Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոն․ սա կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ․ դեսպան Շիրղոլամի

Եթե Իրանում այդ ուժերը հաջողության հասնեն, Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա նշեց, որ շատերն էին սպասում որ Իրանում անկայունություն ստեղծվի  և անջատողական որոշ ուժեր ակտիվանան՝ այդպիսով Իրանը մասնատեն։

Նրա որակմամբ, սա այն գործընթացն էր, որին հետամուտ էին լինում իսրայելցիները, սա այն էր, ինչ պլանավորվել էր։

«Իհարկե, երբեք նրանց դա չի հաջողվի, բայց Աստված մի արասցե,  եթե որևէ հաջողության հասան, ապա կարող եմ վստահությամբ ասել, որ Հայաստանը ևս պարտվողների թվում է լինելու»,- ասաց դեսպան Շիրղոլամին։

Կարդացեք նաև

Նա ցավով նշեց, որ մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, նրանց կանաչ լույս է տրվում, որպեսզի գան Իրանի դեսպանատան դիմաց շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններով հանդես գան։

«Դրա պատճառը ևս իմ նշածն է։ Արդեն վեց օր է՝ երեկոյան ժամը 18:00-ից մինչև 21:00-ն ականատես ենք լինում այն բանի, որ մի խումբ մարդիկ հավաքվում են Իրանի դեսպանատան դիմաց, հանդես են գալիս շատ անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և ի հեճուկս այն բանի, որ մենք շարունակաբար հնչեցնում ենք մեր բողոքը ՀՀ համապատասխան մարմիններին, այդ գործընթացը շարունակվում է։

Մենք ամենադժվար պահերին կանգնել ենք հայ ժողովրդի և ՀՀ կառավարության կողքին, օրինակները շատ են, մենք այսօր շատ ծանր իրավիճակի մեջ ենք, և այն իրադարձությունը, որն այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրղոլամին՝ ըստ էության հանդես գալով աղմկահարույց հայտարարությամբ, ինչն առաջին անգամ է հայ-իրանական դիվանագիտական հայտարարությունների պրակտիկայում։

Նա հստակեցրեց՝ ՀՀ պատկան մարմիններին իրենց դիրքորոշումը ներկայացվել է բազմիցս։

«Թեհրանում պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն»,- այսպես ավարտեց իր խոսքն այս թեմայով նորանշանակ դեսպան Շիրղոլամին։

Տեսանյութեր

Լրահոս