իրենց առօրյա ծախսերի համար»,- ասաց Սրապիոնյանը։
Այս առումով նա ուշադրություն հրավիրեց նաև Հանրապետության նախագահի գործունեությանը՝ մատնանշելով, որ նրան հանրությունը տեսնում է միայն տարբեր պաշտոնատար անձանց հուղարկավորությունների ժամանակ լուսանկարվելիս։
«Հանրապետության մեջ նախագահը հիշեցնում է շաքարաքլոր։ Ուրիշ ոչնչով չի զբաղվում։ Լավագույն դեպքում 1-2 հուղարկավորության է գնում, նկարվում է կամ դաշնամուր նվագելով է զբաղված։ Օրական միայն 10.000 դոլար այդ նախագահին պահելու վրա է ծախսվում։ Ո՞ւր է գնում այդ գումարը, ի՞նչ է արվում՝ անհասկանալի է»,- ասաց նա։
Իսկ արդյո՞ք ՀՀ ԱԺ պատգամավորները բավարար աշխատանք իրականացնում են այսպիսի գումարներ ու պարգևավճարներ ստանալու համար։
«Կարծում եմ՝ ո՛չ կառավարամերձ կամ իշխանության ներկայացուցիչ պատգամավորներն են դրա համար բավարար աշխատանք տանում, ո՛չ էլ ընդդիմադիր պատգամավորները, որոնք այդուհանդերձ, ինչ-ինչ հարցերով, իհարկե, զբաղվում են, և լավ է, որ աղմուկ են բարձրացնում։ Այս ինֆորմացիոն պատի հետևից այդ պատգամավորների աշխատանքն ինչ-որ չափով երևում է։ Բայց այսպիսի պարգևատրումների, իհարկե, պատգամավորներն արժանի չեն։ Ի՞նչ պարգևատրում։ Պարգևատրումներն իրենց չսիրած «նախկինների» օրոք ստանում էին այն մարդիկ, ովքեր իրենց զբաղեցրած պաշտոնի պահանջներից դուրս լրացուցիչ ինչ-որ աշխատանքներ էին արել, որի արդյունքն ակնհայտ էր։ Այդպիսի որևէ փաստարկ վերջին 6 տարում որևէ պատգամավորի ու պետական պաշտոնյայի վերաբերյալ չի ասվել։ Քացի տալուց ու ավելորդ ճամարտակություն անելուց բացի՝ ի՞նչ է արել, օրինակ․․․ մեկն ունենք․․․ գիրացած մեկը, Վահագնը Ալեքսանյան։ Ես զարմանում եմ։ Աշխարհի որևէ բանական երկրում կարո՞ղ են կարտոֆիլի պարկ տշողին պարգևատրում տալ, էլ չեմ ասում այն ոճրագործությունների մասին, որոնք սրանք անում են»,- ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Այս համատեքստում նա հիշեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու ելույթները՝ հայրենիքի ու պետականության թեմաներով, Արցախի Հանրապետության պատկանելիության ու մյուս հարցերի վերաբերյալ։
«Երկիրը, պատմական հայրենիքը հանձնելը, իրենց հայրենիք չճանաչելը, օրենքով Արցախի կառավարության բոլոր հնարավոր գործունեության դաշտը փակելը, Արցախից հենց սրանց ձեռքով բռնագաղթվածների խնդիրները։ Այս պատգամավորներից գեթ մեկը, անգամ Մարդու իրավունքների պաշտպանը, սրանց դատախազը, որևէ արցախամոտ ու արցախամետ կարծիք արտահայտե՞լ է, թե՞ չի արտահայտել։ Ես միայն կարծիքն եմ հարցնում, աշխատանքի ու քայլերի մասին չեմ էլ խոսում»,- ասաց Սրապիոնյանը։
Հիշեցրինք, որ հակառակը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հետևյալ գրառումն էր արել.
«Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ օրենք ընդունող ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն ու չկա: Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ պետություն ու չկա»։ Այսպիսով՝ նա ակնարկել էր (իրավական ուժ չունեցող) Արցախի «լուծարման» մասին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած թղթի՝ նոր հրամանագրով չեղյալ հայտարարելու փաստը։
«Արցախն օրենքով ու բոլոր ընդունելի տարբերակներով վաղուց Հայաստանի մաս էր կազմում, նկատի ունեմ Գերագույն խորհրդի հայտնի որոշումը։ Արցախը մինչև այդ էլ պետություն չէր, և այդ պետության կազմում այս նույն պատգամավորները կոչեր էին անում, որ Հայաստանից երիտասարդները գնան պաշտպանելու Արցախը, հիմա համարում են այլ պետություն։ Ավելի մեծ աբսուրդ հնարավո՞ր է»,- հռետորական հարցադրում արեց Սրապիոնյանը՝ հավելելով, որ այս պարգևավճարների դիմաց այդ նույն պատգամավորներն ամեն նախադասությամբ դավաճանում են երկիրը։
Իսկ որևէ պետություն ոչնչացնելու համար ավելի հզոր ներդրում, քան Ադրբեջանինն ու Թուրքիայինն է՝ Հայաստանը ոչնչացնելու համար, ըստ գրականագետի, ուրիշ որևէ երկիր չի կատարել։
«Գառնիկ Իսագուլյանի «մեղքը» դատարանը դեռ չի ապացուցել։ Մարդը շատ հստակ հայտարարեց, որ 210 մլն փող է ներդրվել՝ իրենց այդ, այսպես կոչված, «հեղափոխությունը» կազմակերպելու համար։ Սրանց բերած փաստերը, օրինագծերը, որ այսքան հեշտորեն անցկացնում են իրենց մեծամասնության շնորհիվ, որոնք բերում են հարկերի, տուգանքների բարձրացման ու ապրանքների թանկացման, ցույց են տալիս, որ այս մարդիկ ներդրված են ու ներդրված են մեկ նպատակի համար՝ Հայաստանն աշխարհի քարտեզից վերացնելու։ Դրա ուղիղ վկայությունը Փաշինյանի արտահայտած միտքն է, որ՝ «Հայաստանի համար վտանգ սպառնում է, ժողովրդի համար՝ ո՛չ»։
Եթե մարդը հայրենիքն ու պետականությունը չի զանազանում իրարից, իսկ զանազանելիս էլ հայրենիքը ստորադասում է պետականությանը, արդեն երկրորդ կարծիք լինել չի կարող։ Բոլորս գիտենք, որ այս մարդը լավ դուդուկահար է, և նրա բոլոր պատգամավորները պարում են նրա դուդուկի տակ, ինչի համար էլ այդքան գումար են ստանում։ Դուք լսած կա՞ք, որ որևէ զոհված հերոսի ընտանիքի, որևէ պատերազմի մասնակցի այդպիսի շռայլ պարգևավճար տված լինեն։ Ո՛չ, որովհետև չի եղել։ Հակառակը՝ նրանք իրենց համար խանգարիչ «հանգամանքներ» են, ու բոլորին դատում են»,- ցավով արձանագրեց Սերժ Սրապիոնյանը։
Նազելի Ստեփանյան