Ալիևն ու Փաշինյանը Հայաստանը հանել են ատեստավորման. կամ նրանք «կկտրվեն», կամ Հայաստանն ու ուժային կառույցները
Դեկտեմբերի 5-ին ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը տեսանյութ էր տարածել, որ գաղտնի այց է կատարել Երևան, այցելել Կոմիտաս, Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ գտնվող շենքերից մեկը, որտեղ, ըստ նրա՝ ծնվել և մեծացել է։
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա նշել էր, որ անցնելով բոլոր անցակետերը՝ Հայաստան է հասել առանց որևէ անձնագրի: Ավելին, նա վարկաբեկող արտահայտություններ էր արել ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին, թե «արդյունավետությունը զրոյական է»: Իհարկե, ադրբեջանական տեսանյութը հարցեր առաջացրեց հենց սկզբից, ըստ այդմ՝ ավելի ուշ և՛ մեր լրատվամիջոցը, և՛ այլ լրատվամիջոցներ ոչ միայն գրավոր հարցում ուղարկեցին ՀՀ ԱԱԾ, այլ նաև եղան, այսպես ասած, դեպքի վայրում, քանի որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից չկար ոչ մի արձագանք: ԱԱԾ-ից պարզաբանում եղավ միայն դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ի սահմաններում:
«Ադրբեջանի փորձագիտական շրջանակներում որպես ռազմական փորձագետ և հայագետ ներկայացող, հայտնի և «լուրջ մասնագետ» Թելման Գասիմովի՝ դեկտեմբերի 5-ին տարածած տեսագրության վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին երկքաղաքացի «Ա. Ք.»-ից, ով տեսագրել է շենքը, որտեղ «ծնվել և մեծացել է» Թ.Գասիմովը և ուղարկել նրան:
Սակայն Թ.Գասիմովը 6 տարի անց այդ տեսանյութի մոնտաժման եղանակով՝ տեսագրությանն ավելացնելով իր ձայնը, էժանագին քարոզչությամբ փորձում է հայ հասարակության մեջ տարածել խուճապային տրամադրություններ և դրանով իր «կշիռը» բարձրացնել ադրբեջանական լսարանում»,- նշվում է Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Այնուհետև շարունակվում է. «Կոչ ենք անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից: ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում ենք զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար: ՀՀ ԱԱԾ-ն հավաստիացնում է, որ օպերատիվ իրավիճակը տարբեր ուղղություններով գտնվում է լիարժեք վերահսկողության տակ»:
ԱԱԾ-ին նախ պետք է հիշեցնել, որ Ադրբեջանը միջնորդավորված և ոչ միջնորդավորված նկարահանումներ է արել և հաղորդումներ պատրաստել թե՛ Երևանի Կոնդ թաղամասի, և թե՛ Սյունիքի մասին, որոնք ցուցադրվել են Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ, և սրանք չեն եղել նախկինների օրոք: Եվ չի բացառվում, որ դեռ կան իշխանափոխությունից հետո արված նկարահանումներ, որոնց մասին տեղյակ էլ չենք: Ի դեպ, ԱԱԾ հաղորդագրությունից պարզ չէ՝ երկքաղաքացի Ա. Ք.-ն որևէ պատասխանատվության ենթարկվե՞լ է:
Երկրորդ, չմոռանանք նաև 2023 թվականի ապրիլին Սյունիքի մարզ ներթափանցած ադրբեջանցիներին, որոնք մտել էին Սիսիանի Բնունիս գյուղ, թակել համայնքի բնակիչներից մեկի դուռը, նրանցից մեկը նույնիսկ մարդ էր սպանել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին: Իսկ ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին ՀՀ ԱԱԾ-ն չէր, որ հայտնաբերել էր, այլ տեղի բնակիչները: Ավելին, 168.am-ը գրել էր, որ 2018-ին պետական դավաճանություն կատարած անձը 2020-ին հայտնվել էր պատերազմի դաշտում, ինչպե՞ս, ԱԱԾ-ն այդպես էլ չպատասխանեց, բայցև չէր հերքվել: Էլ չասենք, որ աղմուկ-աղաղակով, շոուներով զինվորականության շրջանում մարդկանց պետական դավաճանության մեջ են մեղադրել, հետո որոշ դեպքերում այդ մարդիկ արդարացվել են: Այս շարքը կարելի է լրացնել:
Եվ հիմա ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ ԶԼՄ-ներին և ազգաբնակչությանը հորդորում է «զերծ մնալ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող և չստուգված, հերյուրանքներ պարունակող տվյալներն ու նյութերը հրապարակելուց՝ հասարակության շրջանում անհարկի լարվածություն և խուճապ չառաջացնելու համար»:
Այո, ադրբեջանական թեզերը չպետք է գեներացնել հայկական հարթակներում, մյուս կողմից, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանություններն են բարձր ամբիոններից տարածում դրանք, ավելին, ցավով պետք է նշել, որ լինում են դեպքեր, երբ ադրբեջանական և հայկական իշխանական լրատվամիջոցների «հավաստի աղբյուրներն» իրար չեն հակասում, նույնիսկ՝ սինխրոն են աշխատում:
Ինչ վերաբերում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարկաբեկմանը և հեղինակազրկմանը, նրանց ծառայության արդյունավետությունը կասկածի տակ դնելուն, ապա դա 2018 թվականից հետո հենց Նիկոլ Փաշինյանն է անում:
Մասնավորապես, 2021 թվականին մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ՝ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական»: Ըստ նրա, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ:
«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,- 2021 թվականի ապրիլին ԱԺ-ում հայտարարել էր Փաշինյանն ու հավելել, թե սա ապացուցող փաստեր նույնպես կան:
Արդյոք չի՞ ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրում էր կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ՝ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ:
Մինչդեռ, եթե տվյալ դեպքում անվտանգային կառույցն իր առաքելության մեջ թերացել էր, ապա դրանում մեղքի իր բաժինն ունի նախևառաջ հենց Նիկոլ Փաշինյանը, ով ԱԱԾ-ին իշխանության եկած օրվանից «զբաղեցնում» է ամեն ինչով, բացի անվտանգային հարցերից: Օրինակ, ԱԱԾ-ին հանձնարարում էր գնալ ու «սատանա բռնել», ԱԱԾ տնօրենին հրահանգում էր գնալ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգել, նախկին իշխանություններին հետապնդել, իր թիմակից նախարարներին ու այլ պաշտոնյաների սենյակներում ժուչոկներ դնել, ընդդիմադիր գործիչներին ապօրինի գաղտնալսել, իր անձնական անվտանգությունն ապահովել: Սա հաստատել էր նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը սատանա գտնելու փոխարեն՝ հանձնարարեր, որ ԱԱԾ-ն «Բայրաքթարների» կիրառման մասին տեղեկություններ հավաքեր, դրա դեմն առներ, այս արհավիրքը չէր լինի»,- 2020 թվականի նոյեմբերի վերջին լրագրողների հետ զրույցում ասել էր նա:
Ի դեպ, մինչև հիմա չգիտենք, թե ինչո՞ւ ԱԱԾ պետի պաշտոնից 2020-ի հոկտեմբերի 8-ին ազատվեց Արգիշտի Քյարամյանը, որն այդ պաշտոնը ստանձնել էր նույն թվականի հունիսի 8-ին: Փաստ է, որ Քյարամյանի «ծառայությունները» Փաշինյանին պետք են ՀՀ քննչական կոմիտեում:
Երկրի անվտանգության ապահովման երաշխիքն ուժային կառույցներն են՝ ԱԱԾ, ՀՀ զինված ուժեր, Ոստիկանություն: Դրա համար Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց անմիջապես ամենատարբեր ձևով թիրախավորեց հենց ուժային կառույցները՝ դիմադրողականության թուլացումից մինչև վարկաբեկում և հանրության շրջանում նրանց նկատմամբ վստահության անկում, ինչը նրան հաջողվեց, իսկ ուժային կառույցների դեմ այս գործողությունները դեռ շարունակվում են, ինչո՞ւ չէ՝ նաև հենց նրանց իսկ մեղքով նաև:
Վերադառնանք ադրբեջանական տեսանյութին և հավելենք, որ Բաքվում ծնված իշխանական պատգամավոր, ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում այդ առնչությամբ, մասնավորապես, գրել էր.
«Հարգելի ընկերներ, առավոտ կանուխ զուտ տեղեկացնում եմ, որ այսօր էլ օրվա ընթացքում զբաղմունք ունենաք, սենց բան անելը աշխարհի վերջը չէ, որ համացանցում իրար տաք, սենց տեսանյութերը համացանցում լիքն են:
Տեսանյութը նկարահանել է Բաքվի մեր կողքի շենքի հարևան Արտյոմը: Ի դեպ, տեսանյութի սկզբից, երբ Լենինի պրոսպեկտից մտնում է առաջին բակ, խորքում հինգ հարկանի շենքը մերն է, հասցեն Լենինի պրոսպեկտ շենք 90: Չեմ հոգնի կրկնել, եղեք՝ սթափ, զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն: Այսքանը»:
Այսինքն, ըստ ՔՊ-ական պատգամավորի, պետք է սառնասրտորեն նայել ադրբեջանական հակահայ կերպարների ելումուտերին մեր երկիր: Ի դեպ, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն» հ/կ-ն, որի նախագահը Վիլեն Գաբրիելյանն է, բարձր էր գնահատել հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած Հայաստան-Ֆրանսիա-Գերմանիա-ԵՄ քառակողմ հանդիպման արդյունքում քառակողմ հայտարարության մեջ փախստականների վերադարձի իրավունքի մատնանշումը:
«Մասնավորապես հետևյալը. փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները։
Մենք վերահաստատում ենք մեր այն պահանջը, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը պետք է հնարավորություն ունենա միջազգային ամուր և վստահելի երաշխիքների պայմաններում վերադառնալու իր բնակության նախնական վայր, և հավելում ենք, որ այս իրավունքը պետք է տարածվի նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքից 1988-1992թթ․ բռնի տեղահանված հայության նկատմամբ նույնպես։ Մենք՝ որպես ադրբեջանական ագրեսիան վերապրածներ, լավ ենք գիտակցում մեր վերադարձի կարևորությունը թե՛ հայկական մշակութային միջավայրի պաշտպանության և վերականգնման, թե՛ միջազգային իրավունքի կիրառականության, հեղինակության ապահովման տեսանկյունից, ինչը կարող է վերածվել ապագայում նման երևույթները կանխարգելելու լրջագույն կռվանի։
Ուստի կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ազդեցիկ երկրներին, միջազգային կազմակերպություններին և հեղինակավոր մարդասիրական ու իրավապաշտպան կառույցներին մեծացնել ջանքերը ուղղելու մեկհարյուրամյա թերացումը և նպաստելու թե՛ Լեռնային Ղարաբաղից 2020-2023թթ․, թե՛ Ադրբեջանի տարածքից 1988-1992թթ․ տեղահանվածների և ունեզրկվածների իրավունքների ամբողջական վերականգնմանը, պատմական արդարության և մարդկային արժանապատվության ապահովմանը»:
Այն, որ պետք է միջազգային հանրությանը հակադարձել Բաքվի հայկական ջարդերի և դրանից հետո ցեղասպանական այլ գործողությունների փաստերով, անվիճելի է: Հարցն այն է՝ Ալիևը կարող է միջազգային հանրությանը վստահեցնել, որ կապահովի հայերի անվտանգությունը Բաքվում և օկուպացված Արցախում, բայց արդյո՞ք նա դա անելու է, փոխարենը՝ նա պահանջելու է և հասնելու ադրբեջանցի փախստականների վերադարձին Հայաստան:
Ավելին, Ադրբեջանում արդեն քննարկում են «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի շահառուների երկքաղաքացիության հարցը, որ նրանք ունենան և՛ Ադրբեջանի, և՛ ՀՀ քաղաքացիություն: Այսինքն, ՀՀ ուժային կառույցներին և ՀՀ քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» դեռ շատ բարդ փորձությունների է ենթարկելու:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է նաև, թե պատրաստ են ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով, և դա հենց ՀՀ ԱԱԾ-ին էր հանձնարարել:
Ի դեպ, Ադրբեջանը՝ ի դեմս իր ռազմական փորձագետի, երեկ փորձեց հեղինակազրկել գեներալ-մայոր Արմեն Աբազյանի ղեկավարած ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն, լուսանկարներ և տեսանյութ էր տարածել, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից և կրակային պատրաստության ստուգարք: Լուսանկարներում հատկապես ուշադրություն գրավեց ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր, ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հայացքը, կերպարը՝ մրսած, մտահոգ, լուռ գոռոց… Այնքան ասելիք կար նրա հայացքում, իսկ նա բավականին խիստ և ձիգ հրամանատար է, բայց կանգնել էր…
Հայաստանն էլ մի ժամանակ ձիգ էր, ուժեղ, տարածաշրջանում ամենամարտունակ բանակի համբավ ունեցող, որը թշնամուն լավ կամ վատ կարողանում էր խաղաղություն պարտադրել և պահել հայկական երկու պետություն, իսկ հիմա…
Այսինքն, Հայաստանը՝ ի դեմս ՀՀ ազգային հերոս Գարեգին Պողոսյանի, Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հանել են ատեստավորման, կամ իրենք կկտրվեն, կամ Հայաստանն ու ՀՀ ազգային հերոսներն ու գեներալները, ՀՀ զինված ուժերը… Ալիևի պահանջն է Փաշինյանին՝ ամուր երաշխիքներ տալ, որ ՀՀ-ում ռևանշիզմի որևէ փորձ չի լինի…