ՌԴ նախագահն արձագանքեց ՀՀ-ից ՌԴ-ին ուղղված հիմնական մեղադրանքին․ Արեշև

Դեկտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանեց թե Ռուսաստանի քաղաքացիների, թե լրագրողների հարցերին՝ ամփոփելով քաղաքական տարին։ Այս տարի Պուտինի ամենամյա ասուլիսն առանձնահատուկ էր, քանի որ միավորվել էին երկու միջոցառում՝ նրա ամենամյա ասուլիսը և ավանդական «Ուղիղ գիծը», որը նախատեսված է քաղաքացիների հետ շփման համար։ Այնուամենայնիվ նախօրեի հիմնական հարցերը վերաբերում էին Ուկրաինայում պատերազմին, ռուս-ամերիկյան ու ռուս-եվրոպական հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացներին ու ներքին հարցերին։

Պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցին ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդավայի դիրքորոշումները, Պուտինը պատասխանեց, որ չի կարծում, թե Հայաստանի շահերից է բխում՝ ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունն ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: «Ի վերջո, դա, բոլոր դեպքերում, պետության ընտրությունն է. Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա գիտենք, որ դա կապված է, համենայնդեպս, որքանով մեզ հայտնի է, հայաստանյան գործընթացների հետ և կապված չէ աշխատանքն այդ ինտեգրացիոն միավորումներում շարունակելու ցանկության կամ դրա բացակայության հետ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Պուտինը։

Խոսելով ԼՂ հարցի շուրջ զարգացումներից՝ նա ասաց, որ ՌԴ-ն չի հրաժարվել Ղարաբաղից, այլ Հայաստանն է ընդունել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: «Իրականում նրանք դա արել են սեփական նախաձեռնությամբ և մեզ առանձնապես տեղյակ չեն պահել, որ նման որոշում են պատրաստվում ընդունել: Սա պարզապես փաստի արձանագրում է: Այս հարցում կան և՛ առավելություններ, և՛ թերություններ»,- հայտարարեց Պուտինը՝ չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ առավելությունների ու թերությունների մասին է խոսքը։

Ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևը, մեկնաբանելով ՌԴ նախագահի խոսքերը ԼՂ հակամարտության վերաբերյալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՌԴ նախագահը պարզապես փաստեր արձանագրեց, որը փորձում են խեղաթյուրել՝ աշխարհաքաղաքական նպատակներից ելնելով։

Կարդացեք նաև

Ըստ նրա, փորձ է արվում ցույց տալ, թե հետպատերազմյան բոլոր զարգացումների պատասխանատուն ՌԴ-ն է, հատկապես, երբ խաղաղապահներ ունի տեղակայած ԼՂ-ում։

«Սա արվում է հետագայում բացատրելու համար նաև ՀՀ աշխարհաքաղաքական փոփոխությունը դեպի Արևմուտք։ Սակայն Ռուսաստանը չի ուղղորդել կողմերին տեղափոխվել Արևմուտք բանակցությունների նպատակով, որտեղ էլ համաձայնեցվեց Պրահայի հայտարարությունը և տեղի ունեցան հետագա զարգացումները։

ՌԴ-ն ռեգիոնալ այլ առաջնահերթություններ էր դրել, փորձելով փոքր քայլերով գնալ առաջ, լուծել շատ հարցեր, որոնք թույլ կտան հետագայում անդրադառնալ նաև ամենաբարդ հարցերին։ Սակայն Արևմուտքը շտապեցնում է, քանի որ ցանկանում է շարունակվող գլոբալ պատերազմի ֆոնին ՌԴ-ին դուրս բերել բոլոր ռեգիոններից, արագ միջնորդելով, որպեսզի կողմերը պայմանավորվեն, իսկ պայմանավորվածությունների որակը որևէ մեկին չի հուզում։ Ուստի պետք է տարբերել փաստերը և ուղղորդված քարոզչությունը Ռուսաստանի դեմ, որը հստակ նպատակներ ունի»,- ասաց Արեշևը։

Նրա խոսքով, ՌԴ նախագահը երևի թե ճիշտ է նաև այն առումով, որ ՀՀ շահերից չի բխում ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ կառույցները լքելը։

«ԵԱՏՄ-ից Հայաստանը հսկայական օգուտներ է ստանում, բնականաբար, ՀՀ-ն սրանից, գազի արտոնյալ գներից և ԵԱՏՄ արտոնություններից ընդհանուր առմամբ չի ցանկանում հրաժարվել, քանի որ դրան այլընտրանք չունի»,- հստակեցրեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, ՌԴ նախագահի ասուլիսը, ինչպես և պետք էր սպասել, վերաբերում էր պատերազմին, մոբիլիզացիայի թեմային, Արևմուտքի հետ հարաբերություններին, ապագա զարգացումներին։

«Ինքնին այդ կարճ անդրադարձը Հայաստանին՝ ցույց տվեց, որ որքան էլ Հարավային Կովկասում լուրջ զարգացումներ տեղի ունեցան, որոնք այլ իրավիճակում չափազանց կարևոր կլինեին նաև Ռուսաստանի համար, սակայն հենց ներկայիս շրջափուլում Հայաստանում և ՀՀ-ի շուրջ զարգացումները կարևոր են, բայց ՌԴ-ն դրանցով զբաղվելու ռեսուրս ու ցանկություն չունի, քանի որ երկարաժամկետ է դիտարկում գործընթացները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս