
Սեյշելյան կղզիներում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ հայտարարվել է արտակարգ դրություն

Սեյշելյան կղզիներում պայթուցիկների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որն ավերել է շենքեր և հսկայական վնաս հասցրել գլխավոր Մաե կղզու արդյունաբերական գոտուն։ Սեյշելների Հանրապետության նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։
Ըստ նախագահի գրասենյակի՝ արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունվել ինչպես պայթյունի հասցրած հսկայական վնասների, այնպես էլ լուրջ ավերածություններ առաջացրած հեղեղումների պատճառով։
«Բոլորին խնդրում ենք մնալ տանը։ Բոլոր դպրոցները կփակվեն։ Թույլ կտրվի միայն հիմնական ծառայությունների ոլորտի աշխատողների և ճանապարհորդող մարդկանց ազատ տեղաշարժը», – նշել են նախագահի գրասենյակում։
CNN-ը հաղորդում է, որ պայթյունի հետևանքով առնվազն 100 մարդ է վիրավորվել, իսկ հեղեղները 2 մարդու մահվան պատճառ են դարձել։
Սեյշելյան կղզեխումբը բաղկացած է մոտ 115 կղզիներից և Աֆրիկայի ամենաքիչ բնակեցված երկիրն է՝ մոտ 100 000 բնակչությամբ։