«Եթե նախարարությունն այդ 700 ապօրինի հորերի խնդիրը լուծեր, որևէ ձկնաբույծ էլ չէր տուժի». Ձկնաբույծ
Շրջակա միջավայրի նախարարությունում որևէ զանգի չեն պատասխանում, մեզ միայն բողոքի ակցիաներով են պատրաստ լսել, ոնց հասկանում ենք. Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի ձկնաբուծարանների աշխատակիցները դեմ են նոյեմբերի 22-ին խորհրդարանում ընդունված Ջրային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքին, որով Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է պարտադրել ձկնաբուծարաններին՝ խնայել Արարատյան դաշտի ջրային պաշարները:
Ձկնաբույծները հայտարարում են, որ գերատեսչությունը, իրենց տեղեկություններով, չի զբաղվում առկա 700 ապօրինի հորերի խնդրով՝ փորձելով շրջանցել դա, այնինչ, դրա հետևանքով ջրային ռեսուրսների մեծ կորուստ է տեղի ունենում:
Ակցիայի մասնակիցը հայտնեց, որ անցած երկար ժամանակահատվածում ինքը բազմիցս փորձել է կապ հաստատել Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների հետ՝ իրենց տեսակետը ներկայացնելու համար, սակայն այդպես էլ չի հաջողվել: Իրեն հրաժարվել են ընդունել նախարարությունում:
«Թե ինչո՞ւ չեն ուզում կապ հաստատել՝ հարցը պետք է իրենց ուղղել: Բայց այն, որ զանգել ենք, կա նույնիսկ գրավոր հարցում: Ու ոչ մի արձագանք: Ոնց հասկանում ենք, այս մարդիկ մեզ պատրաստ են լսել այս ձևաչափում»,- ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իրենց մեջբերած 700 հորերը կարգի բերելուց հետո իրենք կհամաձայնեն նոր փոփոխություններին:
«Միգուցե, այո, որովհետև աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մոնիտորինգի արդյունքներով պետք է հասկանայինք՝ այդ 700 հորից որքա՞ն ջուր է թափվում: Դրանք կոնսերվացնելու արդյունքում ջուրը, բնականաբար, կմնա ընդերքում: Եթե դա բավարար է արտեզյան ջրերի ինքնավերականգնվող ու ծախսվող ջրային պաշարները հավասարակշռության բերելու համար, ապա որևէ համակարգ տեղադրելու կամ ջուր փակելու անհրաժեշտություն ձկնաբուծների համար չի լինի»,- ասաց ձկնաբույծը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան