ԵՄ երկրները ոչնչացրել են COVID-19-ի ավելի քան 215 միլիոն դեղաչափ պատվաստանյութ` 4 մլրդ եվրո արժողությամբ. POLITICO
Եվրամիության երկրները ոչնչացրել են COVID-19-ի 4 միլիարդ եվրո արժողությամբ առնվազն 215 միլիոն դեղաչափ պատվաստանյութ՝ դրանց ավելցուկի պատճառով: Նման տվյալներ է հաղորդում POLITICO պարբերականը։
Ըստ POLITICO-ի վերլուծության՝ եվրոպական երկրները ստացել են պատվաստանյութի 1,5 միլիարդ դեղաչափ (Եվրոպայում յուրաքանչյուր անձի համար 3-ից ավելի)․ դրանցից շատերը հայտնվել են մայրցամաքի աղբավայրերում։
Պատվաստանյութերի զգալի քանակություն ձեռք է բերվել 2021 թվականին՝ համավարակի բուռն շրջանում, երբ Բրյուսելը 1,1 միլիարդ դեղաչափի մատակարարումների խոշոր պայմանագրեր կնքեց ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech-ի հետ:
Ինչպես ընդգծում է POLITICO-ն, «պատվաստանյութերի ավելցուկ չափաբաժինները երրորդ երկրներ փոխանցելու փորձերը խափանվել են պահանջարկի նվազման և լոգիստիկ խնդիրների պատճառով»:
Հրատարակությունը հիշեցնում է, որ հարցեր են ծագել այն բանից ի վեր, երբ The New York Times-ը հաղորդեց, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Pfizer-ի հետ պայմանագրի շուրջ բանակցություններ է վարել հաղորդագրությունների միջոցով։
Այդ պայմանագրի շուրջ Եվրահանձնաժողովը նորից բանակցություններ է վարել Եվրամիության այն երկրների ճնշման տակ, որտեղ պատվաստանյութերի ավելցուկ է եղել։ Լեհաստանը և Հունգարիան դադարել են պատվաստանյութեր ընդունել, սակայն Pfizer ընկերությունը նրանց դատի է տվել չվճարելու համար։ Ռումինիայում դատախազները ցանկանում են անձեռնմխելիությունից զրկել նախկին վարչապետին և առողջապահության երկու նախկին նախարարներին՝ պնդելով, որ պատվաստանյութերի անհարկի ձեռքբերումները պետությանը հասցրել են ավելի քան 1 միլիարդ եվրոյի վնաս։
Միևնույն ժամանակ, պատվաստանյութերը կշարունակվեն մատակարարվել, քանի որ վերանայված պայմանագրի համաձայն՝ եվրոպական երկրները Pfizer-ից պետք է պատվաստանյութեր գնեն մինչև առնվազն 2027 թվականը։