Գործադիր իշխանությունը՝ գլխավոր քաղաքապետի գլխավորությամբ, դեմ է հուշարձանի մնալուն. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ
2016-ի հունիսի 2-ին, երբ Բունդեսթագը բանաձև ընդունեց՝ ամրագրելով Հայոց ցեղասպանություն եզրը, «Ցեղասպանությունը հիշելով» նախաձեռնող խմբի անդամները որոշեցին Քյոլնում Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան տեղադրել. Նուռ հուշարձանը տեղադրվեց 2018-ի ապրիլի 24-ին՝ «Այս ցավը բոլորինս է» գրությամբ:
Այս արձանի դեմ, պարզվում է, կռիվ է տալիս Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին. Քյոլնի քաղաքապետի որոշմամբ, հիմք ընդունելով դատարանի վճիռը, հուլիսի 10-ից հետո հուշարձանը պետք է ապամոնտաժվի Հոհենցոլլերնբրյուքե հրապարակից: Քյոլնի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների կարծիքով՝ քաղաքապետը տուրք է տալիս թուրքական կողմի ճնշումներին:
168.am-ը մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեց Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ.Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հետ:
«Այդ հարցը բավական երկար թեմա է, որ շարունակվում է ավելի քան հինգ տարի։ Այս պահին հուշարձանն ապամոնտաժված չէ։ Հարցը կրկին կքննարկվի և օրակարգի կբերվի երևի օգոստոսի կեսերից հետո, երբ այս նահանգում կվերջանան ամառային արձակուրդները։ Մինչ այդ հուշարձանը կմնա տեղում,- ի պատասխան՝ նշեց հոգևոր առաջնորդը՝ մանրամասնելով,- Գերմանական մամուլը սկսել է հուշարձանի մասին բավական ակտիվ լուսաբանել։ Սա լավ նշան է։ Լուսաբանումները գրեթե ամբողջությամբ դրական են և մամուլի կողմից բավական ճնշում կա քաղաքական գործիչների վրա։
Հարցն այժմ իրավական և քաղաքական հարթություններում է։ Կարելի է ասել՝ տեղական օրենսդիր իշխանության ներկայացուցիչները կողմ են հուշարձանի մնալուն, գործադիր իշխանությունը՝ գլխավոր քաղաքապետի գլխավորությամբ, դեմ։ Կարծես թե բուն խնդիրը հուշարձանը չէ, այլ վայրը»:
Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը նկատեց՝ հուշարձանը 2018 թվականից քանիցս դրվել է նույն տեղում՝ չունենալով քաղաքային իշխանությունների համաձայնությունը, հետո իրավական և քաղաքական քաշքշուկներից հետո՝ տեղահանվել։
«Մինչև այս տարի գերմանական մամուլը քիչ էր լուսաբանում հարցը։ Այս տարի մամուլի հրապարակումներն ավելի աշխուժացան, և այս տարի հուշարձանը շատ ավելի երկար է մնացել տեղադրված՝ շուրջ երեք ամիս։ Նախաձեռնողների նպատակն է՝ այս փուլում հասնել նրան, որ հուշարձանը նույն տեղում մնա, մինչև կողմերի հանդիպումների և քննարկումների արդյունքում հարցը ստանա իրավական և քաղաքական վերջնալուծում»,- հավելեց նա:
Ի դեպ, ընդամենը երկու ամիս առաջ Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն իր Գերմանիա կարճատև այցի ընթացքում հանդիպել էր Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ՝ հակառակ հայ համայնքի հետ նրա ունեցած տարաձայնությունների: