Այսօր ՀՀ մեր հայրենակիցներն են կանգնած արցախահայության կողքին, բայց ոչ օրվա իշխանությունները. Դավիթ Գալստյան

Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը 24-ժամյա ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության և արցախահայության դեմ,  Արցախում քաղաքացիական անձինք էին սպանվում, այդ թվում՝ երեխաներ, գերեվարվում ու սպանվում էին կանայք:  Շրջափակված և ադրբեջանական  զինված ուժերի հարձակմանը  ենթարկված Արցախի  տարբեր գյուղերից  խաղաղ բնակիչներից շատերն են սպանվել իրենց բնակավայրերից փախչելու ժամանակ: Միայն Սառնաղբյուր գյուղում սպանվել է 5 երեխա։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, երկու օր չանցած՝ սեպտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իր գնահատական այն է, որ արցախահայությանն ուղիղ սպառնալիք Ադրբեջանի կողմից չկա։

Դեկտեմբերի 6-ին էլ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, ասաց, որ «արձագանքները, թե Հայաստանն Արցախին միայնակ է թողել՝ պարզապես երախտամոռություն է»։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը  Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանն այսպես արձագանքեց՝ Փաշինյանը ոչ թե Արցախին միայնակ է թողել միայն սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ժամանակ, այլ 2020 թվականի հոկտեմբերի սկզբից։

«Այսօր ՀՀ մեր հայրենակիցները կանգնած են արցախահայության կողքին, բայց ոչ օրվա իշխանությունները։ Հայաստանի իշխանությունն Արցախին միայնակ է թողել 2020 թվականի հոկտեմբերի սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց մեր մոբիլիզացիան՝ բանակի շարքերի համալրումը։ Նա հայտարարեց, թե տանն ով սաղավարտ ու զինվորական այլ պարագաներ ունի, վերցնեն, ջոկատներ կազմեն և գնան պաշտպանեն հայրենիքը։ Սա խոսում է այն մասին, որ այդ օրվանից ՀՀ իշխանությունը ոչ միայն միայնակ է թողել արցախահայությանը, այլև մեր բանակին, հայրենիքի սահմանների պաշտպանությունը՝ բանակի շարքերը չհամալրելով, սա էլ այն դեպքում, որ լավ գիտենք՝ պատերազմում են ոչ թե ժողովուրդները, այլ պետությունները, պետությունը չկանգնեց հայ ժողովրդի կողքին»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Կարդացեք նաև

Ըստ Դավիթ Գալստյանի, Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու համար իշխանամերձ որոշ արբանյակներ կխոսեն, որ ինչ-որ սոցիալական օգնություններ են տալիս, և այլն, բայց սոցիալական օգնություն տալով՝ երկիր չեն ղեկավարում։

Այն, որ Փաշինյանի և Ալիևի երեկ տարածած հայտարարությունում որևէ բառ չկար Արցախի ու արցախահայության մասին, ևս մեկ անգամ փաստում է, որ Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է և արցախահայերի ու Արցախի շահերը չի պաշտպանելու՝ մեկ անգամ չէ, որ այս ամենի մասին ասել են թե իրենք, և թե քաղաքական ու հասարակական այլ գործիչներ՝ Հայաստանից և Արցախից։

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չի կարող ներկայացնել արցախահայերի շահերը, սա ևս մեկ անգամ փաստում էր՝ հրաժարվել է  արցախահայերին որևէ կերպ օգնելուց։

Արցախի նախկին ղեկավարները՝ լինելով գերեվարված, ՀՀ իշխանությունը բառ անգամ չի խոսում այդ գերիների վերադարձի մասին։ Իսկ այն գերիները, որոնց մասին պայմանավորվել են, պետք է վերադարձվեին դեռ 2021 թվականին, բոլորս էլ հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ ներողություն էր խնդրում գերիներից, որ նրանք կարող են 2-3 ամիս էլ մնալ ադրբեջանական բանտերում, քանի որ հայրենիքի համար են այդ զրկանքները կրում։ Այն դեպքում, երբ արդեն 3 տարի է՝ այդ գերիները մնացել են առանց իրենց հարազատների։ Անկախ ամեն ինչից, գերիների վերադարձը ողջունելի է»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Հարցին՝ ստեղծված իրավիճակում ո՞վ պետք է բարձրացնի Արցախի ու արցախահայության հարցը, պատգամավորը պատասխանեց՝ եթե Արցախի պետական ինստիտուտները՝ Արցախի նախագահականը, ԱԺ-ն և մնացած այլ ինստիտուտները, չկարողանան ինքնուրույնաբար որոշում կայացնել և հարցը միջազգային հարթակներում բարձրացնել, իհարկե դա լինելու է Ադրբեջանի երազանքը։

«Համոզված եմ՝ արցախցին իր մեջ ուժ է գտնելու, այդ թվում՝ նաև մենք անձամբ, առաջ ենք տանելու բոլոր հասանելի հարթակներում Արցախի հարցը։ Այն հայտարարությունները, թե իբր Արցախը վտանգ է Հայաստանի համար՝ իրականության հետ որևէ աղերս չունեն։ Տեսել ենք, երբ կար Արցախի Հանրապետությունը՝ իր անառիկ սահմաններով, Հայաստանն անվտանգ էր, այսօր այդ սահմանները չկան, ՀՀ անվտանգությունը վտանգված է։ Փորձել քաղաքական շահի համար ասել, որ Արցախի ինստիտուտները վտանգ են Հայաստանի համար՝ պարզ մանիպուլյացիա է, որին, հուսամ, մեր հայրենակիցները չեն տրվելու»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս