Ինչու Ալիևն անսպասելիորեն նախագահական ընտրություններ նշանակեց․ Խաղաղության համաձայնագրի ստորագրումը հետաձգվո՞ւմ է
Այսօր անսպասելիորեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի կունենան: Դրանք, ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, կկայանան 2024 թվականի փետրվարի 7-ին: Ալիևն այսօր համապատասխան հրաման է ստորագրել։
Թե ինչու Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց արտահերթ ընտրություններ նշանակել, որևէ հստակ պատճառ չի նշվում, այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի ներքաղաքական կյանքում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման որևէ պատճառ չկար և չէր քննարկվում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 20 տարի ղեկավարող Ալիևը վերջին անգամ ընտրվել էր 2018-ի ապրիլին՝ 7 տարի ժամկետով: Այդ ընտրությունները նույնպես արտահերթ էին: Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003 թվականին, այնուհետև երկու անգամ Սահմանադրություն է փոխել։ Նա վերացրել է երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, այսինքն՝ միջինասիական երկրների պես՝ Ադրբեջանում նախագահը ընտրվում է ցմահ:
168․am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Ալիևի անակնկալ որոշումն ամենայն հավանականությամբ կապ ունի ռեգիոնալ զարգացումների և մասնավորապես Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հետ։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս որոշումը հայտարարվեց ԱՄՆ փոխպետքարտուղար Օ’Բրայենի Ադրբեջան կատարած այցի ֆոնին, որը, ըստ ամենայնի, պատահական չէ։
«Այս որոշումն ունի մի քանի պատճառ։ Մեկը, իմ համոզմամբ, կապ ունի բանակցությունների ու Արևմուտքի և, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ։ Ադրբեջանական մամուլը վերլուծելիս կարելի է տեսնել, թե ինչ են ակնկալում Ադրբեջանում ԱՄՆ ընտրություններից, որոնք սպասվում են հաջորդ տարվա նոյեմբեր ամսին, սակայն ԱՄՆ քաղաքական շրջանակներին զբաղեցնելու են հաջորդ տարվա առաջին ամիսներից սկսած։
ԱՄՆ-ում ակնկալում են, որ Ջո Բայդենը հեռանալու է, մեծ սպասումներ կան այդ ուղղությամբ, քանի որ կա ընկալում, որ այս վարչակազմը լուրջ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինչը նշանակում է, որ այս վարչակազմի միջնորդությամբ բանակցելը և ինչ-որ փաստաթուղթ ստորագրելը Ադրբեջանը դիտարկում է՝ որպես ՀՀ շահերից բխող բան, ինչը, չեմ կարծում, թե այդպես է, այնուամենայնիվ, ընկալումն այդպիսին է։ Ուստի ընտրություններ նշանակելով փետրվարի սկզբին՝ Ադրբեջանն իրեն ազատում է մինչև փետրվար գործընկերների հետ բանակցելու վերաբերյալ խոսակցությունից։ Սրանով Ադրբեջանն իրեն անկախ կարգավիճակ է ապահովում, եթե ցանկանա՝ կբանակցի և ինչ-որ համաձայնության կգա Հայաստանի հետ՝ առանց ԱՄՆ-ի, իսկ եթե՝ ոչ, ապա ունի պատճառաբանություն՝ զբաղվում է ներքաղաքական հարցերով, որից հետո միայն կվերադառնա բանակցություններին»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, Օ’Բրայենի այցի ընթացքում հենց այդ հարցերն են քննարկվել, թե երբ ու ինչ պայմաններով է Ադրբեջանը պատրաստվում Խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ։
«Միացյալ Նահանգներին նաև անհանգստացնում է այն, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ դիտարկում է Իրանի տարածքով։ Այս մասին ևս Իլհամ Ալիևը արտահայտվեց՝ նշելով, որ ԱՄՆ-ը միջամտում է Ադրբեջան-Իրան հարաբերություններին և ուղերձ է հղել Ադրբեջանին, որ նման երթուղի թույլ չեն տա, և ԱՄՆ-ի համար նախընտրելի է հայկական երթուղին Նախիջևան-Ադրբեջան կապն ապահովելու համար։
Դիվանագիտական հայտարարություններն Օ’Բրայենի այցի ընթացքում դրական տոնայնության ոգով էին, որոշ փոխըմբռնում եղավ, փոխայցերը վերականգնվեցին, սակայն կարծում եմ՝ Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել սպասել ԱՄՆ նոր վարչակազմին։ Եվ այս որոշումն այդ նպատակն ունի, ժամանակ շահել մինչ ԱՄՆ-ում ընտրական փուլը»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Մյուս պատճառը, նրա կարծիքով, այն է, որ Ալիևը ռեգիոնալ հարթակում իր ձեռքբերումները փորձում է ամրագրել՝ ընտրություններում ստանալով քվեների ճնշող մեծամասնությունը՝ դրանով իսկ ստանալով լեգիտիմություն նաև Արևմուտքի համար։
«Ընտրությունները նախատեսված էին մեկ տարի անց, դիտարկումն այն է, որ ամենայն հավանականությամբ, Ալիևը կստանա լեգիտիմության նոր, հավելյալ պաշար և իրեն ավելի վստահ կզգա միջազգային ասպարեզում և երկրի ներսում Հայաստանի հետ որևէ համաձայնագիր ստորագրելուց առաջ։
Երկրի ներսում նրա իշխանությանը որևէ լուրջ բան չէր սպառնում հատկապես վերջին տարիների իրադարձություններից հետո, սակայն արտաքին ճակատում Ալիևը փորձում է այս ընտրություններով որոշ մարտահրավերներ վերացնել»,- ասաց նա։
Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ լուրջ բանակցություններ երևի թե տեղի կունենան փենտրվարից հետո։
«Այդ ժամանակ Ալիևն իրեն ավելի վստահ կզգա և՛ ներսում, և՛ դրսում, ինչպես նաև ԱՄՆ-ը կսկսի զբաղված լինել ներքին հարցերով և այդքան մեծ ներգրավվածություն չի ունենա»,- ասաց նա։