Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և Համլետ Մանուկյանը 2023 թվականը հաջող տարի են համարում
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Համլետ Մանուկյանն անցնող տարին հաջողված են համարում:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն ընդգծեց, որ տարին լավ ընթացք ունեցավ՝ բացառությամբ աշխարհի առաջնության արդյունքի:
«Տարվա մեկնարկը շատ հաջող էր: Մասնակցելով աշխարհի գավաթի խաղարկության բոլոր փուլերին` դարձա բացարձակ գավաթակիր: Այնուհետ Եվրոպայի առաջնությունում հենացատկի վարժությունում դարձա ոսկե մեդալակիր, նվաճեցի նաև բրոնզե մեդալ` նժույգ-թափերում: Սակայն ափսոսանքով եմ հիշում աշխարհի առաջնությունը, որտեղ չկարողացա մեդալ նվաճել»,-ասաց նա:
Դավթյանն առանձնացրեց, որ հաջորդ` օլիմպիական տարում առավել մեծ ջանքերով է նախապատրաստվելու Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
«Ոտքի հետ կապված վնասվածքն արդեն անցել է, սակայն խնդիր կա մեջքի հետ կապված: Հիմա բուժման փուլ եմ անցնում: Ամեն ինչ անելու եմ` Փարիզի Օլիմպիական խաղերից պատվով հետ գալու համար»,-նշեց նա:
Մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը 2023 թվականը համարում է հաջողված տարի:
«Մենք կարողացանք այս տարի կայացած աշխարհի երիտասարդների առաջնությանը լավ հանդես գալ: Աշխարհի առաջնության լավ արդյունքները մեր քրտնաջան և միասնական աշխատանքի արդյունքն է: Բայց առանց մեր մարզիչների ոչինչի չէինք հասնի: Շնորհակալ եմ նրանց»,-եզրափակեց նա: