Բաժիններ՝

Բռնցքամարտի ընտրանու գլխավոր մարզիչն անցնող տարվա բացթողումը համարում է Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճելը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն անցնող տարվա բացթողում համարում է Օլիմպիական խաղերի ուղեգիր չնվաճելը:

«Անցնող տարում մեր բացթողումն այն էր, որ այդպես էլ չկարողացանք Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Սակայն վստահ եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կունենանք մեր առաջին ուղեգիրը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Վերջինիս խոսքով` անցնող տարին, ընդհանուր առմամբ, դրական էր հավաքականի և այլ տարիքային թիմերի համար:

«Մեծահասակները նորմալ մասնակցություն ունեցան միջազգային մրցաշարերին և առաջին անգամ անցկացվող Եվրոպայի գավաթին»,-ընդգծեց նա:

Աղամալյանի համար դեռևս հստակ չէ, թե Հայաստանի հավաքականը քանի Օլիմպիական ուղեգիր կարող է նվաճել, բայց թիմը ձգտելու է առավելագույնին:

Անդրադառնալով Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովին` մասնագետն ընդգծեց, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն այժմ վերականգնվում է երկու ձեռքի վիրահատություններից հետո: Սակայն նա կմասնակցի ՕԽ նախապատրաստական բոլոր փուլերին:

Օլիմպիական տարվա մեկնարկին` հունվարի 20-25-ը, Երևանում կկայանա Հայաստանի առաջնությունը, իսկ առաջին վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն փետրվարի 29-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս