Թուրք ազգայնականները՝ ընդդեմ հիշողության ու գերմանական իշխանությունների. Քյոլնում Ցեղասպանության հուշակոթողն ապամոնտաժելու որոշում կա
Համացանցում և մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ թուրք ազգայնականները և մասնավորապես թուրքական «Գորշ գայլեր» խմբավորումը կարողացել է իր քարոզչությամբ նպաստել, որպեսզի Քյոլնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանն ապամոնտաժվի։ Ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր նույնիսկ նշում էին, որ այն արդեն իսկ ապամոնտաժվել է:
«Այս պահի դրությամբ հուշարձանը տեղում է, և իմ տեղեկություններով՝ մինչև տարվա վերջ էլ կմնա և, մեծ հավանականությամբ, մինչև հաջորդ տարվա սկզբներին որևէ նորություն չի լինելու։
Հակառակ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ հուշարձանի հեռացման կոնկրետ թվական չկա, կա միայն մտադրություն, որի իրականացումն առայժմ հստակ չէ` ե՞րբ և ի՞նչ պայմաններով տեղի կունենա,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, ապա մանրամասնեց,- Քյոլնի քաղաքային իշխանությունները մտադրություն ունեն՝ մեր կողմից առանց քաղաքային իշխանությունների թույլտվության դրված հուշարձանը հեռացնել և գալիք երկու տարիների ընթացքում քաղաքի կենտրոնական ուրիշ մի վայրում մի այլ հուշարձան դնել, որը, սակայն, նվիրված չի լինի միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլ ավելի ընդհանուր անուն կունենա։ Հայկական կողմը, բնականաբար, դեմ է այս մոտեցմանը, և մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչև գտնվի նաև մեզ համար ընդունելի լուծում»:
Ավելի ուշ հոգևորականը նաև պարզաբանում էր ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում՝ շեշտելով. «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնությունը, որն անմիջական նախաձեռնողն է այս հուշարձանի տեղադրման, շարունակում է իր պայքարը՝ հարցին բարվոք լուծում գտնելու ուղղությամբ։ Հայ եկեղեցու Գերմանիայի թեմը, մանավանդ՝ Քյոլնի Հայ համայնքը, հնարավոր և օրինական բոլոր միջոցներով օժանդակում է «Հիշել Ցեղասպանությունը» նախաձեռնությանն ու նրա պայքարին։
Մենք ուզում ենք հավատալ, որ քաղաքային իշխանությունների հետ երկխոսության միջոցով հնարավոր կլինի գտնել փոխադարձ ընդունելի լուծում։ Մինչ այդ մեր ցանկությունն ու պահանջն է, որ հուշարձանը մնա տեղադրված վայրում»:
168.am-ն ամիսներ առաջ դարձյալ անդրադարձել էր թեմային՝ նկատելով, որ այս արձանի դեմ կռիվ է տալիս Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:
Ի դեպ, ամիսներ առաջ Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն իր Գերմանիա կարճատև այցի ընթացքում հանդիպել էր Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ՝ հակառակ հայ համայնքի հետ նրա ունեցած տարաձայնությունների:
Ավելի վաղ թեմային անդրադարձել էր գերմանական WELT-ը` նկատելով, որ գերմանական իշխանությունները չեն կարողանում դեմ գնալ թուրք ազգայնականների ճնշումներին:
Նշենք, որ 2016-ի հունիսի 2-ին, երբ Բունդեսթագը բանաձև ընդունեց՝ ամրագրելով Հայոց ցեղասպանություն եզրը, «Ցեղասպանությունը հիշելով» նախաձեռնող խմբի անդամները որոշեցին Քյոլնում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան տեղադրել. Նուռ հուշարձանը տեղադրվեց 2018-ին՝ «Այս ցավը բոլորինս է» գրությամբ:
Տեղադրման թույլտվության բացակայության հիմնավորմամբ` հուշարձանը հեռացվել էր տեղադրումից չորս օր անց (2018թ.-ի ապրիլի 19-ին), ինչը իրավական վեճի առիթ է դարձել, ապա դարձյալ վերատեղադրվել: