Իրանցի փորձագետը կարևորում է գիտական դիվանագիտությունը խաղաղության կերտման գործում
Իրանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի միջազգային հարցերով խորհրդական Ալիրեզա Քուհքանի համոզմամբ՝ խաղաղության կերտման կարևորագույն գործիք կարող են հանդիսանալ գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։
Հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ դեկտեմբերի 4-ին Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով համաժողովում, իրանցի փորձագետն անդրադառնալով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանում խաղաղություն կերտելու հեռանկարներին, կարևորեց սոցիալական կապերի ամրապնդումը, մարդկանց միջև հարաբերությունների, փոխվստահության զարգացումը, ինչին հասնելու կարևորագույն գործիքը նա համարում է գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։
«Խաղաղության խաչմերուկը» ֆիզիկական միջանցքներից վեր դասվող գաղափարախոսություն է, որին հասնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև գիտական դիվանագիտության և սոցիալական փոխկապակցվածության հնարավորությունները՝ որպես համակողմանի արահետներ դեպի ներդաշնակության ու փոխըմբռնման խթանում»,-համոզմունք հայտնեց նա՝ հավելելով, որ թեև գիտությունն ու խաղաղությունը հաճախ չեն արծարծվում նույն համատեքստում, սակայն գիտությունը կարող է կենսական դեր խաղալ և պայմաններ ստեղծել խաղաղության կերտման ճանապարհին։
«Նոր առաջացող հակամարտությունների դարաշրջանում անհրաժեշտ է ընդգրկել գիտական համայնքին այս գործընթացում՝ վստահ լինելով, որ վերջինս կարձագանքի մեր բազմաշերտ մարտահրավերներին՝ օգնելով հաղթահարել դրանք»,-պարզաբանեց փորձագետը՝ մանրամասնելով, որ ասվածը վերաբերում է գիտական դիվանագիտության ու փոխգործակցության օգտագործմանն ազգերի միջև ընդհանուր խնդիրների կարգավորման և կառուցողական միջազգային գործընկերություն ձևավորելու համար։
Անդրադառնալով տարածաշրջանում այդ առումով առկա գործիքներին ու հնարավորություններին, նա դրանցից առաջինը նշեց ուսանողների ներգրավումն ու փոխանակումը՝ հավաստիացնելով, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել ուսանողների։
Երկրորդ ուղղությունը, ըստ բանախոսի, փոխանակման ծրագրերի իրականացումն է, այդ թվում՝ ակադեմիական, վարչական, գիտական հաստատությունների անձնակազմերի ընդգրկմամբ։
«Խոսքը վերաբերում է համատեղ ծրագրերի իրականացմանը, հրապարակումներին։ Սա իրապես հնարավոր է և բարենպաստ միջավայր կա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի համալսարանների համար։ Այստեղ ընդգրկված են հնարավորություններ ուսումնառության, փորձի փոխանակման,փոխգործակցային գիտական գործունեության, ինչպես նաև գիտատեխնիկական աշխատանքի արդյունքներով, բացահայտումներով կիսվելու տեսանկյունից»,-ընդհանրացրեց Ալիրեզա Քուհքանը։