«Կառավարության նախաձեռնած փոփոխությունները որևէ կերպ չեն տեղավորվում որևէ ստանդարտի մեջ». մասնագետ
Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ձկնաբույծների բողոքի ակցիայի մասնակից ձկնաբուծարանների նախագծման մասնագետի խոսքով՝ ներկա իշխանությունների հայտարարությունները, թե գնալու են ձկնաբուծարաններում այսքան կամ այնքան ջուր փակելու ճանապարհով՝ որևէ կերպ չի տեղավորվում մասնագիտական համաշխարհային ստանդարտների մեջ: Ավելին, ըստ նրա, կառավարությունն այսպիսով որևէ խնդիր չի լուծում:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի ձկնաբուծարանների աշխատակիցները դեմ են նոյեմբերի 22-ին խորհրդարանում ընդունված Ջրային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագծին, որով Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է պարտադրել ձկնաբուծարաններին՝ խնայել Արարատյան դաշտի ջրային պաշարները:
«Աշխարհում գոյություն ունի 3 տեսակի ձկնաբուծություն. կա փակ համակարգ, կա սահմանափակ ու բաց համակարգ: Փակ համակարգ հասկացությունը, որն իրենք մտցնում են օրենքի մեջ, ամենամեծ վտանգը հենց այդ բառակապակցության մեջ է: Դա նշանակում է ջրի լրացում, ոչ թե թարմացում: Այսինքն, այն ջուրը, որ արտանետման ընթացքում թափվում է կոյուղի կամ գոլորշիանում է, պարզապես դրա լրացում է տեղի ունենում: Դա կազմում է ջրի անհրաժեշտ պաշարի մոտ 30-40 տոկոսը»,- ասաց նա:
Մասնագետի խոսքով՝ փակ համակարգ ստեղծելու համար միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ:
«Սևանի ձկնաբուծարանն ինչքա՞ն գումար է ծախսել, ինչո՞ւ են իրենք փակել այդ կտուրը: Ես անցյալ անգամ նախարարին ասել եմ, որ բաց երկնքի տակ փակ համակարգ չի լինում, որովհետև ամեոբային բակտերիաները չեն աշխատում: Իսկ եթե ուզում եք, որ փակ համակարգ լինի, պետք է ջուրը ֆիլտրացվի բակտերիաների՝ բիոֆիլտրների միջոցով»,- մանրամասնեց մասնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան