Բաժիններ՝

Եզդիական համայնքը նշում է Կարմիր Սըլթան էզիդի տոնը

Համերաշխություն, միասնություն. եզդիական համայնքը նշում է Կարմիր Սըլթան էզիդի տոնը։ Եզդի ժողովուրդը, պահպանելով սովորույթներն, ավանդույթներն ամեն տարի մեծ ոգևորությամբ նշում է Կարմիր Սըլթան էզիդի տոնը, որի գլխավոր խորհուրդը միասնությունն ու համերաշխությունն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ ըստ ավանդույթի յուրաքանչյուր եզդի, ով գժտված է, այդ օրը պարտավոր է հաշտվել:

Նախատոնական շրջանը սկսվում է տոնից երեք օր առաջ, երբ եզդիները պահում են ծոմ, որը մաքրազերծվելու խորհուրդ ունի։ Երեք օր հետո՝ դեկտեմբերի 15-ին, նշվում է բուն Կարմիր Սըլթան էզիդի տոնը։ Այդ օրը՝ վաղ առավոտյան, եզդիները տոնական սեղանի շուրջ հավաքվում են, համտեսում են բազմազան ճաշատեսակներ և միմյանց հղում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ։

«Եզդիներն այցելում են հոգևորականի տուն, որտեղ սուրբ մասունք է դրված լինում: Միմյանց շնորհավորում են ու օրհնություն ստանում: Օրհնանքի խոսքն այսպես է լինում՝ Սուրբ Եզիդը ձեզ բերի բարօրություն, ազնվություն, երջանկություն և բախտավորություն: Օրհնություն լինի հայոց աշխարհին, հայոց պետականությանը»,-նշեց շեյխ Բրո Հասանյանը:

Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանն ընդգծեց, որ Հայաստանում բավական բարենպաստ պայմաններ են ստեղծված ազգային փոքրամասնությունների համար՝ պահպանելու իրենց մշակույթն ու ավանդույթները: Նա ընդգծեց, որ այդ հարցում Հայաստանը միշտ է առանձնացել հատուկ վերաբերմունքով:

«Հայաստանում մենք չենք դժվարանում պահել մեր սովորույթները, ավանդույթները։ Հայերը եզդիների նկատմամբ բավական ուշադիր են։ Տոնական օրերին մեր բարեմաղթանքների առանցքում նաև հայ-եզդիական բարեկամության էլ ավելի ամրապնդումն է, երկրին՝ խաղաղությունն ու բարեկեցությունն է»,-ասաց շեյխ Բրո Հասանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031