Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկի» առաջին հյուրը. ադրբեջանցի «Երևանցի Թելմանը» գաղտնի այցելել է Երևան՝ Կոմիտաս, և վերադարձել
Ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, որ գաղտնի այց է կատարել Երևան, այցելել Կոմիտաս, Շիրվանզադեի անվան դպրոցի մոտ գտնվող շենքերից մեկը, որտեղ, ըստ նրա՝ ծնվել և մեծացել է։
«Ես դա արեցի, եղա այնտեղ 35 տարի հետո: Կարելի է ասել, որ ես առաջին ծիծեռնակը դարձա խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մեր ծրագրի իրականացման: Ես վերադարձա իմ «հայրենիքը»»,- ադրբեջանական Minval.az-ին պատմել է նա՝ նշելով, որ տեղի բնակիչներից ոչ ոք չի իմացել իր այցի մասին, նա այնտեղ է գնացել և հետո վերադարձել հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ:
«Ես սրանով ապացուցեցի Հայաստանի կառավարությանը, որ իր սահմանները շատ վատ են պաշտպանվում և պահպանվում, որ անվտանգության ծառայությունների արդյունավետությունը զրոյական է: Այսինքն, ես ցույց տվեցի, որ որպես պետություն՝ Հայաստանը գոյություն չունի: Եթե ես գնացել և վերադարձել եմ, նշանակում է՝ ադրբեջանցիների վերադարձը ժամանակի հարց է»,- մանրամասնել է ադրբեջանցի ռազմական փորձագետը:
Կայքը գրում է, որ Թելման Գասիմովն անցնելով բոլոր անցակետերը՝ Հայաստան է հասել առանց որևէ անձնագրի:
Հիմա ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կամ պետք է համաձայնի ադրբեջանական գնահատականի հետ և պատասխանի՝ ինչպես է պատահել, որ չեն իմացել, և նա կարողացել է հանգիստ գալ Հայաստան և գնալ, կամ գուցե լավ էլ իմացել և հենց մեր ԱԱԾ ներկայացուցիչներն են ուղեկցել նրան:
Երկու դեպքում էլ գործ ունենք վտանգավոր իրավիճակի հետ:
Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե պատրաստ են ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջшնցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով, և դա հենց ՀՀ ԱԱԾ-ին է հանձնարարել: Մինչև ԱԱԾ-ից արձագանքը, հիշեցնենք, 168.am-ը գրել էր, որ «Երևանցի Թելմանը», որը Ֆեյսբուքում հանդես էր գալիս Иреван Агрыдаг անվան տակ, Լաչինի միջանցքը փակող ակտիվիստների շարքում էր:
Ի դեպ, այդ միտինգների ժամանակ էլ նա հայերեն էր նաև խոսում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա պահեստազորի սպա է:
Ավելին, նա լուսանկարներ ունի նաև 2004 թվականին Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և հետո Ադրբեջանում հերոսացված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի հետ: