Մարդիկ չեն դիմում քաղաքացիության համար, քանի որ զրկվելու են աջակցությունից ու Արցախ վերադառնալուց. Գեղամ Ստեփանյան
«ՀՀ քաղաքացուց՝ փախստական. արցախցիների իրավունքների զանգվածային ոտնահարում» խորագիրը կրող պանելային քննարկման ժամանակ Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը խոսեց ՀՀ անձնագրայիններում արձանագրված մեծ հերթերից:
Նա մտավախություն հայտնեց, որ այսպես շարունակվելու դեպքում արցախցիների հաշվառումը կարող է ամիսներ տևել:
«Սա նաև օբյեկտիվորեն այլ խնդիրներ է առաջացնում հատկապես թոշակառուների ու նպաստառուների համար: Սեպտեմբերից թոշակ ու նպաստ չստացող քաղաքացիները, որոնք աշխատանք չեն կարողանում գտնել, որովհետև շատ գործատուներ նրանց ուղղակի աշխատանքի չեն ընդունում՝ տարիքով պայմանավորված, այդ մարդիկ այս տեմպերով մինչև ապրիլ-մայիս որևէ եկամուտ չեն կարողանալու ունենալ»,- արձանագրեց Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ այս փաստը հաշվի առնելով, անհրաժեշտ է որոշակի առաջնահերթություններ սահմանել՝ բնակչության առավել խոցելի խմբերի հրատապ հարցերը հնարավորինս արագ լուծելու համար:
Ստեփանյանի խոսքով՝ արցախցիներն այսօր չեն կարողանում որևէ գործարք իրականացնել՝ առանց պարտադիր հաշվառման:
«ՀՀ-ում այդ հաշվառումը, այսպես ասած, օդի ու ջրի պես պետք է, որպեսզի կարողանաս, օրինակ՝ վարորդական վկայական ձեռք բերես կամ ցանկացած այլ գործողություն անես: Ժողովուրդը նաև ցանկանում է հստակ հասկանալ՝ արդյո՞ք հաշվառվելու պարագայում զրկվելու է աջակցության ծրագրերից, թե՞ ոչ: Ինձ ամենից շատ ուղղվող հարցը դա է»,- ասաց Ստեփանյանը:
Գեղամ Ստեփանյանը նաև հայտնեց, որ արցախցի մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիության համար չեն ցանկանում դիմել, քանի որ մտավախություն ունեն, որ կարող են զրկվել աջակցությունից, և հետագայում՝ հնարավորության դեպքում նաև Արցախ վերադառնալու հնարավորությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան