«Իրականում Փաշինյանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնարդարացման շքերթը». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի` Հանրային հեռուստաընկերությանը տված երեկվա հարցազրույցի մասին, ասաց՝ Նիկոլ Փաշինյանից ո՞վ է բան հասկանում, որ ինքն էլ հասկանա։

«Իրականում Նիկոլ Փաշինյանը շարունակում է ինքնախոստովանական, ինքնարդարացման շքերթը, որը երեք տարի շարունակ արել է։ Այլ նորություն չկար, ուղղակի ատելության խոսքեր արցախահայության, Արցախի նկատմամբ, հանրային տրամադրություններում գեներացնում է  հակառուսական տրամադրություններ։ Բայց կուզեմ շատ ավելի կարևոր բանի անդրադառնամ՝ մայիս ամսից Հայաստանը չունի սահմանապահ զորքերի հրամանատար։ Մեր երկրի անվտանգության հարցն է»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Պատգամավորի խոսքով՝  ՀՀ-ում սահմանապահ զորքերն այսօր սահմանի որոշակի հատվածում մարտական խնդիր են կատարում։

Նա նաև տեղեկացրեց՝ մայիսից թափուր է նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ղեկավարի պաշտոնը, ինչն անկյունաքարային պաշտոն է։

Կարդացեք նաև

«Միայն մտածված քանդող մարդը կարող է նման անկյունաքարային երկու պաշտոնների չնշանակել պաշտոնապես որևէ մեկին։ Բազմաթիվ այլ բարձրաստիճան զինվորական պաշտոններ թափուր են, սա հետևողական գործողություններ է, ոչ թե կադրերի բացակայության խնդիր։ Հայաստանի անվտանգության խնդիրն է»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին և իշխանական պատգամավորների հայտարարություններին, որ գնում են հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման, Գեղամ Մանուկյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր կան ուղղված ռուսական կողմին, բայց այդ հարցերը լուծվում են խոսակցությամբ։

«Հարցերը լուծվում են՝ փաստարկներ բերելով, երկխոսելով, ոչ թե մանկապարտեզի երեխայի նման խռով պահելով և ամիսներ շարունակ քեն քշելով։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, տեսեք՝ Հայաստանն ինչ արեց, ինչ-ոչ պահի ձեռքերը լվաց և այնտեղ եղած երեք ստորագրություններից՝ ասաց, որ միայն Պուտինի ստորագրությունն է կարևոր։ Հայաստանը զլացավ տերը լինել այն պարտականություններին, որն ուներ Ադրբեջանը։ Նման ձախողումներն են, որ հանգեցրեցին այս իրավիճակին»,- շեշտեց Գեղամ Մանուկյանը։

Նա նաև ասաց, որ այսօր Հայաստանը ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ չունի, պաշտոնը թափուր է, հետևաբար՝ ՀՀ քաղաքացին պետք է գիտակցի, որ այս իշխանությունն իր անվտանգությունն ապահովելու համար գիտակցաբար քայլեր չի իրականացնում։

Տեսանյութեր

Լրահոս