216 միլիոն դրամ կտրվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչածին ծափահարելու և մեծարելու համար
Այս տարի տարեմուտին՝ դեկտեմբերի 24-ին, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Մեր ժամանակների հերոսը» խորագրով ամենամյա համերգ-մրցանակաբաշխությունը։
Այս միջոցառումը նախապես պլանավորված էր անցկացնել սեպտեմբերի 21-ին, սակայն չեղարկվել էր Արցախում տեղի ունեցած 24 ժամ անդադար ռազմական գործողությունների, Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ոճրագործության պատճառով։
Կառավարությունը որոշել է, այդուամենայնիվ, հետաձգված միջոցառումը կազմակերպել և պետական բյուջեից հատկացնել հավելյալ մոտ 66 միլիոն դրամ, որպեսզի Փաշինյանի հեղինակած պրոյեկտն իրականություն դառնա նաև այս տարի։
Նշենք, որ սեպտեմբերին պլանավորված միջոցառման համար պետական բյուջեից հատկացվել էր 150 միլիոն դրամ, որից 73,333.3 հազար դրամն ուղղվել է միջոցառման կազմակերպիչ ընկերությանը՝ բեմի վարձակալության, հավաքման, ապա՝ Արցախում Ադրբեջանի իրագործած ոճրագործության պատճառով բեմը պարտադրված ապամոնտաժելու, ձայնային և լազերային դիզայնի համար ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար։
Հիմա Կառավարությունը նույն ընկերությունից՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ից, դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով նույն ծառայություններն է գնել՝ այս անգամ արդեն դեկտեմբերի 24-ին կայանալիք միջոցառման համար։
Բյուջեից հավելյալ տրված 65 միլիոն դրամը ծախսվելու է հետևյալ ուղղություններով՝
22,500.0 հազար Դրամ՝ աշխատողների աշխատավարձ
42,862.2 հազար դրամ՝ մասնակիցների խրախուսման գումար։
Ստացվում է՝ Փաշինյանի սրտի միջոցառման համար պետական բյուջեից այս տարի հատկացվել է 216 միլիոն դրամ, և նույն ընկերությունից՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ից, կրկնակի կատարվել է մեկ անձից գնում միլիոնավոր դրամների։
Ի դեպ՝ Ֆինանսների նախարարությունը բյուջեից 65 միլիոն դրամի հատկացման վերաբերյալ ընդգծել է՝ լրացուցիչ միջոցների հատկացումը հիմնավորման անհրաժեշտություն ունի:
Հավելենք՝ «Բեգրաունդ Փրոդաքշնը» ՔՊ-ական իշխանության համար նախընտրելի է հենց մեկ անձից գնումների իրականացման համար։ Հենց այս ընկերությանն են վստահվում ՔՊ-ականների կազմակերպած միջոցառումները. օրինակ՝ «Բեգրաունդ Փրոդաքշն»-ին բյուջեից 1 միլիարդ 160 միլիոն դրամ փոխանցվեց ծանրամարտի ԵԱ-ն կազմակերպելու համար, 87 միլիոն դրամ՝ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը կազմակերպելու համար։ Պետական բյուջե-«Բեգրաունդ Փրոդաքշն» համագործակցությունն այսքանով չի ավարտվում։