Քյոլնի քաղաքապետ Ռեքերը թուրք ժխտողների կամակատարն է. «Ազգ»

Հուշարձանի վրա փորագրված «Այս ցավը բոլորինս է» գրությունը նրան չի վերաբերում

Չկա ստույգ վիճակագրություն, սակայն Քյոլնի հայերի մասին հայ համայնքում շրջանառվում է 6-7 հազար թիվը: Սա ապակենտրոնացած Գերմանիայում հայերով ամենախիտ բնակեցված քաղաքն է, որտեղ նաեւ Գերմանահայոց առաջնորդարանն է գտնվում: Բնական է, որ Քյոլնի հայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, ոգեկոչելու կենտրոնական մի վայր պիտի ունենան այդ մեծ քաղաքում, որ գերմանական մյուս քաղաքների նման ցուցանակ է դարձրել, թե հարգում է հիշողության մշակույթը: 2021 թվականի տվյալներով, 200 000-ից ավելի օտարերկրյա քաղաքացիների թվում Քյոլնում բնակվող թուրքերի թիվը 53 460 է՝ ամենախիտ բնակեցվածը Գերմանիայում: Ուստի ինչպե՞ս կհանդուրժեն, որ «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության անդամները հաջողեն Քյոլնի հենց կենտրոնում կանգնեցնել Հայոց ցեղասպանության մասին հիշատակող մի մետաղե կոթող:

Նախաձեռնության անդամների մեջ էր նաեւ քյոլնաբնակ թուրք գրող Դողան Աքհանլին, որ քովիդը չկարողացավ հաղթահարել, հեռացավ՝ պայքարի, դիմադրելու ուժը այլոց մեջ կրկնապատկելով: Այս հուշարձանը թուրքական ժխտողականության թիրախում է հայտնվել դեռ 5 տարի առաջ, սակայն, մեր կարծիքով, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո թուրքական ուրացման քաղաքականությունը երկրի ներսում եւ դրսում ավելի անզուսպ դրսեւորում է ստանում՝ գերմանական որոշ քաղաքական, պաշտոնական շրջանակների՝ այլեւս անթաքույց թողտվությամբ:

Արդեն հինգերորդ տարին է, որ ապրիլի 24-ին հուշարձանը դրվում է Քյոլնի կենտրոնական՝ Հոհենցոլլերն կամրջի մերձակա հրապարակում, ապա՝ արտոնություն չստանալով՝ ապամոնտաժվում: Դժվար է նկարագրել Հայոց ցեղասպանությունը վերապրողների զգացումները, երբ զոհերին հիշատակելու, ոճրագործության մասին հիշեցնելու այդ մետաղե հուշարձանը քաղաքային իշխանությունները հեռացնում են…

2016-ի հունիսի 2-ին, երբ Բունդեսթագը բանաձեւ ընդունեց՝ ամրագրելով Հայոց ցեղասպանություն եզրը, «Ցեղասպանությունը հիշելով» նախաձեռնող խմբի անդամները Քյոլնում հուշարձան տեղադրելու հստակ նպատակն ունեցան՝ ընտրելով դրա համար ամենաճիշտ տեղը՝ հայերին բնաջնջելու հարցում թուրքերին սատարող Վիլհելմ Երկրորդի ձիարձանի հարեւանությամբ: Նախաձեռնող խմբի անդամներից Իլիաս Ույարի կարծիքով, Նուռ հուշարձանը Քյոլնի այդ կենտրոնական վայրում տեղադրելուն դեմ են ռեւիզիոնիստները, ցեղասպանությունն ուրացողները, թուրքական տարբեր կազմակերպություններ: Նրանցից Ditib-ի գրավոր ձեւակերպմամբ՝ հուշարձանի տեղադրումը համարում են «հարձակում իրենց ինքնության վրա», հուշարձանը (ոճիրը) «կատարողների դեր է վերագրում իրենց»: Քյոլնի թաղապետ Անդրեաս Հուփքեն (Andreas Hupke), որ կողմնակից է հուշարձանի՝ այդ հրապարակում տեղակայմանը, գերմանական հեռուստաալիքներից մեկին փոխանցում է, որ թուրքական ճնշման, խնդրի նման ձեւակերպման երբեւէ չի հանդիպել իր գործունեության ընթացքում:

Տեղական «K ölner Stadt-Anzeiger» թերթն անդրադարձել է հուլիսի 10-ին՝ երկուշաբթի օրը երեկոյան Հոհենցոլլերն կամրջին մերձակա հրապարակում 150 ներկաների բողոքի հանրահավաքին, որ պահանջել են այդ վայրում Հայոց ցեղասպանությունը հիշատակող, «Այս ցավը բոլորինս է» գրությամբ «Նուռ» հուշարձանի մշտական վեր խոյացումը: Նրանք չեն հանձնվում՝ ոչ թուրք ժխտողների, ոչ էլ գերմանացի հոգեզուրկ պաշտոնյաների՝ այս դեպքում զազրելի վարքը նրանց կամքը չի կոտրում:

Մեզ հետ զրույցում նրանցից մի գերմանացի նկատել տվեց, թե կարեւորը դիմակայությունն է: Հուշահամալիրի թեման, «Նուռը» բերել-տանելու հարցը «Ազգ»ում մանրամասն լուսաբանել ենք ժամանակին, ուստի հպանցիկ հիշեցնենք, որ հուշարձանը 2018-ի ապրիլի 24-ին տեղադրել էին «Ցեղասպանությունը հիշելով» նախաձեռնող խմբի անդամները՝ առանց քաղաքային իշխանությունների արտոնության: Դրանից հետո տարբեր ատյանների հետ համառ պայքարում նախաձեռնության անդամները կարողացել էին հիմնավորել, որ հուշարձանը հենց այդ կենտրոնական վայրում պիտի կանգնեցվի՝ հատուկ արտոնությամբ: Ինչպես մեր թերթի հունիսի 16-ի համարում էինք իրազեկել, Քյոլնի քաղխորհուրդը միաձայն որոշում էր ընդունել, որ «Նուռն» այլեւս Քյոլնի համայնապատկերի մաս է կազմում: Թվում էր՝ ժողովրդավար Գերմանիայում, Քյոլնի նման բազմազգ քաղաքում, այլեւս լուրջ խոչընդոտ դժվար թե լինի: Մոռացե՞լ էինք, որ Քյոլնի քաղաքապետ Հենրիետտե Ռեքերը դեմ է հուշարձանին: Չէ՞ որ նա բազմիցս է հասկացնել տվել, որ Նուռ հուշարձանի վրա փորագրված «Այս ցավը բոլորինս է» գրությունն իրեն չի վերաբերում: Հասկանալի է, որ թուրքական կողմի ճնշումներին դիմակայելու նրա կամքի բացակայությունը քողազերծում է համապատասխանատվությունից հրաժարվելու, Հայոց դեմ գործած ոճրի մեջ մեղսակցությունը բացառելու իր վճռականությունը:

Քյոլնի կենտրոնի թաղապետ Անդրեաս Հուփքեն, որ ներկա է եղել երկուշաբթի օրն ի պաշտպանություն հուշարձանի բողոքի հանրահավաքին, իր հստակ դիրքորոշմամբ հետեւյալն է փոխանցել «KՓlner Stadt-Anzeiger»-ին՝ «Երկար ժամանակ է, ինչ խոսքը միայն օրենքի մասին չէ»…

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Ազգ» թերթ

Տեսանյութեր

Լրահոս