Ահազանգ. 5 միլիարդ դրամ են տալիս Առողջապահության ոլորտում հատուկ մեկի համար «կոստյում կարելու նպատակով». Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ահազանգում է՝ առողջապահական համակարգում «БЕСПРЕДЕЛ»-է, հետևաբար՝ ինչպես Պետական վերահսկողական ծառայությունը, այնպես էլ ՏՄՊՊՀ-ն պարտավոր են ուսումնասիրություններ իրականացնել այն համակարգում, որտեղ միլիոնավոր դրամների շրջանառություն է. Օրինակ՝ նախատեսված է միայն 5 միլիարդ դրամի հատկացում առողջապահության ապահովագրության հիմնադրամ ստեղծելու համար այն դեպքում, երբ չկան հստակ չափորոշիչներ, թե այդ ո՞ր բժշկական կենտրոններն են կարողանալու այս հիմնադրամի հետ համագործակցել։
«Հայտարարում են, թե առողջապահական ապահովագրության հիմնադրամի հետ թույլատրելու են այն բժշկական կենտրոններին աշխատել, որոնք համապասխանում են չափանիշների, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ չափանիշների մասին է խոսքը, կամ այդ ովքե՞ր և ինչպե՞ս են սահմանելու այդ չափանիշները։ Քանի դեռ այս ու այլ կարևոր հարցերի պատասխանները չկան, նշանակում է՝ մենք գործ ենք ունենալու սուբյեկտիվ ընտրության հետ։ Գործելու է «սիրելի բժշկական կենտրոններ-ապահովագրական հիմնադրամ» աշխատանքի մեխանիզմը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ընդգծեց Անուշ Պողոսյանը։
Վերջինս հատուկ ուշադրություն հրավիրեց նաև 2024 թվականի բյուջեով Առողջապահության ապահովագրության համար նախատեսված ֆինանսավորման հարցին, որը, նրա խոսքով, իբրև թե նախատեսված է 18 միլիարդ դրամ, ինչը, սակայն, ըստ Պողոսյանի, ոչ թե բյուջեից ուղիղ գումարի հատկացում է, այլ իմիտացիա։
Ըստ Պողոսյանի՝ քանի որ նույն բյուջեի թաքնված տողերում կարդում ենք, որ 18 միլիարդ դրամը ՀՀ Կառավարությունը վերջնականապես չի հատկացնի բնակչության առողջապահության ապահովագրմանը, քանի որ դեռ քննարկվում են, թե ո՞ր հիվանդությունների բուժումն է նախատեսված մտցնել Առողջապահության ապահովագրման փաթեթում։
«Իմ գնահատմամբ, իմիտացիա են անում, թե առողջապահության բյուջեն ավելացրել են, մասնավորապես, ապահովագրության մասով։ Իրականում, իրենք այդ 18 միլիարդից 5 միլիարդ դրամը կտան՝ մի ապահովագրական հիմնադրամ կստեղծեն, հիմնադրամ, որի մասին երբ կարդում ես՝ հասկանում ես՝ դա ստեղծվում է հատուկ մեկի համար, այդ հիմնադրամը հստակ մեկի համար «կարված կոստյում է» այն դեպքում, երբ մինչև այդ հիմնադրամի ստեղծումը պետական առողջապահական գործակալության համար ծախսվում էր տարեկան ընդամենը 300 միլիոն դրամ, հիմա, պարզվում է, 5 միլիարդ պետք է տան մի հիմնադրամի ստեղծման համար, որի գործունեության հետ կապված կան բազմաթիվ խնդիրներ։
Օրինակ՝ այդ ո՞վ է որոշել, որ քաղաքացին տարեկան բժշկական ապահովագրության համար պետք է վճարի 160.000 կամ, ըստ Ավանեսյանի՝ ընդհուպ մինչև 200.000 դրամ, որ այդ հիմնադրամն իր բժշկական ապահովագրության հարցերը կարգավորի։ Ո՞վ է այդ թվային հաշվարկն արել, իսկ գուցե դրանից ավելի քի՞չ կամ ավելի շա՞տ է պետք վճարել»,- ասաց Պողոսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։