Աշխարհաքաղաքական ցնցում՝ ՄԵԾ ՀԱՆՁՆՈՒՄ. նամակ ընթերցողին
Սիրելի ընթերցող,
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) 2020թ. օգոստոսի 28-ին ներկայացված գանգատը 3 տարի անց ստացավ խայտառակ պատասխան: 3 տարի պահանջվեց՝ ՄԻԵԴ-ը հասկանա, որ ՍԴ 4 դատավորների աշխատանքային իրավունքների վերականգնման հարցն իր քննությանը ենթակա գործ չէ:
Հիմա ներկայացնենք փոքր-ինչ ավելի մանրամասն:
Դեկտեմբերի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի» թիվ 25240/20 գործով որոշումը։ Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորների և Սահմանադրական դատարանի նախկին նախագահի գանգատները ճանաչել է անընդունելի:
Ներկայացված գանգատները վերաբերում էին Սահմանադրական դատարանի նախկին երեք դատավորներ Ա․Գյուլումյանի, Հ․ Նազարյանի, Ֆ․ Թոխյանի և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հ․Թովմասյանի՝ Եվրոպական կոնվենցիաներով երաշխավորված իրավունքների խախտումներին։ Մասնավորապես դիմումատուները բողոքել էին, որ զրկված են եղել իրենց պաշտոնների վաղաժամկետ դադարեցումը ներպետական մակարդակում վիճարկելու հնարավորությունից, և այդ դադարեցումը եղել է կամայական։
Եվրոպական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ներկայացված գանգատներում բարձրացված պահանջները Կոնվենցիայի տեսանկյունից անընդունելի են Կոնվենցիայի կողմից պաշտպանության ենթակա իրավունքի բացակայության հիմքով:
Մասնավորապես, արդար դատաքննության իրավունքի մասով Եվրոպական դատարանը նշել է, որ դիմումատուների պաշտոնավարումը դադարեցվել է սահմանադրական բարեփոխման արդյունքում, ինչի առումով եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետություններն ազատ են դատաիրավական բարեփոխումներ իրականացնելիս, որը, սակայն, չպետք է հանգեցնի դատական իշխանության անկախության խարխլմանը: Սույն գործով, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուները չեն բերել համոզիչ փաստարկ առ այն, որ իրականացված սահմանադրական փոփոխությունները թիրախավորել են հենց իրենց:
Եվրոպական դատարանը նաև նշել է, որ եթե 2020թ. փոփոխությունները չկատարվեին, 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների լիարժեք իմպլեմենտացիան չափազանց կձգձգվեր:
Հարգելի ընթերցող,
Մասնագիտական բառապաշարով այս տեքստը, իհարկե, քեզ ոչինչ չասաց, և, բնականաբար, առօրյա հոգսերի ու անվտանգային օրեցօր խորացող խնդիրների ֆոնին ՀՀ շարքային քաղաքացուն դժվար թե հետաքրքրի Սահմանադրական դատարանի 4 դատավորների վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումը:
Դու միգուցե չգիտես նաև՝ ինչ է ՄԻԵԴ-ը, թեպետ հնարավոր է՝ անունը լսած լինես, չգիտես՝ ինչ գործառույթներ ունի, ու ինչպես են այնտեղ կայացվում որոշումները: Բայց դու պետք է իմանաս, որ ՄԻԵԴ-ի՝ 2023թ. դեկտեմբերի 7-ին հրապարակած որոշումն ուղիղ կապ ունի ՔՈ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ:
Խնդիրը 4 դատավորների մասին չէ, նույնիսկ կարևոր չէ նրանց անունները, անձը, ոչ էլ նրանց աշխատանքի վերականգնելը, ինչպես իշխանական քարոզիչները կփորձեն ներկայացնել քեզ: Խնդիրը շատ ավելի խորքային է, որովհետև գործող ՔՊ-ական իշխանության կողմից ՍԴ-ի՝ 2020թ. հունիսին ՀՀ Սահմանադրության փոփոխության միջոցով զավթման օպերացիայից ու դրա շուրջ եվրոպական կառույցների մեռելային լռությունից պարզ է, որ հավաքական Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից լրջագույն ակնկալիքներ ունի:
Նույն 2020թ. օգոստոսի վերջին ՍԴ 4 դատավորները դիմեցին ՄԻԵԴ: Մեկ ամիս անց եղավ 44-օրյա պատերազմը, որի արդյունքներով հանձնվեց Արցախի Հանրապետության մեծ մասը:
Անցավ 3 տարի, հոսեցին շատ ջրեր, Արցախը հանձնվեց ամբողջությամբ ու հայաթափվեց, 120 000 մարդ բռնի տեղահանվեց իր բնօրրանից, պատմական հայրենիքից, թշնամին Հայաստանից շուրջ 300քկմ տարածք զավթեց:
Հիմա դրված է Հայաստանի լինելիության հարցը, խիստ սուր է դրված, որովհետև Հայաստանին հիմա պարտադրում են Ադրբեջանի հետ խաղաղության մի պայմանագիր կնքել, Ադրբեջանի կողմից պարտադրվող պայմանագիր, Ադրբեջանի կողմից գրված (Ալիևը «Եվրոնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ինքն է ասել, որ «Խաղաղության պայմանագրի» նախնական նախագիծն Ադրբեջանն է մշակել) ու Ադրբեջանի պահանջները ներառող պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի տարածքի զգալի մասն ադրբեջանական է, Հայաստան պիտի գան հարյուր-հազարավոր ադրբեջանցիներ՝ ապրելու, նրանց անվտանգությունն ապահովելու համար Հայաստանում պետք է ադրբեջանական իրավապահ մարմինների կամ միգուցե զինված ուժերի ծառայողները լինեն…
Ու այս ֆոնին Եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, շատ մեծ լավություն է անում ՀՀ վարչախմբին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին՝ նախ դուրս գալով Հռոմի ստատուտի ընդունման լավության տակից, ապա հետագա զիջումներից առաջ նրանց մի լավ «յուղելով»:
Հիմա պարզ է, չէ՞, ինչու ՍԴ դատավորների կողմից ՄԻԵԴ գանգատը տանելուց 3 տարի անց միայն ՄԻԵԴ-ը հասկացավ, որ իր քննության ենթակա գործ չէ: Ըստ էության՝ իր վրայից գցեց պատասխանատվությունը:
Սիրելի ընթերցող,
ՄԻԵԴ որոշումը մաքուր ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ է, որն ունենալու է երկսայրի բիզի էֆեկտը: Այսինքն՝ ՄԻԵԴ-ն իր դեկտեմբերի 7-ի որոշմամբ ասում է, որ երբ իշխանություն փոխվի, ու նոր իշխանությունը նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքներով ՍԴ ներկայիս կազմին կուղարկեն իրենց տները, ՄԻԵԴ-ն այդտեղ անելիք չի ունենալու: Սա ուղղակի արձանագրենք:
Չէ, այնպես չէ, որ սա ՄԻԵԴ-ի կայացրած միակ քաղաքական վճիռն է. այս կառույցը քաղաքական վճիռներ շատ է կայացրել, բայց նման աբսուրդային քաղաքական վճիռ ՄԻԵԴ-ից ուղղակի դժվար էր պատկերացնել: Հրապարակված ամբողջ տեքստը ոչ մի քննադատության չի դիմանում իրավական առումով: ՄԻԵԴ-ն ընդամենը փաստում է, որ քանի որ հեղափոխություն է տեղի ունեցել, 2020 թ. Սահմանադրության փոփոխության նպատակը լեգիտիմ նպատակ է: ՄԻԵԴ-ը տառացիորեն կրկնում է Վենետիկի հանձնաժողովի ասածը, և ոչ մի խախտում չի արձանագրում:
Եվս մեկ անգամ շեշտենք՝ սրա աշխարհաքաղաքական հետևանքը շատ պարզ է: ՄԻԵԴ-ի այսօրվա վճիռը վկայում է այն մասին, որ քաղաքակիրթ Եվրոպան չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանում գրված, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» վավերացման ժամանակ Սահմանադրական դատարանի լեգիտիմության նկատմամբ որևէ կասկածի նշույլ անգամ լինի: Ադրբեջանն է դա պահանջում, Փաշինյանի վարչախումբն Արևմուտքի աջակցությամբ կատարում է Ստամբուլի ու Բաքվի երազանքը: Նրանք իրենց վախերը չեն թաքցնում՝ բա որ Նիկոլ Փաշինյանին ազգային ուժերը հեռացնեն իշխանությունից ու ձևավորվի իսկապես ազգային իշխանություն, ի՞նչ են անելու: Ալիևին իրավական պինդ հիմքեր են պետք, որ այլևս հետդարձ չլինի: Պարզ է, չէ՞:
Այլապես իրենք գոնե պիտի ինչ-որ մի մասով, թեկուզ ինչ-որ մի փոքր մասով վերանայեին իրենց խայտառակ որոշումը: Դժվար է հավատալ, բայց ՄԻԵԴ-ում ուղղակի ասում են, որ դիմումը թույլատրելի չէ, այսինքն՝ ոչ թե, որ ըստ էության վճիռ են կայացրել, այլ իրենք որոշում են կայացրել, որ դիմումը թույլատրելի չէ, և այդ պարագայում անգամ վերանայման հնարավորություն չկա, որ, ասենք, հնարավոր լիներ դիմել Մեծ Պալատ կամ այլ ատյաններ:
Սիրելի ընթերցող,
Եթե վերանանք բարդ իրավաբանական ձևակերպումներից, դու պարտավոր ես իմանալ, որ այս որոշումը նշանակում է Հայաստանի գործող իշխանությունից նոր զիջումների երաշխիք ստանալ: Կոպիտ ասած՝ Եվրոպան, Շառլ Միշելի գլխավորությամբ, ասում է՝ Փաշինյան, դու հանգիստ հանձնիր Հայաստանը, ոչ մի խնդիր չունես, մնացածը մենք կապահովենք:
Պետք է պետություն ունենաս, որ ՍԴ ունենաս. մեր երկրի պետականությունն է վերանում, իսկ Արևմտյան Ադրբեջանում պետք չէ ոչ բանակ, ոչ ՍԴ, ոչ էլ որևէ այլ դատարան:
Հիմա հասկանալի է, չէ՞, Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ինչո՞ւ էին ԵԽ խորհրդարանականները հոտնկայս ծափահարում:
ՄԻԵԴ-ի որոշումը ցույց տվեց, որ այդ ծափահարությունները դեռ շարունակվում են: